
Շքեղության հարկի ներդրումը սխալ է. Արեգ Ղուկասյան

«Շքեղության հարկի ներդրումը սխալ է, դա չբերեց առանձնապես բյուջեի ավելացմանը, և մարդիկ սկեցին ավելի քիչ շքեղ մեքենաներ բերել Հայաստան, քան նախկինում»,- նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանը:
Հարցին՝ ի՞նչ արդյունք կտա անշարժ գույքի վրա շքեղության հարկի կիրառումը, Ա.Ղուկասյանը պատասխանեց, որ նույն արդյունքը կլինի: Ըստ նրա՝ անշարժ գույքի նկատմամբ սխալ է այս հարկատեսակը կիրառելը, որովհետև մարդիկ շքեղ առանձնատներ վաղուց ունեն. «Եթե մարդն իր առանձնատունը կառուցել է 60-ական, 80-ական թվականներին, հիմա էլ կարող է հնարավորություն չունեն նման հարկեր մուծել: Այնպես որ, միաշանակ չէ, և պետք է 7 անգամ չափել, 1 անգամ կտրել»:
Նշենք, որ երեկ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա նախանշել գույքահարկի հարկման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները։ Գույքային հարկերի համակարգի հետագա կատարելագործման արդյունքում բարձրարժեք գույքը կհարկվի համարժեք` ավելի բարձր դրույքաչափերով, կստեղծվի անշարժ գույքի պաշարների ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հարկման արդարացիությունը։