Ինչ հանգամանքներում է կատարվել դասախոսի դանակահարությունը Վանաձորում
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում գործավարի պաշտոն զբաղեցնող Աշխեն Քոչինյանը, ով ականատես է եղել երեկ նույն բուհում տեղի ունեցած դասախոսի դանակահարության դեպքին, «Առաջին լրատվական»-ին պատմեց հետևյալը.
«Հաշվապահը, ես ու մի 2 դասախոս նստած էինք էստեղ` դեկանատում: Մեր քննությունները ավարտվել էին: Ակսելի ընկերուհին էր քննություն հանձնում, իջան քննություններից հետո, Վասիլն եկել էր բանալին հանձնի, որ պետք է հետ գնար Երևան, մի պահ դուրս էր եկել, զրուցում էր ուսանողների հետ, հետո Ակսելի հետ ներս մտան, քննաթերթիկը ուզեցին: Քննաթերթիկը ես հանձնեցի, քանի որ ես էի էդտեղ: Ինքը քննաթերթիկի հետ Վասիլի հետ դուրս եկավ, ասաց` արի, խոսելու բան կա: Միասին դուրս են եկել, մենք մնացել ենք:
Հենց մեր դռան դեմն է դեպքը կատարվել: Ձայներից, իրենց աղմուկից դուրս թռանք: Ես հենց դուռը բացեցի, լսեցի, որ Վասիլն ասաց` «էդ ո՞ւմ ես խփում, արա», ու բռնել էր Ակսելին: Ամուր բռնել էր, ընդամենը որ հանգստանա: Էդպես էլ ասում էր` մի հատ հանգստացիր: Արդեն տեսանք, որ բռնել է մեր դասախոսը, նա ոչինչ չի կարող անել, ընդամենը խոսում էինք վրան, ասում էինք` անհարմար չի՞, ո՞նց ես դասախոսի հետ քեզ պահում, ի՞նչ ես քեզ թույլ տալիս: Ասաց` բաց թող, հանգիստ եմ արդեն:
Դասախոսը թուլացրեց բավականին, բաց թողեց: Էդ պահին բռունցքով (ոչ մեկս ձեռքին ոչ զենք ենք տեսել, ոչ մի բան, մտածել ենք, որ բռունցքի հարված է եղել) թափով խփեց: Ասաց` վայ մամա ջան, մտածեցինք՝ դե, փիս տեղ է խփել, բնական է, կցավի: Նոր մի քանի րոպե հետո տեսանք, որ էդ տղու ամբողջ շալվարը արյուն էր: Ինքը մտավ կողքի լսարան, դե, տեսա՝ որ տեղին է խփել, անհարմար զգացի հետևից գնալ: Մեր հավաքարարին կանչեցի, որ մեծ կին է, գնաց նրա մոտ: Հետո տեսանք՝ արդեն արնահոսում է: Անմիջապես շտապօգնություն եմ զանգել, շատ արագ են արձագանքել:
Նինան էլ` հավաքարարը, էդ տրյապկեքը բերեց՝ փրկեց, ուժեղ սեղմել էր, որ երակը չփախչի: Մենք հետո ոստիկաններից ենք իմացել, որ Ակսելի ձեռքին ինչ-որ եղունգկտրիչի դանակ է եղել՝ հարվածը դրանով է եղել:
Դեպքից հետո տեսա որ ուզում է դուրս գա, գոռացի` ինչի՞ ես գնում, մնա՝ պատասխան տուր արածիդ համար, հիմա ոստիկանությունը կգա: Ինքը թողեց գնաց: Ախր, ինքն էլ էնքան խելոք տղա է, դաստիարակված: Մենք էլ իր հետ համագործակցում ենք, Վանաձորի թատրոնի երաժշտական ձևավորողն է, ազատ մուտք է ունեցել մեր ինստիտուտ, եղբայրը մեր շրջանավարտն է, հայրը մեր դասախոսն է: Որ մտավ՝ արդեն նյարդայնացած էր, բայց ես չեմ կարող ասել` խմա՞ծ էր, թե՞ ոչ: Մեզ համար շատ անսպասելի էր:
Դասախոսն էլ շատ կոռեկտ, կուլտուրական մարդ է, ինքը իր սկզբունքներով, շատ լավ դասախոսություններ է տալիս ու պահանջում է, բայց էն դասախոսներից չի, որ ընկնի որևէ ուսանողի հետևից: Եթե մի ուսանող իրեն, իր առարկան հարգում է, գոնե մի փոքր պատասխանում է, ինքը ոչ մի խնդիր չունի գնահատական դնելու հետ»:
Կայքը դեկանատից նաև պարզել է, որ երեկվա «Թատրոնի պատմություն» առարկայի քննությունից երկրորդ կուրսի ուսանողուհի Ալլա Դարբինյանն անբավարար է ստացել` 40 միավոր, իսկ անցողիկն սկսվում է 54-ից: Նույն առարկայից այս տարի նա երկրորդ քննությունն է անբավարար ստանում: Նախորդն անցյալ կիսամյակին էր, որը ուսանողուհին դեռ չի վերահանձնել: Դեկանատի աշխատակիցները նրա առաջադիմության մասին նշեցին, որ «բացարձակ գերազանց և փայլուն սովորող չէ» և կարող էր հետո հանձնել նշված առարկայի քննությունները:
Կարդացեք այստեղ.