Բաժիններ՝

«Պետության բաժնեմասեր վաճառել, երկրի անկախությունը վաճառել, բանը դրան է հասել».Ստեփան Սաֆարյան

«Բանն արդեն հասել է երկրի անկախությունը վաճառելուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` արձագանքելով «ՀայՌուսգազարդ» ընկերությունում հայկական կողմի մասնաբաժինը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին տեղեկությանը:

Հիշեցնենք, որ երեկ ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ «Գազպրոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի ու Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ «խոսք է գնացել նաև «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը մինչև 100 տոկոսի հասցնելու հնարավորության մասին»:

Ներկայումս այն կազմում է 80 տոկոս, իսկ 20 տոկոսը տնօրինում է հայկական կողմը:

«Պետության բաժնեմասեր վաճառել, ազգի իրավունքներ վաճառել, երկրի անկախությունը վաճառել, բանը դրան է հասել»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սա այն զիջումն է ռուսական կողմին, որի մասին ակնարկել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` իր հարցազրույցներից մեկում խոսելով այն մասին, թե ինչի հաշվին է Ռուսաստանի Դաշնության կողմից սուբսիդավորվելու գազի գնի բարձրացումը:

«Սա զիջում չէ, սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի երկիր իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում նման լրաբեր պիտի ունենա, ապա սա պարզապես նշանակում է, որ այդ ռազմավարական գործընկերությունը և բարեկամությունն իսպառ գոյություն չունեն»,- ավելացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղարը:

Պարոն Սաֆարյանը  հիշեցրեց նաև ժամանակին Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կնքված հայտնի «Գույք` պարտքի դիմաց» գործարքի մասին` ընդգծելով, որ այս երևույթը գալիս է «Գույք` պարտքի դիմաց» բանաձևի տրամաբանությունից, «երբ փոքր եղբայրը մեծ եղբորը պարտք է լինում, և մեծ եղբայրը գալիս ասում է` տանդ ունեցած-չունեցածը վերցնում եմ»:

«Անշուշտ, էներգետիկան Ռուսաստանի համար քաղաքական զենք է դարձել, և նա այն օգտագործում է Ուկրաինայի և մյուս երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով: Բայց մյուս կողմից` պիտի հասկանանք, որ Հայաստանն՝ ինքը, ճակատագրական սխալ է գործել, քանի որ կարող էր ունենալ իրանական գազ, այսինքն` ունենալ այլընտրանք, եթե չասեմ, որ Հայաստանն այս ընթացքում ուներ ժամանակ՝ էապես փոխելու իր էներգետիկ ոլորտի կառուցվածքը»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Իսկ նման զիջումները ռուսական կողմին ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար: Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ սա ժամանակավոր լուծում է, և որոշ ժամանակ անց Ռուսաստանը կսպառնա գազի գնի բարձրացմամբ` հերթական զիջումն ակնկալելով Հայաստանից:

Մեր հարցին, թե արդյո՞ք այս գործարքը կապ ունի Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Միանշանակ սա կապ ունի Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չափազանց նյարդային շարժումներ է կատարում, որքան մոտենում է Եվրոպական միության հետ Հայաստանի Ասոցիացման պայմանագրի և Խորը ու համապարփակ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ժամկետը: Եվ Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ Հայաստանը դրա համար թանկ կվճարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս