Սխալ երաժշտությունից կարելի է հիվանդանալ. կոմիտասագետ
«Մենք կհիվանդանանք այս երաժշտությունից, մենք մոլորված երիտասարդներ ունենք, որոնք այնքան բարձր են միացնում այդ երգերի ձայնը, իսկ հետո ասում են` այս հիվանդությունը որտեղի՞ց, ինչո՞ւ է այսինչ մարդն այդքան ճչում կամ այդքան ներվային: Այնպես որ՝ հայտնի բան է. բժշկությունը` երաժշտությամբ: Ի դեպ, 1914 թվականին, նախքան աքսորը, Կոմիտասի ամենավերջին աշխատությունը, որն ինքը գրել և հրատարակել է, կոչվում է հենց այդպես. «Բժշկություն` երաժշտությամբ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը` նշելով, որ պետք է լսել այն երաժշտությունը, որի ֆիզիկական կառուցվածքը համապատասխանում է տվյալ ազգին, որը երգել և պարել են նախնիները, քանի որ հակառակ դեպքում՝ այդ աղավաղված երաժշտական ալիքները ձեր ամբողջ բջիջներն ու ներվային աշխարհը կարող են քանդել:
«Տեսեք, այսօր Մոցարտով Իսրայելում և այլուր (բժիշկներին կարող եք հարցնել) ինսուլտ են բուժում, չգիտեմ, թե ինչպե՞ս է դա կատարվում, սակայն հիմա հասկացել են դա»,- ասաց Ա. Շահնազարյանը` նշելով, որ կարևոր է ոչ միայն կոնկրետ կոմպոզիտորների երգերը լսելը, այլև դրանց ճիշտ կատարումը: Ըստ կոմիտասագետի, օրինակ` այսօր Կոմիտաս կատարում են շատ-շատերը, և հաճախ հենց աղավաղելով նրա գործերը, ինչը ոչ թե կարող է բուժել, այլ «սպանել» մարդուն:
Բանախոսի խոսքով` Կոմիտասն ունեցել է 3000 երգ, որոնցից պահպանվել է ընդամենը 1500-ը, որից մինչև այսօր հնչել է մոտ 300-ը: Այսինքն` ըստ նրա, Կոմիտասի 1200 երգ ընդհանրապես որևէ տեղ չի երգվել, և ոչ ոք այն չի լսել: «Ցավոք, չնայած իմ բոլոր ջանքերին, դիմումներին պետական մարմիններին և գործարարներին՝ իրենց արդյունքը չտվեցին, մենք այդպես էլ չկարողացանք գնել ընդամենը 7000 դոլար արժողությամբ Կոմիտասի տետրերից մեկը, որը Ռուսաստանից բերել էին այստեղ և վաճառում էին: Իհարկե, հասկանալի է, որ օտարները չէին նվիրելու այն մեզ, այլ բերել և վաճառում էին, և այն չվաճառելով տարան ետ` Մոսկվա: Ես անգամ ամաչում եմ դրա համար, քանի որ հաճախ ինչ-որ «աստղի» մեկ-երկու կատարման համար նման գումարները շատ հեշտությամբ են տրամադրվում, իսկ Կոմիտասի տետրերի համար այդպես էլ գումար չգտնվեց»,- ասաց նա:
Նրա խոսքով, սակայն, կարևոր է, որպեսզի Հայաստանում ձևավորվի համայնք, որը կլսի, կսովորի և կհասկանա անաղարտ երաժշտությունը. հենց այդպիսի նպատակ ունի Արթուր Շահնազարյանի և իր ընկերների նոր նախաձեռնությունը: Այսպես՝ առաջիկա ամիսների ընթացքում ստեղծվելու է Կոմիտասի ընտանիք կայքը` Komitasfamily.com-ը, որը նախատեսված է աշխարհասփյուռ հայությանը կրթելու, սովորեցնելու և տեղեկացնելու անավարտ երաժշտության կարևորությանն և սովորեցնելու Կոմիտասի երգերը:
«Դա կլինի մի համայնք, որում կկարողանան ընդգրկվել բոլոր ցանկացողները: Այդտեղ հնարավոր կլինի գտնել նորություններ` Կոմիտասի հետ կապված ցանկացած միջոցառման մասին, տեղադրվելու են տարբեր կոմիտասագետների և մշակութային գործիչների ելույթներն ու համերգները, և այլն, Կոմիտասի կյանքը, ստեղծագործություններն ու խորհուրդները: Այդտեղ հնարավոր կլինի նաև գրանցվել ձեր անձնական անունով և առաջարկներ կատարել: Բացի այդ՝ մենք կարող ենք այդկերպ համախմբվելով նաև տարբեր խնդիրներ լուծել` ստեղծելով մեր հիմնադրամը և այլն»,- ասաց Ա. Շահնազարյանը: