Թուխմանուկի պոչամբարին տված բացասական եզրակացությունը խորամանկ քայլ է
Բնապահպանության նախարարությունը 2013 թվականի ապրիլի 26-ին «Մեգո գոլդ» ընկերության Թուխմանուկ հանքավայրի պոչամբարի նախագծին բացասական եզրակացություն տվեց, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության շրջանում: Սակայն այդ բացասական եզրակացությունը ուսումնասիրողը հեշտությամբ կհամոզվի, որ դա ուղղակի խորամանկ քայլ է և հիմք է հանդիսանում հետագայում դրական եզրակացություն տալու համար, քանզի այնպիսի պատճառաբանություններով են բացասական եզրակացություն տվել, որոնք, ակնհայտորեն, հեշտությամբ հաղթահարելի են «Մեգո գոլդ» ընկերության համար:
Բերենք բնապահպանության նախարարության փորձաքննական բացասական եզրակացության գլխավոր «հիմնավորումները»:
- 1. «Նածագծային փաստաթղթերում բացակայում են ազդակիր համայնքի որոշումը տվյալ վարչատարածքային միավորի զարգացման պլանով նախատեսվող գործունեության համապատասխանության մասին, ինչպես նաև՝ ազդակիր համայնքի որոշումը հողահատկացման մասին»:
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում այժմ տիրող մթնոլորտում «Մեգո գոլդ» ընկերության համար ազդակիր համայնքի հողահատկացման և մյուս որոշումներ ստանալը որևէ դժվարություն չի ներկայացնելու: Փաստաթղթերի կեղծումն ու պետական կառույցներում այն շրջանառության մեջ դնելը սովորական երևույթ է դառնում: Օրինակ, 2012 թ. նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում այդ պոչամբարի նախագծի լսումների ժամանակ պոչամբարը կառուցելուն դեմ ուղղված կտրուկ ելույթներ եղան թե՛ գյուղացիների և թե՛ անկախ փորձագետների կողմից: Գյուղապետը հայտարարեց, որ խնդիրը նորից կքննվի համայնքում և միայն դրանից մեկ ամիս հետո նա կհայտնի համայնքի կարծիքը, թե գյուղացիները համաձայն են այդտեղ պոչամբար կառուցել, թե ոչ: Սակայն հենց այդ նույն օրը կազմվել և «Մեգո գոլդ» ընկերության տնօրեն Ա. Պողոսյանի կողմից ստորագրվել է մի արձանագրություն, որտեղ առկա է բացահայտ կեղծիքը. «Պոչամբարի նախագծի վերաբերյալ առարկություններ չկան»:
Պարզվում է, որ համայնքը միայն ընտրություններում չէ, որ զրկված է իր սեփական ձայնը արտահայտելու իրավունքից, դժբախտաբար նա զրկված է նաև իր տարածաշրջանում իրականացվելիք նախագծերի մասին իր իսկական կարծիքն արտահայտելու և վճռին մասնակից լինելու իրավունքից: Նաև անհրաժեշտ է նշել, որ եթե մենք խոսում ենք ազդակիր համայնքի մասին, ապա ոչ միայն Մելիք գյուղը պետք է համարվի Թուխմանուկ հանքավայրի ազդակիր, այլ ազդակիր պետք է համարվեն նաև այն բնակավայրերը, որոնք օգտագործում են Քասախ, Հրազդան, Արաքս գետերի ջրերը:
Վերջին տարիներին շահադիտական աշխարհի ջանքերով ՀՀ-ում ընդունվել են օրենքներ, որոնք չեն պաշտպանում պետության և ժողովրդի շահերը: Օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում վճռական խոսքի իրավունքը ոչ թե նեղ մասնագետներին է վերաբերվում, այլ համայնքներին, որը ժողովրդի համար հղի է վտանգավոր հետևանքներով:
- «Ելնելով փոխկապակցվածությունից, նոր պոչամբարի հետ անհրաժեշտ էր փորձաքննության ներկայացնել նաև ոսկու բացահանքի շահագործման, ինչպես նաև հարստացուցիչ ֆաբրիկայի վերակառուցման նախագծերը»:
Այստեղ բնապահպանության նախարարությունը ճիշտ մոտեցում է դրսևորում, սակայն պոչամբարի նախագիծը ընդունել է փորձաքննության, երբ նա պետք է այն մերժեր որպես կիսատ ու թերի նախագիծ: Հանքի, ֆաբրիկայի և պոչամբարի նախագծերը ընդհանրական են և պետք է ներկայացվեն մեկ նախագծով: Դրանք առանձին-առանձին ներկայացնելն անթույլատրելի է: Սակայն բնապահպանության նախարարությունն անպատիժ կերպով տարիներ շարունակ գործում է այս հակաիրավական գործելակերպով:
Շատերին կարող է թվալ, թե բնապահպանության նախարարությունը զուտ պատահականորեն վրիպել է, երբ «հանքի» փոխարեն գրել է «բացահանք», սակայն խնդրով հետաքրքրվածները շատ լավ գիտեն, թե «Մեգո գոլդ» ընկերությունը, անտեսելով լիցենզիոն պարտավորությունները, ինչ հետևողական ու համառ պայքար է մղում Թուխմանուկի հանքավայրի փակ (թունելային) եղանակով հանքահանումը բացով փոխարինելու համար:
- 3. «Նախագծում բացակայում են այլընտրանքային լուծումները՝ այդ թվում պոչամբարի պատնեշի և հատակի կավային շերտը պոլիէթիլենային թաղանթով փոխարինելը»:
Պարզ է, որ պոլիէթիլենի առկայությունն անպայման իր դրական դերը կունենա, սակայն պոլիէթիլենի առկայությունը չի վերացնում կավային շերտի անհրաժեշտությունը և ապա՝ պոլիէթիլենը նույնպես սահմանափակ դիմացկունություն ունի, իսկ պոչանքը միլիոնավոր տարիների խնամք ու շրջակա միջավայրից մեկուսացնելու երաշխիք է պահանջում:
Բնապահպանության նախարարությունը Գետիկ գետի կիրճում՝ Մելիք գյուղի հարևանությամբ պոչամբար կառուցելու խնդիրը դիտարկելուց առաջին հերթին պետք է ներկայացներ, թե այդտեղի երկրաբանաաշխարհագրական պայմաններում արդյո՞ք թույլատրելի է պոչամբար կառուցելը: Նշենք, որ պոչամբարը կառուցվելու է ջրագոյացման, ջրաբաշխման համակարգում, Քասախ լեռնային գետի հունին շատ մոտ, դրա ձևավորման վերին նիշում, իսկ ցածրադիր նիշերում բնակավայրերն են՝ իրենց այգիներով, վարելահողերով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի աղբյուրներով: Այստեղ հարկ եմ համարում նշել, որ Թուխմանուկի անմիջական հարևանությամբ գտնվում է Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրը, որի տարածքը վերջին տարիներին 9300-ից դարձրել են 5202,98 հեկտար: Այսինքն 44 %-ով կրճատել են տարածքը: Չպետք է զարմանալ, եթե պարզվի, որ այդ կրճատումը արվել է այդտեղ հանքարդյունաբերությունը ընդլայնելու նպատակով:
Արդյո՞ք պարզ չէ, որ այս ու նմանատիպ խնդիրները պետք է հանդիսանային բացասական եզրակացության հիմնավորում, որոնք կարտահայտեին իրերի իրական դրությունը: Այս պարագայում «Մեգո գոլդ» ընկերությունը այլևս չէր կարողանա մտածել իր կործանարար ծրագիրն իրականացնելու մասին:
Բնապահպանության նախարարությունը «Մեգո գոլդ» ընկերության կողմից ներկայացրած Թուխմանուկի երրորդ պոչամբարի նախագիծը փորձաքննության ընդունելիս և վերլուծական-փորձագիտական աշխատանք կատարելիս պետք է նաև նկատի ունենար, թե ինչ վիճակում են այդ ընկերության կողմից արդեն շահագործված երկու պոչամբարները նույն գետի կիրճում, և՝ արդյո՞ք այդ գործարարը բարեխիղճ է: 2007 թ.-ի փետրվարի 20-ին բնապահպանության նախարարության կողմից երկրորդ պոչամբարի նախագծին «Մեգո գոլդ» ընկերությանը տված դրական եզրակացությունում նշվում է, որ ջրաթափանցելիությունը բացառելու համար դրա պատնեշն ու հատակը մեկուսացվելու են համապատասխանաբար 3 և 1 մետր հաստությամբ կավային շերտերով և ընդհանրապես պոչամբարից հեղուկ և պինդ վտանգավոր նյութերի արտազատում չի լինելու: Այսօր մենք ականատես ենք խոստացածին տրամագծորեն հակառակ պատկերին՝ պոչամբարի պատվարն ու հատակը մեկուսացված չեն կավային շերտերով, իսկ տեղումների բացակայության ժամանակ մակերեսից արտազատվում է պոչանքի թունավոր փոշին և տարածվում շրջակա միջավայր: Ուղղակի զարմանք է հարուցում, որ նախարարությունը, փորձագիտական եզրակացությունում խոսելով պոչանքի բաղադրության մասին, չի նշում, թե ինչ վտանգավոր նյութեր կան պոչանքում, երբ հայտնի է, որ Թուխմանուկի հանքաքարում, հետևաբար և պոչանքում, առկա են կապար, ցինկ, մկնդեղ, սելեն, թելուր, բիսմութ, տիտան, նիկել, կոբալտ, մոլիբդեն, պղինձ, գալիում, վանադիում, ծարիր, գերմանիում, ծծումբ, երկաթ, մանգան, սնդիկ, անագ, թալիում, ինդիում, վոլֆրամ… Սակայն, բնապահպանության նախարարությունը, լռելով այս մասին, նշում է. «Պոչերը հրդեհապայթյունավտանգ չեն»: Անհեթեթություն է, երբ բնապահպանության նախարարությունը հայտարարում է, թե մանրացրած, փոշիացրած հանքաքարը հրդեհապայթյունավտանգ չէ:
Ահա և բնապահպանության նախարարության «բարեխղճությունը» բնապահպանական փորձաքննություն կատարելու գործում:
Նաև ոչ պակաս կարևոր մի հանգամանք. էկոլոգիական փորձաքննության առարկան բնությանը և տնտեսությանը հասցվելիք վտանգների մեղմացումն ու կանխարգելումն է: Այս առումով զարմանալի է, որ բնապահպանության նախարարությունը ընկերության հետ համագործակցելիս ամենևին չի անդրադարձել ընկերության կողմից բնությանը հասցված վնասներին և հարկային պատասխանատվությունից խուսափելուն: Բերեմ մի օրինակ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը ՀՀ փաստաբանների պալատին գրում է. «… 2011 թ. մարտի 17-ին ՀՀ քր. օր-ի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «Մեգո գոլդ» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանի կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափի՝ 13.252.700 դրամ հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է հ. 83156811 քրեական գործը, որը 21.03.2011 թ. ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Պարզից էլ պարզ է, որ բնապահպանության նախարարությունը կամա, թե ակամա պաշտպանում է «Մեգո գոլդ» ընկերության շահերը և Թուխմանուկ հանքավայրի պոչամբարին նրա տված բացասական եզրակացությունն իրականում կանաչ ճանապարհ է այդ նախագծին դրական եզրակացություն տալու համար:
Հակոբ Արբակի Սանասարյան
Հայաստանի կանաչների միության նախագահ