Բաժիններ՝

«Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Նարինեի» երկու արտադրատեսակների արտադրությունն արգելելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանով արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել լաբորատոր փորձաքննության արդյունքները, որով նշված երկու արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն՝ «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարական:

168.am-ը «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանին խնդրեց մեկնաբանել արտադրատեսակներում խախտումների հայտաբերումը: Վերջինս նախ՝ նշեց, որ ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունն արգելվել է ծառայության պետի հունիսի 21-ի հրամանով, սակայն մինչ այժմ ինքը նման որոշում չի ստացել. «Ինձ ոչ մեկն այդ որոշումը չի ներկայացրել: Ես ինքս լրատվամիջոցներից եմ իմացել այդ որոշման մասին»:

«Խոսքը գնում է շատ պրիմիտիվ, առօրեական խախտումների մասին: Օրինակ՝ այդ պահին ոչ սարքին ջերմաչափ է եղել, որը մենք վերացրել ենք, և ընթացիկ եղել է մատյանը վարելու սխալմունք, այսինքն՝ դա եղել է էլեմենտար տեխնիկական խնդիր՝ մատյանը վարելու հետ կապված, որը շտկվել է»,- ասաց ընկերության տնօրենը: Անդրադառնալով լաբորատոր փորձաքննության արդյունքներին՝ Անի Թորոսյանն ասաց, որ նմուշառում արվել է շատ երկար ժամանակահատվածի ընթացքում. «Իրենք նմուշը վերցրել են մայիսի 30-ին, իսկ պատասխանները մեզ հայտնել են երկու շաբաթ անց, երբ պիտանելիության ժամկետն արդեն անցած է եղել: Այսինքն՝ ապրանքի պիտանելիության ժամկետը 4 օր է, կրկնակի նմուշառում իրենք արել են ամսի 11-ին, որի ժամանակ արդեն ապրանքի պիտանելիության ժամկետն անցած է եղել: Ելնելով դրանից՝ ես տվել եմ մեկ այլ լաբորատորիա անալիզի, կարգավորել եմ բոլոր խնդիրները, արել ենք սանիտարական օր:» Ընկերության տնօրենը նշեց, որ իրենց կողմից լաբորատոր փորձաքննության հանձնված նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Մեր հարցին՝ արդյոք չի՞ փորձել այդ նկատառումները ներկայացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ Անի Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե փորձել եմ: Հիմա, փաստորեն, խոսքն այն մասին է, որ այս որոշմամբ մենք կանգնել ենք փաստի առաջ, իսկ երբ ծանոթացել ենք առաջին փորձաքննության արդյունքների հետ, դրանից հետո կանխել ենք գործունեությունը, արել ենք մեր բոլոր կարգավորումները, դրանից հետո միայն եկել է ամսի 21-ի պատասխանը: Ես տեսչություն նամակ եմ գրել, որ կատարված են այն բոլոր աշխատանքները, որոնք մեզնից պահանջել էին, բոլոր կարգավորումներն արված են, ու խնդրում ենք նմանատիպ իրավիճակներից մեզ ազատել»:  Մեր հարցին՝ ինչո՞վ է Անի Թորոսյանը պայմանավորում Աննդամթերքի անվտանգության պետական ծառայության նման գործունեությունը, նա պատասխանեց. «Սննդի անվտանգության ծառայության հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում ընդհանրապես: Դա լաբորատորիայի գործընթաց է, որը արվում է, և հավանաբար լաբորանտն ինքը տեղյակ չի եղել այն մասին, որ դա կաթնամթերք է, իսկ կաթնամթերքը պահպանման կարճ ժամկետ ունի: 15 օրվա ընթացքում չի կարելի պահել կաթնամթերքը ու անընդհատ դրանից նմուշառում անել»:

Հարցին՝ որքա՞ն ժամանակով է արգելվել երկու արտադրատեսակների արտադրությունը, «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենը պատասխանեց, որ աշխատելու են մինչ երկուշաբթի հարթել առաջացած խնդիրները: Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք տարածված տեղեկատվությունը չի կարող ազդել ընկերության և նրա արտադրանքի վարկանիշի վրա, Անի Թորոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ մեր սպառողն այնքան է վստահում մեզ, որ նմանատիպ խնդիր չենք ունենա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս