Իշխանությունն առաջնորդվում է Ծառուկյանի սկզբունքով

Եվրասիական Միությո՞ւն, թե՞ Եվրամիություն երկընտրանքի առնչությամբ Հայաստանի իշխանությունները դեռևս խուսափում են հստակ դիրքորոշում արտահայտել և, իրենց կարծիքով, գտել են դրա լավագույն ձևը: Այդ երկընտրանքի մասին ցանկացած հարցին ի պատասխան՝ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով: Այդ հայտարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ կրկնել է Լեհաստանում:

Այդ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերվում ինտեգրացիոն գործընթացներին, Ս. Սարգսյանը նախ՝ խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության և ներկայիս ռազմավարական գործընկերության մասին, որոշակի անդրադարձ է կատարել հայ ժողովրդի՝ եվրոպական արժեհամակարգին և հայտարարել. «Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»  սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»: Նույն միտքը տարբեր ձևակերպումներով վերջին շրջանում հնչում է գրեթե բոլոր ՀՀԿ-ականների շուրթերից, ամեն մեկը՝ իր ինտելեկտուալ կարողությունների մակարդակով, փորձում է համոզել, որ հնարավոր է համագործակցել և՛ Եվրասիական Միության, և՛ Եվրամիության հետ:

ՀՀ իշխանությունների մոտեցումը՝ «կամ-կամ»-ի փոխարեն՝ առաջնորդվել «և-և» սկզբունքով, իհարկե, շատ բարի է ու ցանկալի: Իսկապես, Հայաստանի համար գուցե ամենացանկալի տարբերակը կլիներ պահպանել նորմալ, համահավասար հարաբերություններ Ռուսաստանի ու նրա կողմից ստեղծված կազմավորումների հետ, միաժամանակ՝ Հայաստանի շահերից բխող խորությամբ զարգացնելով հարաբերություններն արևմտյան գործընկերների, տվյալ դեպքում՝ Եվրոպական միության հետ:

Սակայն իրականությունը փոքր-ինչ այլ է, քան դրա մասին՝ մեր, ավելի ճիշտ՝ մեր իշխանությունների պատկերացումները կամ ցանկությունները: Իրականությունը հիմնված է ոչ թե ցանկությունների, այլ պրագմատիկ քաղաքականության վրա: Իսկ պրագմատիկ քաղաքականությունից ելնելով՝ և՛ ռուսական, և՛ եվրոպական պաշտոնյաներն առնվազն մի քանի տասնյակ անգամ, իհարկե, դիվանագիտական ձևակերպումներով հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը երկու միավորներից մեկին, բացառում է անդամակցությունը մյուս միավորին:

Բացի այդ, զուտ տեխնիկական մակարդակում, ասենք՝ Եվրամիության հետ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը հնարավորություն չի տալիս առևտրային հարաբերություններ հաստատել այն ռեժիմում, որն առաջարկում է Մաքսային միությունը, և՝ հակառակը:

Եթե դրան էլ ավելացնում ենք այն հանգամանքը, որ իրականում այս երկու միավորումներն իրար հակասում են աշխարհաքաղաքական, գաղափարական, արժեքային հանրության մեջ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը, որքան էլ դա դժվար է ու ոչ այնքան հաճելի, պետք է, ի վերջո, ընտրություն կատարի: Իսկ ընտրությունը, ինչպես հայտնի է, կատարվում է ոչ թե «և-և»-ի, այլ հենց «կամ-կամ»-ի սկզբունքով, որից այդքան խուսափում են ՀՀ իշխանությունները: Թե ինչո՞ւ է Հայաստանի համար այսչափ կարևոր հարցում իշխանությունն ապավինում այս բառախաղին, դժվար է ասել: Բայց դժվար է չնկատել զուգահեռը այս և Հայաստանի ներքաղաքական կյանքի մի իրողության հետ: Հայաստանի խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես հայտնի է, համառորեն խուսափում է իշխանություն-ընդդիմություն երկընտրանքից, և որպես դրա ճանապարհ՝ ընտրել է քաղաքագիտությանը հայտնի՝ «այլընտրանք» բնորոշումը:

Որևէ փորձ՝ ԲՀԿ-ից պարզելու, ի վերջո, այդ կուսակցությունն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն, դատապարտված է, քանի որ ցանկացած նման հարցի ԲՀԿ-ականները մեխանիկորեն պատասխանում են՝ «այլընտրանք»: Ճիշտ այնպես, ինպես իշխանությունները՝ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն հարցին պատասխանելիս՝ ոչ թե «կամ-կամ», այլ՝ «և-և»: Այսինքն՝ իշխանությունն արտաքին քաղաքականության ասպարեզում, առնվազն այս հարցում գրեթե  մեկին մեկ կրկնում է «Բարգավաճ Հայաստանին»:

Գուցե իշխանություններին ոգևորել է այն հանգամանքը, որ ԲՀԿ-ին հաջողվում է այս մարտավարությամբ տևական ժամանակ «ջրի երեսին» մնալ, և նրանք փորձում են  նույնը կիրառել նաև Հայաստանի պարագայում: Սակայն սա ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև վտանգավոր: Քանի որ, եթե ԲՀԿ-ին հաջողվում է խաղալ «այլընտրանքի» դերը՝ այդպիսին լինելով մեկ՝ իշխանության, մեկ՝ ընդդիմության հանդեպ, Հայաստանին դա հազիվ թե հաջողվի: Քանի որ այդ դեպքում Հայաստանի նկատմամբ, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից, կկիրառվեն այն պատժամիջոցները, որպիսիք կգործադրեր ՀՀ իշխանությունը, եթե հանկարծ ԲՀԿ-ն հայտարարեր ընդդիմություն դառնալու մասին: Թե որքան կարող է «ձգել» Հայաստանը «և-և»-ի, սկզբունքով, դժվար է ասել:

Սակայն այսպես երկար շարունակելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել այն վիճակում, որում հայտնվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 2013 թվականի նախագահի ընտրությունից առաջ: Նա չմասնակցեց ընտրությանը, քանի որ նրա փոխարեն՝ այդ որոշումը կայացրեցին կամ Հայաստանում, կամ Հայաստանից դուրս, կամ գործող կամ նախկին իշխանության աշխատասենյակներում: Այսինքն՝ Հայաստանի փոխարեն՝ «կամ-կամ» ընտրությունն այլևս կայացված կլինի, մեծ հավանականությամբ՝ Եվրասիական միության շրջանակներում: Այդ դեպքում Հայաստանին կմնա, ասենք, Մոսկվայում «Արմենիա» անունով զվարճանքի կենտրոն կառուցել և բացման արարողությանը հրավիրել Վլադիմիր Պուտինին, ով կարող է անգամ մասնակցել դրան: Ինչպես դա տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի դեպքում: Նա չմասնակցեց նախագահի ընտրությանը, փոխարենը՝ մի քանի ամիս անց բացեց «Փարավոն» զվարճանքների համալիրը:

Տեսանյութեր

Լրահոս