«Մի քանի խզբզոցից արդեն պարզ է դառնում, թե ինչ կերպար եմ ուզում ստանալ» (լուսանկարներ)
168.am-ի զրուցակիցն իլյուստրատոր Արա Պողոսյանն է:
– Արա, որքա՞ն ժամանակ է, որ իլյուստրացիայով եք զբաղվում: Ինչո՞վ գրավեց Ձեզ այդ աշխարհը, աշխատանքը:
– Դեռ մանկուց նկարչությամբ զբաղվելու ցանկություն եմ ունեցել: Հորս, մեծ եղբորս հետևելով, ովքեր ևս նկարչությամբ են զբաղվում, նկարչության նկատմամբ հետաքրքրությունս ավելի մեծացավ: Բացի այդ, փոքր հասակում տարբեր մուլտֆիլմեր նայելիս միշտ մտածել եմ, որ մի օր ես էլ նման կերպարներ կստեղծեմ:
– Ձեզ համար իլյուստրացիան հիմնակա՞ն մասնագիտություն է, թե՞ հոբբի:
– Սկզբնական շրջանում որպես հոբբի էի դիտարկում, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ հենց այդ գործով եմ ուզում զբաղվել ու մասնագիտորեն հմտանալ:
– Կհիշեք՝ ինչպե՞ս ստեղծվեց Ձեր արած առաջին իլյուստրացիան:
– Անկեղծ ասած դժվարանում եմ մտաբերել (ժպտում է.- Գ.Ա.):
– Լավ, իսկ ինչո՞ւ որոշեցիք, այսպես ասած, համակարգիչը Ձեր նյութը, գործիքը դարձնել:
– Մոտ 6-7 տարի առաջ ձեռք բերեցի գրաֆիկական պլանշետ՝ հասկանալով, որ դա ավելի կհետաքրքրացնի ու կհեշտացնի իմ աշխատանքը: Այդ ժամանակվանից էլ արվեստս տեղափոխեցի նաև համակարգչային հարթություն: Կիբերաշխարհում դինամիկան ուրիշ է, հնարավորությունները՝ գրեթե անսահման, սկսած նրանից, որ այնտեղ ներկը կամ կտավը չեն կարող «վերջանալ»:
– Կպատմե՞ք իլյուստրացիայի ստեղծման գործընթացը:
– Դե, իլյուստրացիայի ծնունդը մի քիչ նման է մարդու ծնունդին (ժպտում է.- Գ.Ա.): Սկզբից ներշնչանքն է` որոշումը, միտքը, հետո՝ էսքիզը՝ էմբրիոնը, որն աստիճանաբար զարգանում է, «սնվում» գույներով ու ծնվում:
– Կա՞ մի իլյուստրատոր, ում աշխատանքները շատ եք հավանում:
– Դժվարանում եմ կոնկրետ որևէ մեկին առանձնացնել: Մերոնցից հետաքրքիր եմ համարում Արման Հակոբյանի աշխատանքները , ում կերպարները մեծ մասամբ համակարգչային խաղերի հերոսներ են: Հետաքրքիր են Mick Coulas-ի և Serge Biraulti-ի իլյուստրացիաները, ովքեր միշտ կարողանում են իրենց ստեղծած կերպարները յուրօրինակ, աչքի ընկնող ոճով ներկայացնել:
– Ձեր կարծիքով` որո՞նք են Ձեր աշխատանքի դրական ու բացասական կողմերը:
– Աշխատանքին վերաբերող որևէ բացասական բան նշել չեմ կարող: Ինձ համար սա ոչ միօրինակ, ազատ ստեղծագործելու հնարավորություն տվող, ինչո՞ւ չէ՝ նաև զվարճալի աշխատանք է:
– Իլյուստրատորի աշխատանքի դժվարությունն ինչո՞ւմ է կայանում:
– Երբ աշխատում ես թիմում, կարևոր է հասկանալ այն մարդկանց «լեզուն», ում հետ զարգացնում ես գաղափարը, կերպարը: Դժվարություն կարող է ծագել այն ժամանակ, երբ այդ փոխըմբռնումը չկա: Նյարդայնացնող հանգամանք կարելի է համարել նաև այն, երբ պատվիրատուն չափազանց շատ է միջամտում տեխնիկական մանրամասներին, որոնցից տեղյակ չէ: Սա անդրադառնում է աշխատանքի որակի վրա, բայց երբեմն դժվար է մարդկանց այս ամենը բացատրել: Դա նույնն է, ոնց որ ես գնամ փորձառու հացթուխի մոտ ու անընդհատ խառնվեմ նրա գործին՝ ասելով, որ ալյուրը շատ է լցրել կամ շաքարավազը՝ քիչ: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի:
– Կթվարկե՞ք մի քանի հատկանիշներ, որոնք պետք է, ըստ Ձեզ, իլյուստրատորն ունենա:
– Ցանկություն, նկարչական հմտություն, ստեղծագործ միտք, երևակայություն: Ու ներշնչանքի աղբյուրներ, իհարկե:
– Ինչպե՞ս եք ընտրում հաջորդ իլյուստրացիայի թեմատիկան կամ օբյեկտը:
– Իրականում հազվադեպ է լինում, որ թեմատիկան նախօրոք եմ ընտրում: Հիմնականում միտքը ծագում է այն պահին, երբ գրիչն արդեն ձեռքիս է լինում… մի քանի խզբզոցից արդեն պարզ է դառնում, թե ինչ կերպար եմ ուզում ստանալ և ինչ լուծումներով:
– Իսկ ինչո՞վ պետք է մարդը գրավի Ձեզ, որ անդրադառնաք նրան:
– Դա կարող է լինել ինչ-որ տարբերվող հատկանիշ, բնավորության գիծ, յուրօրինակ արտաքին, որը նկարում հնարավոր կլինի հետաքրքիր ձևով ներկայացնել:
– Հայտնի մարդկանց էլ եք անդրադառնում, այդ թվում՝ քաղաքական գործիչների, երաժիշտների և այլոց: Օրինակ` հետաքրքիր է, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
– Հայտնի մարդկանց հազվադեպ եմ անդրադառնում: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա իլյուստրացիային քաղաքական երանգներ տալ պետք չէ: Պարզապես նրա անձը շատ քննարկվող էր այդ ժամանակահատվածում, և ես որոշեցի իմ տեսանկյունից նրան ներկայացնել:
– Որքան տեղյակ եմ՝ երբևէ Ձեր աշխատանքները չեք ցուցադրել, ինչո՞վ է դա պայմանավորված: Առաջիկայում մտադրություն չկա՞:
– Ցուցահանդես ունենալու մտադրություն ունեմ, սակայն այդ ուղղությամբ դեռ որոշ անելիքներ կան, իսկ մինչ այդ հանրությանը աշխատանքներս այլ կերպ եմ ներկայացնում՝ Facebook սոցիալական ցանցում իմ Drawmycartoon էջի և Drawmycartoon.com կայքի միջոցով, որտեղ հաճախակի թարմացնում եմ պորտֆոլիոս:
– Կա՞ մի աշխատանք, որն ամենից շատ եք սիրում և ամենաշատն եք դրանով հպարտանում: Կպատմե՞ք դրա ստեղծման պատմությունը:
– Կոնկրետ որևէ մեկը դժվար է առանձնացնել: Ինձ համար թանկ են «Մուլտիշոկ» մանկական ամսագրի խմբագրությունում աշխատանքիս ընթացքում ստեղծած որոշ իլյուստրացիաներ, որոնք իմ ու ընկերներիս համատեղ աշխատանքի արդյունքն են: Դրանց շարքում հատկապես ամսագրի շապիկներն եմ առանձնացնում, որոնք ստանալու համար մեծ ծավալի աշխատանք էր պահանջվում:
– Ձեր աշխատանքները վաճառո՞ւմ եք:
– Հիմնականում լինում են ծաղրանկարների պատվերներ: Մարդկանց հետաքրքիր է իրենց կամ իրենց մտերիմներին զվարճալի կերպարանքով տեսնել:
– Առաջիկայում ինչ-որ ծրագրեր կա՞ն:
– Այժմ ուսումնասիրում եմ նոր համակարգչային ծրագրեր` գիտելիքներս կատարելագործելու և արդեն անիմացիոն ոլորտում ներկայանալու նպատակով: