Հայաստանը պատրաստվում է աշնանը Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը. ԱԳՆ մամուլի խոսնակ
Հայաստանում ներքաղաքական զարգացումների պասիվացման ֆոնին գնալով ակտիվանում են քննարկումները աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես միջազգային ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Հարցը կարևորվում է այն առումով, որ ՀՀ-ն ստացել է առաջարկներ երկու միջազգային կենտրոններից՝ Եվրոպական միությունից և Ռուսաստանից: Առաջինի դեպքում խոսքը գնում է Ասոցացման համաձայնագրի ստորագրման, իսկ երկրորդ դեպքում` Եվրասիական տնտեսական միության անդամակցելու մասին:
Թե որքանո՞վ են այս երկու գործընթացները հակասում միմյանց, կամ այս երկու կառույցներից որն է Հայաստանի համար ավելի իրական և շահավետ` տնտեսական և քաղաքական տեսանկյուններից, քննարկման այլ հարց է: Փորձենք անդրադառնալ այս երկու գործընթացներից մեկին` եվրոպականին:
Այս գործընթացն իրականացվում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում: Արդեն այս տարվա նոյեմբերին` Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, կայանալու է Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների երրորդ գագաթաժողովը, որտեղ նախատեսվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն վերջին շրջանում հայկական մամուլում`նաև տարածաշրջանում Ռուսաստանի իշխանությունների իրականացրած այս կամ այն քայլի կապակցությամբ, անընդհատ շրջանառվում է տեսակետ, որ Ասոցացման համաձայնագրի կնքումը վտանգված է:
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ Հայաստանը պատրաստվում է աշնանը Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
«Այդ մասին հայտարարված է բարձրագույն մակարդակով, որ ակնկալում ենք նախաստորագրել»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Ի դեպ, նկատենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 25-ին պաշտոնական այց կատարեց Լեհաստան, որն առանցքային դերակատարություն ունի Արևելյան գործընկերության ծրագրում: Վարշավայում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը անդրադարձել է Հայաստանի եվրոպական ինտեգրացիային և մատնանշելով Հայաստանի հարևաններ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը` նշել, որ «մեր տարածաշրջանում դեռեւս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, այս մասին նա նշել է, որ Հայաստանի և ՌԴ-ի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ, և որ ՌԴ-ի հետ ունենք ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ:
«Մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ուշագրավ է, որ, ասուլիսի ժամանակ, ի պատասխան Սերժ Սարգսյանի այս պնդմանը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ըստ ռուսական Ռեգնում գործակալության, իր հերթին ասել է. «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական տիրույթներում միաժամանակ: Դուք պետք է ընտրություն կատարեք»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի երկրների ու Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականին` Պրահայում, իսկ երկրորդ գագաթաժողովը` 2011 թվականի սեպտեմբերին` Վարշավայում:
Լուսանկարը՝ mediamax.am-ի