Ո՞վ է շահագրգռված «ՀայՌուսգազարդի» հայկական մասնաբաժնի վաճառքի մեջ
Երեկ ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ «Գազպրոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի ու ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Ինչպես հայտնում է «Գազպրոմի» պաշտոնական կայքը, Ալեքսեյ Միլլերի և Արմեն Մովսիսյանի միջև բանակցությունների ժամանակ դիտարկվել է Հայաստանի Հանրապետության սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը, և նաև «խոսք է գնացել «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը մինչև 100 տոկոսի հասցնելու հնարավորության մասին (ներկայումս այն կազմում է 80 տոկոս.- Ա.Ս.)»:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկությունը, հիշեցրեց ՌԴ-ից ներկրվող բնական գազի գնի բարձրացման և դրա դեմ հայաստանյան հասարակական կազմակերպությունների կազմակերպած բողոքի ակցիաների մասին` նշելով, որ «ՀայՌուսգազարդն» ինքնին բարդ վիճակում է հայտնվել, և դժվար է ասել, թե իրականում ով է շահագրգռված, որ «ՀայՌուսգազարդի» ՀՀ կառավարության մասնաբաժինն ամբողջությամբ տրվի ռուսական կողմին:
«Գուցե տեղացի չինովնիկները, բայց գուցե հենց Ռուսաստանն՝ ինքը, հետևելով այդ պրոցեսներին, փորձում է իր ձեռքը վերցնել, սա է խնդիրը: Այսպես թե այնպես, կարծում եմ, որ գազի գների հետ կապված ինչ-որ մի համաձայնության են փորձում գալ»,- ասաց Մանվել Սարգսյանը:
«Այն հանգամանքը, որ «Գազպրոմն» իր հայաստանյան գործընկերոջ հետ բարձրացրել է նման խնդիր` կապված գների իջեցման հետ, ցույց է տալիս, որ գործարքը գուցե այդ շրջանակներում է: Կարծում եմ` այստեղ տնտեսական վերլուծության անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ հասկանան հիմնական պատճառը»,- ավելացրեց նա:
Այն տեսակետի վերաբերյալ, որ նման գործարքները հավասարազոր են «երկրի անկախությունը վաճառելուն», քաղաքագետը նշեց, որ նմանատիպ դեպքերում այդ տեսակետը միշտ հնչել է, սակայն միաժամանակ դժվարացավ նշել, թե որքանով է այդ երևույթը քաղաքական:
«Ի վերջո, 80 տոկոսը ռուսական կողմի ձեռքին է, և այդ առումով 20 տոկոսն էական չէ, բայց խնդիրն այն է, որ հիմնարկն անցնում է Ռուսաստանի ձեռքը: Սա արդեն լուրջ խնդիր է, և այս առումով` դեռ հարց է` սա Ռուսաստանի՞ ճնշման տակ է արվում, թե՞ ավելի շուտ Հայաստանի իշխանություններն են դրա միջոցով ինչ-որ հարցեր լուծում»,- նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: