Բաժիններ՝

Արվեստի ոլորտում կստեղծվի բիզնես միջավայր

«Բարձր արվեստ» կենտրոնն այսուհետ կներկայացնի www.hi-artonline.com նախագիծը, որը ոչ միայն լայնամասշտաբ ցուցահանդեսներ կիրականացնի, այլև հայկական արվեստի միջազգայնացման նպատակով կստեղծի համացանցային ռեսուրս:

Հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա կայքի շնորհանդեսը և արտառոց մի ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի բացման օրը հատուկ խորհուրդ ունի. այն նվիրվելու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տասնամյակին: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի պաշտոնական ծրագրով հյուրերին ներկայացնելու է «Բարձր արվեստ» կենտրոնի «www.hi-artonline.com» նախագծի շրջանակներում իրականացվող ցուցահանդեսը:

Նախագծի հեղինակ, հիմնադիր նախագահ Աննա Գրիգորյանն ասում է. «Կինոփառատոնի բոլոր հյուրերը կհյուրընկալվեն թանգարանում կազմակերպված մեր ցուցահանդեսին, որի բացումը կլինի փակ ձևաչափով՝ հյուրերի, հրավիրյալների ներկայությամբ, իսկ հուլիսի 12-ից մինչև 16-ը բոլորը կարող են այցելել թանգարան: Հասարակությանը կոչ կանեմ շտապել, քանի որ կարող են տեսնել շեդևրների մի մեծ կոլեկցիա, որը երբեք չի ցուցադրվել: Հայաստանում առաջին անգամ ցուցահանդեսին ներկայացնելու ենք և՛ դասական, և՛ ժամանակակից հեղինակներ՝ Սարյան, Մինաս, Խանջյան, Քոչար, Թերլեմեզյան, Խաթլամաջյան:

Բացի այդ, ֆրանսահայ նկարիչների մի անկրկնելի հավաքածու ենք ներկայացնելու՝ Գառզու, Ժանսեմ, Շահին, Մախոխյան, Զաքարյան, Թութունջյան և այլք: Այսինքն՝ անուններ, որոնք մեր հասարակության համար բացահայտված չեն: Ժամանակակիցներից՝ Արթուր Սարգսյան, Արև Պետրոսյան, Խաչատուր Մարտիրոսյան, Աշոտ Հարությունյան, Մերի Մուն, Գարիկ Կարապետյան և շատ հետաքրքիր այլ հեղինակներ»: Նախագծի հեղինակը հավաստիացնում է, որ ժանրային լայն ընտրությունից բավականին հետաքրքիր էքսպոզիցիա են ստանալու, մանավանդ, որ Հայաստանում դասական և ժամանակակից, աբստրակցիա և գծանկարչություն, լուսանկարչություն, քանդակագործություն համադրում, էքսպոզիցիա, այն էլ՝ գրագետ չի եղել: Ցուցահանդեսին ներկայացվելու են նաև սերունդների տարբերությամբ ստեղծված գործերը:

Կարդացեք նաև

lus

«Չի կարող հետաքրքիր լինել, թե ով՝ ումի՞ց բաժանվեց, ո՞վ՝ ո՞ր ռեստորանում՝ ի՞նչ կերավ»

«www.hi-artonline.com» նախագիծը ցուցահանդեսից հետո փորձելու է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն ժամանակակից այն արվեստագետներին, որոնց կներկայացնի հուլիսի 11-ին, այլև համագործակցության խելամիտ առաջարկներով հանդես եկող ստեղծագործողներին: Այսուհետ Հայաստանում կգործի «www.hi-artonline.com» նախագիծը, որը հավակնոտ գաղափարներ կիրականացնի: Ըստ նախագծի հիմնադիր նախագահ Ա. Գրիգորյանի՝ ամեն ինչ արվելու է հասարակությանն արվեստի դաշտ բերելու, մշակութային տեղեկատվության կրողը դարձնելու համար: «Հասարակությանը մշակութային տեղեկատվություն փոխանցող ամենամեծ ուժը չորրորդ իշխանությունն է: Լրագրողների համար պետք է հետաքրքիր լինի արվեստը, որովհետև հնարավոր չէ մշտապես գրել, թե ով ումից բաժանվեց, որ ռեստորանում ինչ կերան, «Փարվանայում» քանի անգամ պարեցին և այլն: Արվեստի մասին լրատվությունը պետք է լինի անհրաժեշտություն, որովհետև չի կարելի մարդկանց ականջին լցնել միայն մասսկուլտուրա: Հասարակությունն ինչով կերակրվում է՝ նրանով էլ հետաքրքրված է: Մենք հասարակությանը հնարավորություն ենք տալիս նայելու Քոչար, Սարյան, Մինաս, որպեսզի երեխաների հետ գան, այնուհետև՝ կարդան, երեխաներին կրթեն և բարձր արվեստով դաստիարակեն: Լրատվամիջոցների համար նույնպես պետք է հետաքրքիր լինի նայել այն հեղինակներին, որոնց ցուցադրելու հնարավորություն երբեք չի եղել»,- ասում է Ա. Գրիգորյանը:

«Թութունջյանը, Դալին և Պիկասոն ներկայացվել են նույն գնային համակարգում»
Ա. Գրիգորյանի հավաստմամբ՝ ստեղծվում է մի տարածք, որտեղ մեր արվեստագետները ոչ միայն ներկայանալու հնարավորություն կունենան, այլև՝ «www.hi-artonline.com» նախագծի միջոցով մասնակից կլինեն համաշխարհային իրադարձություններին: Նախագծի հեղինակ, «www.hi-artonline.com»-ի հիմնադիր նախագահ Աննա Գրիգորյանի հավաստմամբ՝ ի վերջո, հայ ժամանակակից նկարիչները, քանդակագործները հնարավորություն կունենան ոչ միայն դրսևորվել Հայաստանում, այլ նաև՝ ամբողջ աշխարհում, մի բան, որն առայսօր Հայաստանում կազմակերպել չի հաջողվել: «Սա մի պլատֆորմ է, որի նպատակն է հայկական արվեստը հանել համաշխարհային շուկա: Կկազմակերպենք «օնլայն» վաճառք, որով պետք է պատշաճ ներկայացնենք, պրոպագանդենք մեր նկարիչներին, ընդ որում՝ ոչ միայն գեղանկարչության, այլ նաև՝ քանդակագործության ոլորտն ենք համակարգելու, դրսին ներկայացնելու, ինչպես նաև լուսանկարչությունը, ծաղրանկարչությունը, դիզայնը, կիրառական արվեստը և այլն»,- ասում է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ հայաստանյան արվեստի նշյալ ոլորտների ուսումնասիրությունը, իրավիճակային վերլուծությունը նախագծի մասնագետներին հուշել է մշակել ոլորտի համակարգման քաղաքականության երեք խոշոր ուղենիշեր: Առաջին խոշոր բազան կայքն է, որտեղ կարելի է հայկական արվեստի վերաբերյալ ինֆորմացիան ամբողջությամբ կուտակել և ներգրավել նաև միջազգային հեղինակավոր գալերեաներին, թանգարաններին, փառատոներին և խոշոր աուկցիոններին:

Դրանից զատ, կայքում հնարավոր կլինի նաև ներկայացնել աշխարհում սփռված հայ արվեստագետներին և ստեղծել դրսի, ներսի կապը: Կայքում հնարավոր կլինի ներբեռնել ոչ միայն տվյալ հեղինակի ստեղծագործության նմուշները, այլև՝ ստանալ տեղեկատվություն հեղինակից: Նախագծի երկրորդ և կարևորագույն ծրագրերից է ապագայում նաև աուկցիոնային կուլտուրան պատշաճ մակարդակով կազմակերպելը, ընդ որում՝ «օնլայն» աուկցիոններից զատ, կիրականացվեն դասական աճուրդներ: «Մենք կանենք ամեն հնարավոր բան` կայանալու և դասակարգվելու այնպիսի ճանաչված աուկցիոն տների հետ, որոնք առկա են եվրոպական երկրներում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում: Պետք է նշեմ, որ մեր մշակած քաղաքականության ամենադժվար փուլն աուկցիոն իրականացնելն է լինելու, բայց վստահ եմ, որ մեր մասնագետները` իրավիճակին տիրապետելով, մեր երկրի առանձնահատկությունները հաշվի առնելով` խելամիտ ռազմավարություն կմշակեն, համաձայն որի՝ առաջիկայում դուրս կգանք համաշխարհային շուկա»,- նշում է Ա. Գրիգորյանը՝ մատնանշելով նաև երրորդ ուղենիշը, որն է՝ ցուցահանդես-վաճառքի սրահը:

Սրահը բաց է լինելու բոլորի համար, որտեղից նկար նայելու, գնելու հնարավորություն կունենան ինչպես տեղացիներն, այնպես էլ՝ զբոսաշրջիկները: Ա. Գրիգորյանը հավաստիացնում է, որ ներկայացվելու է ինչպես` դասական, այնպես էլ՝ ժամանակակից արվեստ: Այնուամենայնիվ, «www.hi-artonline.com» նախագծի գերխնդիրը հայկական արվեստի մի այնպիսի հարթակ, ռեսուրս ստեղծելն է, որը պետք է դուրս գա համաշխարհային շուկա:

Դրանից զատ` արդեն կանխատեսվում է բարձրացնել Հայաստանի արվեստի ոլորտի կենսունակությունը, հետևաբար` միջազգային հարթակները ներգրավելով` Հայաստանում այդ ակտիվությունը զգալի կլինի: Ա. Գրիգորյանը վստահեցնում է, որ ուսումնասիրելով Հայաստանի արվեստի ոլորտը` եկել է այն եզրահանգման, որ այս պարփակված շուկայի մեջ զարգացում ակնկալելն ուտոպիա է, և անհրաժեշտ է դրսի հետ համագործակցության լայն դաշտ ստեղծել: Ի վերջո, այս նախագիծը ենթադրում է գնահատել առհասարակ հայ արվեստի տենդենցները, մասնավորապես` եթե հաշվի առնենք մոտ 60 երկրներում առկա հայ համայնքներում արվեստագետներ ունենալու փաստը.

S.Khatlamajian--

«Մենք պետք է փորձենք դիտարկել, թե ինչպես են համաշխարհային զարգացումներն ազդում մեր արվեստագետների վրա: Օրինակ՝ ինչպե՞ս է ֆրանսիական կուլտուրան ազդում ֆրանսահայ արվեստագետի վրա, այսինքն՝ ի՞նչ տենդենց ունի հայ ծագում ունեցող արվեստը: Մենք գիտենք, որ ունենք մի ավանդական պլաստ, որի հիման վրա մեր արվեստագետները ստեղծագործում են, բայց այսօր, մեր ժամանակակից իրականության մեջ նրանք ի՞նչ դիրքորոշում ունենգ մենք չգիտենք: Հայկական ժամանակակից արվեստը միասնական, գլոբալ ուսումնասիրության չի ենթարկվել, մինչև անգամ մոդեռնիզմն ուսումնասիրված չէ: Խոսքս շուկայական ուսումնասիրության մասին է նաև, օրինակ` Թութունջյանի վերաբերյալ փաստեր են գտնվել, համաձայն որոնց՝ խոշոր աուկցիոնի ժամանակ վաճառքի են ներկայացվել Թութունջյանը, Դալին և Պիկասոն` նույն գնային համակարգի մեջ, այն ժամանակ` 350.000 ֆրանկով: Այսինքն՝ Թութունջյանը Պիկասոյին, Դալիին հավասար գնահատված նկարիչ է եղել, մինչդեռ Թութունջյանի պաշտոնական գնահատումը մենք այսօր չունենք: Մեր հայ արվեստագետներն օբյեկտիվ գնահատված չեն»:

Այնուամենայնիվ, նախագիծը ստեղծելու է այն մասնագիտական խումբը, որն օբյեկտիվորեն գնային քաղաքականություն է վարելու և փաստերի հիման վրա արդարացնելու է իր սահմանած գնային համակարգը: Առաջիկայում մասնագետները կիրականացնեն մարքետինգ, մոնիտորինգ՝ փորձելով հետազոտության ենթարկել ամբողջ դաշտը՝ հասկանալու համար, թե Հայաստանի որ արվեստագետը կարող է ներգրավվել համաշխարհային շուկայում: Ի վերջո, համացանցային բոլոր հնարավորություններն օգտագործվելու են հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջև երկխոսություն ստեղծելու, միավորելու համար:

«Մեր նպատակներից մեկն էլ՝ արվեստի ոլորտում բիզնես միջավայր ստեղծելն է, որն իր հերթին` արվեստի զարգացման խթանող ուժն է: Բիզնես միջավայրն ինչ-որ իմաստով ուղիղ կապ ունի այն հանգամանքի հետ, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն մեր ժամանակակից նկարիչները, որովհետև այն կարող է կայանալ երկկողմանի համագործակցության արդյունքում: Մեր նկարիչների մասնակցությունը, օժանդակումն այս նախագծում շատ մեծ դերակատարում ունի: Մեր հանդիպումները, քննարկումները ցույց են տալիս, որ բոլորը շատ ոգևորված են, որովհետև բոլորն էլ միանշանակ նույն միտքն են հնչեցնում՝ սա պիտի վաղուց լիներ, պահանջը շատ կար, պարզապես պետք է հայտնվեր մեկը, ով կիրականացներ»,- հավատացնում է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ իրականացվելու են տարատեսակ ակցիաներ բիզնես միջավայր ստեղծելու համար:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս