
Սիրիայից վերադարձած իսլամիստները կարող են ահաբեկչություններ իրականացնել երկրում. գերմանական հակահետախուզություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանական հակահետախուզությունը մտավախություն ունի, որ Սիրիայից վերադարձած իսլամիստները կարող են ահաբեկչություններ իրականացնել երկրում:
Այս մասին հայտարարել է այդ կառույցի ղեկավար, ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ Հանս-Գեորգ Մաասենը: Գերատեսչության տվյալներով՝ վերջին 8 ամսվա ընթացքում Գերմանիայից Սիրիա է մեկնել մոտ 60 մարդ, որոնցից 20-ը ներկայումս արդեն իսկ վերադարձել է:
Այդ անձինք Սիրիայում ապստամբների կողմից մասնակցել են ռազմական գործողություններին: Մաասանեի խոսքերով՝ Սիրիայից վերադարձածներին գերմանաբնակ իսլամիստները դիմավորում են որպես հերոսների:
Նա ընդգծել է, որ վերադարձածներից շատերը գտնվում են այնպիսի զգայական վիճակում, որ նրանցից բխում է ահաբեկչությունների նախապատրաստման կամ նոր ահաբեկիչներ հավաքագրելու վտանգ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Սիրիայի ապստամբներին Եվրոպայի կողմից զենք մատակարարելը շատ թանկ կարժենա վերջինիս համար և որ այդ զենքը հետագայում ուղղվելու է Եվրոպայի դեմ: