Սաակաշվիլին ընդգծել է հակամարտությունների կարգավորման ոլորտում ԵԱՀԿ-ի ակտիվացման անհրաժեշտությունը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան երեկ այցելել է Վրաստան, ուր նրան ընդունել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Թբիլիսիում տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մեջ ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինայի դերակատարությունը:
Սաակաշվիլին ընդգծել է տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման ոլորտում ԵԱՀԿ-ի ակտիվացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են, որ կարգավորման գործընթացը պետք է կրի բացառապես խաղաղ բնույթ:
Սաակաշվիլին ու Կոժարան քննարկել են նաև երկկողմանի համագործակցության հարցն ու համատեղ տնտեսական նախագծերի հեռանկարները: Կոժարայի հետ հանդիպել է նաև Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Այդ հանդիպումից հետո Կոժարան հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն մտահոգված է այն միակողմանի գործողությունների կապակցությամբ, որոնք հակամարտության գոտում խոչընդոտում են ազատ տեղաշարժին:
Հիշեցնենք, որ Կոժարան պետք է այցելեր նաև Հայաստան ու Ադրբեջան, սակայն դա հետաձգվեց: