Իրանագետ. Հայ-իրանական հարաբերությունները միայն բարելավվելու հեռանկար ունեն
Նախորդ ուրբաթ` հունիսի 14-ին, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ունեցան 11-րդ նախագահական ընտրությունները, որոնցում, չնայած որոշ կանխատեսումներին, թե ամենայն հավանականությամբ` ընտրությունների առաջին փուլը չի պարզի նոր նախագահի անունը, այնուամենայնիվ, հաղթեց «չափավոր հոգևորական» և բարեփոխական համարվող Հասան Ռոհանին` ստանալով ընտրողների քվեների ավելի քան 50 տոկոսը: Այս կապակցությամբ «168 Ժամը» զրուցեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:
– Պարոն Ոսկանյան, ի՞նչ քաղաքական հայացքներ ունի Հասան Ռոհանին, ինչո՞վ էր պայմանավորված նրա հաջողությունը, եթե հաշվի առնենք, որ արևմտյան մամուլն ընտրությունների ֆավորիտ էր համարում պահպանողական Սայիդ Ջալիլիին:
– Ընդհանուր առմամբ` եթե գնահատելու լինենք իրանական քաղաքական դաշտը և նախագահի թեկնածուներին, ապա պետք է նկատենք, որ ընտրական փուլի վերջում մնացած 6 թեկնածուներից միայն Հասան Ռոհանին էր ներկայացնում բարեփոխիչների ճամբարը, եթե այդպես կարելի է կոչել: Այս տեսանկյունից` Իրանում շատ հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին. փաստորեն, որևէ կանխատեսում չիրականացավ, ինչպես հաճախ լինում է:
Եթե հիշում եք, նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ էլ որևէ մեկը չէր կանխատեսել Ահմադինեժադի հաղթանակը, բայց նա հաղթեց, և հետաքրքիր է, որ Ռոհանին հաղթեց շատ ազատ և թափանցիկ անցկացված նախագահական ընտրություններում: Այս առումով` թե՛ Իրանի դիրքերը միջազգային ասպարեզում, թե՛ ներկայիս իշխանությունների դիրքերը երկրի ներսում` բնակչության շրջանում, բավական ամրապնդվեցին, և ընդհանրապես Իրանի հեղինակությունը միջազգային հանրության աչքում բարձրացավ` չնայած Արևմուտքից հնչող շատ զուսպ գնահատականներին և արձագանքներին:
– Իսկ որքանո՞վ էր այս ընտրությունն արտացոլում իրանցիների ներքին տրամադրությունները ներքաղաքական, սոցիալական և աշխարհաքաղաքական տեսանկյուններից:
– Ընդհանրապես, եթե մենք դիտարկում ենք թեկնածուների նախընտրական քարոզարշավը, ապա պարզ է դառնում, որ թեկնածուների ծրագրերն իրականում միմյանցից այդքան էլ չէին տարբերվում: Այսինքն` բոլորի ծրագրերում էլ անշուշտ կար անդրադարձ երկրի տնտեսական վիճակին, որն, իմիջիայլոց, վատթարացել է` հիմնականում կապված միջազգային պատժամիջոցների հետ, բոլորի ծրագրերում էլ կար երկիրը, այսպես ասած, միջազգային մեկուսացումից դուրս բերելու խնդիրը, և գրեթե բոլորի ծրագրերում էլ կար որոշակի քաղաքացիական ազատությունների խորացումը և ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը: Պարզապես, հավանաբար, նաև Հասան Ռոհանիի պարագայում վճռորոշ դեր խաղաց այն, որ նրան օժանդակություն ցուցաբերեցին Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին, և ինչ-որ չափով, կարելի է ասել, նաև մյուս նախագահը` Խաթամին: Նրանք իրենց աջակցությունը հրապարակավ հայտնեցին Ռոհանիին, և կարծում եմ` սա բավական կարևոր դերակատարություն ունեցավ նրան ընտրելու ժողովրդի վճռականության մեջ:
– Իսկ ի՞նչ դիրքորոշում ուներ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին:
– Ընդհանրապես, երկրի հոգևոր առաջնորդը նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում որևէ թեկնածուի իր աջակցությունը չհայտնեց, այսինքն` դաշտը թողեց թեկնածուներին, ովքեր ազատ մրցակցային պայմաններում կարողացան իրականացնել իրենց քարոզարշավը: Այսինքն` Իրանի հոգևոր առաջնորդը որևէ թեկնածուի չառանձնացրեց, և, իմ կարծիքով` դա շատ կարևոր քայլ էր:
– Հասան Ռոհանին երկար տարիներ դիվանագիտական գործունեություն է ծավալել և եղել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանագնացը` Արևմուտքի հետ հարաբերություններում: Որպես նոր նախագահ` նա որքանո՞վ կարող է ազդել Իրանի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես` Իրան-Արևմուտք հարաբերություններում և նաև հայ-իրանական հարաբերությունների առումով, և ընդհանրապես կարո՞ղ է ազդել, թե՞ ոչ:
– Իրանի քաղաքականությունը թե՛ տարածաշրջանում, թե համաշխարհային ասպարեզում ունի հստակ ուղեգիծ, և չեմ կարծում, որ այդ ուղեգծից լուրջ շեղումներ լինեն: Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա դրանք միայն բարելավվելու հեռանկար ունեն և ավելի կզարգանան, վատթարացում հաստատ չի լինի: Եթե մյուս հարևաններին դիտարկենք, ապա ադրբեջանական հանրապետության կապակցությամբ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռոհանին քննադատական խոսքեր էր հնչեցրել` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանն Իրանի համար որոշակի վտանգ է ներկայացնում:
Իրան-Արևմուտք հարաբերություններում միգուցե հռետորաբանության տոնայնության մեջ փոքր-ինչ մեղմացում նկատվի, բայց, ընդհանրապես, Իրանը, ըստ իս, չի հրաժարվի իր միջուկային ծրագիրն առաջ տանելուց և իր վերջնական նպատակին հասնելուց: Շատ հետաքրքիր կարող են դասավորվել Թուրքիայի հետ հարաբերությունները` հատկապես Թուրքիայում շարունակվող վերջին գործընթացների համատեքստում: Նշեմ, որ Ռոհանին նախընտրական շրջանում քննադատել էր նաև Թուրքիայի իշխանություններին: Փաստորեն, Հասան Ռոհանին քննադատություն է հնչեցրել երկու տարածաշրջանային երկրների հասցեին, Ադրբեջանին` ավելի խիստ, Թուրքիայի հանդեպ` ավելի մեղմ:
– Բայց ընդհանուր առմամբ` Իրանի դիրքորոշումը հարևան երկրներում տեղի ունեցող ներքին գործընթացներին չմիջամտելն է, այդպես չէ՞:
– Սովորաբար, Իրանի քաղաքական օրակարգը միշտ ունեցել է այդ հարցը` հնարավորին բարեկամական և նորմալ հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ, բայց, օրինակ, ադրբեջանական հանրապետության պարագայում, չնայած երկկողմ հայտարարություններին, դա չի հաջողվել անել`հիմնականում Ադրբեջանի մեղքով, և մշտապես եղել են սրացումներ, նույնիսկ դեսպանների են հետ կանչել: Այս տեսանկյունից` ադրբեջանա-իրանական հարաբերությունները, կարծում եմ, հեռանկար չունեն: Ի վերջո, այնտեղ այնպիսի լուրջ խնդիրներ կան, որոնց կարգավորումը տեսանելի ապագայում ես չեմ տեսնում:
– Վերջերս ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին, լրագրողների հետ զրույցում խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, ասաց, որ Արևմուտքը լավ պատկերացում չունի Իրանի մասին, որովհետև, եթե շիաների հոգևոր առաջնորդը հայտարարում է, թե Իրանը չի ստեղծելու միջուկային զենք, ապա որևէ իրանցի չի կարող անտեսել այդ խոսքը: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
– Արևմուտքը չի կարողանում ապացուցել, որ Իրանը գնում է միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, այսինքն` նման հստակ ապացույցներ միջազգային հանրությանը ներկայացված չեն: Տարբեր տեսակի մեղադրանքներ հնչում են, բայց դրանք ապացուցելու համար պետք է հստակ փաստարկված և հիմնավորված բազա լինի:
Մասնավորապես` Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հայտարարությունները չունեն հստակ ապացուցողական բազա և շատ կասկածելի են հնչում: Կարծում եմ` այդպես է նաև Իրանի պարագայում: Այսօր ոչ ոք չի կարող պնդել, որ Իրանը գնում է միջուկային զենքի ստեղծման, և, բնականաբար, շատ կարևոր է երկրի հոգևոր առաջնորդի դիրքորոշումը, որով նա պաշտոնապես հայտարարում է, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում, այլ նպատակ ունի ծրագիրն իրականացնել միայն խաղաղ ատոմի օգտագործման շրջանակներում:
Հասան Ռոհանիի կենսագրությունը՝ այստեղ.
«168 ԺԱՄ»