Ո՞ր երկրներից է Հայաստան պատվաստանյութ ներկրվում

Հայաստանում մինչ օրս լաբորատոր հետազոտությամբ կարմրուկի 4 դեպք է հաստատվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Վերջինս նշեց, որ հիվանդներն արդեն առողջացել են. բարդություններ չկան: Գայանե Սահակյանն ասաց, որ Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է: Գրանցված դեպքերի վարակի աղբյուրը Վրաստանի բնակիչներն են: «Տեղական տարածում չենք ունեցել: Այդ 4 դեպքով մենք սահմանափակվել ենք»,- ասաց Գայանե Սահակյանը:

Գայանե Սահակյանը նշեց, որ Վրաստանում հանգիստն անցկացնել ցանկացող անձանց Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել կարմրուկի դեմ: Նա հավաստիացրեց, որ Հայաստան պատվաստանյութեր ներկրվում են միայն եվրոպական երկրներից. մեր հանրապետություն ներկրվող պատվաստանյութերն, ըստ Առողջապահության նախարարության Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավարի, բելգիական և ֆրանսիական արտադրության են: Գայանե Սահակյանն ասաց նաև, որ վերջին 8 տարիների ընթացքում հնդկական արտադրության ոչ մի պատվաստանյութ Հայաստան չի ներկրվել: Գ. Սահակյանի խոսքով՝ եվրոպական արտադրության պատվաստանյութերն ավելի թանկ են, քան հնդկականը. ասվածը, սակայն, չի նշանակում, որ եվրոպական պատվաստանյութերն իրենց որակով մի քանի անգամ բարձր են հնդկականներից. «Բոլոր պատվաստանյութերի բաղադրությունը նույնն է: Նույն բելգիականը, նույն ֆրանսիականը, նույն հնդկականը նույն բաղադրությամբ են գալիս, բայց քանի որ Հնդկաստանում աշխատուժը բավական էժան է, այնտեղ պատվաստանյութի ինքանրժեքը հենց աշխատուժող է պայմանավորված: Հնդկացին կարող է աշխատել 500 դոլարով, իսկ ֆրանսիացին՝ ոչ: Սրանով պայմանավորված գները բավական թանկանում են: Մենք ստիպված մեր բնակչության պահանջները հաշվի առնելու համար բերում ենք փոքր-ինչ թանկ պատվաստանյութ: Եթե պետք է բերենք հնդկական, և բնակչությունն իրենց երեխաներին 70 տոկոսով տանի պատվաստման, դա բոլորովին անիմաստ միջոցառում կլինի»:

Անդրադառնալով Վրաստանում կարմրուկի համաճարակին՝ Գ. Սահակյանն ասաց, որ եթե մինչև հունիսի 14-ը յուրաքանչյուր օր կարմրուկի 80-100 նոր դեպք էր գրանցվում, ապա  «հունիսի 17-ի տվյալներով՝ 3 օրվա ընթացքում դեպքերի քանակն ավելացել է 40-ով: Սա նշանակում է, որ վիճակը կայունանում է: Այնտեղ համաճարակային իրավիճակը կարծես թե կայունանում է»:

Տեսանյութեր

Լրահոս