Արամ Կարապետյանը` Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին. «Պետք է հասկանալ` ինչու դա արեց Ռուսաստանը»

Նախորդ շաբաթ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը մոտ 1մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք-զինամթերք է վաճառել Ադրբեջանին: Սա լուրջ արձագանք ստացավ Հայաստանում, և մի քանի օր առաջ Հայաստան այցելած Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այս փաստը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ռուսաստանը առևտրային հարաբերություններ ունի բոլոր երկրների հետ և ցանկացած երկիր, ով զենք գնելու ցանկություն կունենա, հնարավորություն կստանա օրենքի սահմաններում Ռուսաստանի Դաշնությունից զենք գնել»:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի այս տեղեկությունը, նշեց, որ, իհարկե, վատ կարծիք ունի այդ մասին: «Մենք միշտ կողմնակից կլինենք, որ Ադրբեջանին ոչ ոք զենք չվաճառի` անկախ նրանից` ով է դա՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրոպան, թե, ասենք Ուկրաինան: Պարզ է, որ դրա նկատմամբ իմ վերաբերմունքում ոչ մի դրական բան չկա, որովհետև չգիտենք, թե այդ զենքը որտեղ կկրակի»,- ասաց Արամ Կարապետյանը:

Միաժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը նշեց, թե մյուս կողմից` պետք է հասկանանք, որ «իսկապես ամեն ինչ եկել է բիզնեսի»:

«Այստեղ նույն խնդիրներն ունենք, խնդիրը ոչ թե նրանում, որ ասում ենք` ռազմավարական բարեկամը պիտի հակառակորդին զենք չվաճառի և այլն, ճիշտ է, իհարկե, բարեկամը պիտի բարեկամաբար վերաբերվի, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ աշխարհը փոխվել է, և նման բաներ գոյություն չունեն,- ասաց նա` ավելացնելով,- Եթե մենք գտնվեինք միևնույն միության ներսում, քաղաքական միության, ես նույնիսկ Մաքսային նկատի չունեմ, այդ դեպքում մենք կարող էինք ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ Ռուսաստանի քաղաքականության վրա, որովհետև դա ընդհանուր բան է»:

Կարդացեք նաև

«Այսպես ասեմ, հույզերի դաշտում ես էլ եմ դեմ, բայց հետո՞ ինչ, եկեք դեմ լինենք, նստենք լացենք, դա ի՞նչ կտա»,- ասաց Արամ Կարապետյանը` ընդգծելով, որ Հայաստանում ավելի պրագմատիկ և սառը գնահատականի անհրաժեշտություն կա նման երևույթների վերաբերյալ:

«Եկեք մտածենք` ի՞նչ անենք, որ նման բաներ ընդհանրապես ոչ ոք չանի մեր հանդեպ: Այսինքն` ոչ միայն Ռուսաստանը: Ընկել ենք հակառուսական տրամադրությունների ետևից, հա, հետո՞, թող Հայաստանում ամենահակառուսական տրամադրությունները լինեն, դա ի՞նչ կտա, ավելի շատ զենք կվաճառեն»,- շարունակեց Արամ Կարապետյանը:

Վերջինիս կարծիքով` դիվանագիտական հարթության մեջ նման դեպքերում փոքր պետությունը, որի շահերը բախվում են տարբեր երկրների հետ, սկսում է «մտածել», թե ինչո՞ւ այդ քայլն իր դեմ կատարվեց, արդյո՞ք դա պատժելու համար էր, դա իսկապես բիզնե՞ս էր, և ինչո՞ւ հնարավոր չեղավ դրան խանգարել և այլն:

«Այսինքն` ռեալ գործ պետք է անել, պետք է հասկանալ` ինչո՞ւ դա արեց Ռուսաստանը»,- շեշտեց պարոն Կարապետյանը:

Մեր հարցին, թե արդյոք սա պետք չէ՞ գնահատել որպես Ռուսաստանի կայսերական քաղաքականության սովորական դրսևորում, Արամ Կարապետյանը պատասխանեց բավական հետաքրքիր կերպով.

«Գիտեք, ճիշտն ասեմ, եթե լիներ այդ կայսերական քաղաքականությունը, ինչ-որ տեղ ես նույնիսկ ուրախ կլինեի, գոնե կիմանայինք` ինչ է այդ քաղաքականության գիծը»:

Նա նշեց, որ նույնիսկ պարզ էլ չէ, թե ի՞նչ է նշանակում Ռուսաստանի այս քայլը, քանի որ աշխարհի բոլոր կետերում «ամեն ինչ շատ խառն է»:

«Առաջինը Մոսկայից է խառնվում, հետո մենք էլ ընդհանրապես դնում՝ խճճում ենք, մի հատ «կաշմար» ենք սարքում մեր գլխին: Եվ ոչ միայն Մոսկվայից է ամեն ինչ խճճված, Եվրամիության քայլերն էլ են խճճված, Միացյալ Նահանգներինն էլ. չգիտի` Սիրիայում ում կողմը լինի, ոնց լինի… Ամբողջ աշխարհն է խճճված: Մի հատ էլ մեր իշխանությունն է խճճում իր անմիտ, անգլուխ քաղաքականությամբ»,- ասաց Արամ Կարապետյանը:

Նշենք, որ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին մեկնաբանություն տվեց նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցի մեկ այլ ներկայացուցիչ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, այս ռազմաքաղաքական կազմակերպությանն անդամակցում են և´ ՀՀ-ն, և´ ՌԴ-ն) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմավարական-քաղաքական երկրորդ ֆորումին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանի այս քալը չի՞ հակասում դաշնակցային հարաբերություններին, պատասխանել է. «Դա բիզնես է, դա շուկա է, դա ՌԴ-ի տնտեսությունն է»:

Արամ Կարապետյանից հետաքրքրվեցինք` եթե Ռուսաստանը «զենք է վաճառում բոլորին», այդ դեպքում ինչո՞ւ զենք չի վաճառում, օրինակ, Ռուսաստանի գործընկեր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող սիրիական ընդդիմությանը կամ ահաբեկիչներին:

«Գիտեք, ինչ տեսանկյունից էլ նայենք՝ պատասխան չկա, գիտեք` ինչո՞ւ, որովհետև վաճառող երկիրը մենք չենք»,- ի պատասխան ասաց Արամ Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս