Եվրոպան թանկ է վճարելու զինյալներին զենք մատակարարելու համար. Բաշար Ասադ
Գերմանական Frankfurter Allgemeinen Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Եվրոպան թանկ է վճարելու սիրիական ընդդիմադիր զինյալներին զենք մատակարարելու համար, քանի որ այդ զենքը շրջվելու է նրա իսկ դեմ.
«Եթե եվրոպացիները զենք մատակարարեն, ապա Եվրոպան կվերածվի ահաբեկիչների ապաստանի, և Եվրոպան կվճարի դրա համար: Ահաբեկչությունը կվերադառնա Եվրոպա՝ արդեն իսկ ունենալով մարտերի փորձ և ծայրահեղական գաղափարախոսություն: Սիրիայում քաոսային իրավիճակի տիրումը միայն կհանգեցնի ահաբեկչությունը Եվրոպա արտահանելուն»:
Ասադը եվրոպացի քաղաքական գործիչների կողմից «լավ» և «վատ» ընդդիմադիր զինյալների միջև տարանջատում անցկացնելու փորձերը համեմատել է լավ և վատ թալիբներ կամ «Ալ-Քաիդայի» անդամներ գտնելու փորձերի հետ:
Ասադը հերքել է ԱՄՆ վարչակազմի այն պնդումը, որ սիրիական բանակը քիմիական զենք է կիրառել զինյալների դեմ. «Զանգվածային ոչնչացման զենքը (ԶՈԶ) ունակ է անմիջապես սպանել հարյուրավոր ու հազարավոր մարդկանց:
Հենց դրա համար էլ այն կիրառվում է: Դրա համար էլ տրամաբանական չէ մի քանի մարդ սպանելու համար քիմիական զենք կիրառելը, ինչին կարելի է հասնել նաև սովորական զենքով»:
Հիշեցնենք, որ ամերիկյան կողմի պնդմամբ՝ սիրիական բանակի կողմից քիմիական զենք կիրառելու հետևանքով զոհվել է 100-150 մարդ: