
«Գազպրոմը» պլանավորել է «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժինը հասցնել 100 տոկոսի

Ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երեկ «Գազպրոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի ու Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են գազային ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հիմնական հարցերը՝ ներառյալ Հայաստանի էներգետիկ նախագծերում «Գազպրոմի» մասնակցությունը:
Բանակցությունների ժամանակ դիտարկվել է Հայաստանի Հանրապետության սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը: Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը մինչև 100 տոկոսի հասցնելու հնարավորության մասին (ներկայումս այն կազմում է 80 տոկոս):