Բաժիններ՝

«ՀայՌուսգազարդի» հետ կապված սխալը Քոչարյանից է եկել

«Սխալը հենց սկզբից է եկել, երբեք չէր կարելի «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսեր տալ «Գազպրոմին»՝ գազի գինը պահելու համար: Միևնույն է, եթե մենք գինը 1 տարի էլ պահենք, չթողնենք շատ բարձրանա, մեկ է՝ մյուս տարի է բարձրանալու, և այս ձևով մենք բազմաթիվ օբյեկտներ տվեցինք ուրիշներին: Բայց եթե դրանք վաճառեինք, շատ ավել լավ կլիներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 1999-2000 թթ.-ին ՀՀ էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը՝ մեկնաբանելով ռուսական «Գազպրոմ» ընկերության տարածած տեղեկատվությունը, որ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը քննարկել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը մինչև 100% հասցնելու հնարավորությունը (ներկայում այն կազմում է 80%):

Ըստ Դ.Զադոյանի՝ եթե Հայաստանը գինը պահում է, միևնույն է՝ ավելի շատ օգտվում են օլիգարխները, իսկ եթե չպահի, օլիգարխներն այդքան չեն օգտվի, նաև ՀՀ էներգետիկ օբյեկտները նորմալ գնով կվաճառվեին, ու հասցեագրված՝ սոցիալապես անապահով մարդկանց օգնություն կցուցաբերվեր, ինչը շատ ավելի ճիշտ կլիներ. «Այդ սխալը հիմա չի արվել, Ռոբերտ Քոչարյանից առաջ ու այդ ժամանակներից է արվել»:

Նա նաև նշեց, որ ներկայումս ՀՀ քաղաքացին 100 հազ. դրամ է ստանում՝ որպես աշխատավարձ, իսկ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները՝ 400-500 հազ. դրամ: Դ.Զադոյանի կարծիքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է թե աշխատավարձի չափը և թե ընկերության աշխատողների քանակը վերանայի, նաև ուշադրություն դարձնեն գազի կորուստի վրա. «Այդ որտե՞ղ կա կորուստ: 1 գ կորուստ որ լինի, կխառնվեն իրար: Ուրեմն կորուստ չկա, գողություն կա, իսկ հասարակ մարդը հո չի՞ կարող գողանալ»:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդը» ստեղծվել է 1997 թվականին։ Ի սկզբանե ընկերության 45% բաժնետերը ՀՀ կառավարությունն էր` ի դեմս Էներգետիկայի նախարարության, մյուս 45%-ը պատկանում էր «Գազպրոմին», իսկ 10%-ը՝ միջազգային «Իտեռա» ընկերությանը: Այդ ժամանակ ընկերության կանոնադրական կապիտալը 140 մլրդ դրամ էր: 2006թ. Հայաստանը գազի դիմաց ռուսական կողմին հանձնեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որն անցավ «ՀայՌուսգազարդի» հաշվեկշիռ՝  բաժնեմասը դարձնելով 57%, ապա նոր թողարկված պարտատոմսերի միջոցով բաժնեմասը հասցվեց 72%, իսկ«Գազպրոմի» կողմից «Իտեռայի» բաժնեմասը ձեռք բերելուց հետո պատկերը դարձավ 80%՝ «Գազպրոմ» – 20%՝ ՀՀ կառավարություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս