Բաժիններ՝

Ով է Իրանի նորընտիր նախագահը (լուսանկարներ)

Հունիսի 14-ին հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ունեցան 11-րդ նախագահական ընտրությունները, որին մասնակցում էր 6 թեկնածու` ռեֆորմիստ Հասան Ռոհանին, Նավթի նախկին նախարար Մուհամմադ Խարազին, անկախ թեկնածու Մոհսեն Ռեզային, Թեհրանի քաղաքապետ Մուհամմադ Բագեր Ղալիբաֆը, նախկին փոխնախագահ, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալին և ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին: Իրանի նախագահական ընտրություններին շուրջ 50 միլիոն ընտրողի իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել են գրեթե 37 միլիոնը (72,7 %):

Թեև կային կանխատեսումներ, որ, ամենայն հավանականությամբ, ընտրությունների առաջին փուլը չի պարզի նոր նախագահի անունը, այնուամենայնիվ, թեկնածուներից «չափավոր հոգևորական» և բարեփոխական համարվող Հասան Ռոհանին ստացավ 18 մլն. 613.3 հազար  քվե, այսինքն` ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը` այդպիսով ընտրվելով Իրանի նոր նախագահ: Նշենք, որ երկրորդ տեղը գրաված Մուհամմադ Բագեր Ղալիբաֆը ստացել է մոտ 6,077 292 քվե (16,42 տոկոս):

hassan rowhani 1

Այսպիսով, ո՞վ է Հայաստանի Հանրապետության հարևան երկրի նորընտիր` 7-րդ նախագահը: Ներկայացնում ենք նրա համառոտ կենսագրությունը:

Կարդացեք նաև

Հասան Ֆերիդոն. մանկությունը և կրթությունը

Դոկտոր Հասան Ռոհանին (ըստ ծննդյան վկայականի` Հասան Ֆերիդոն, պարսկերեն` «ռոհանի» բառն ունի «հոգևոր» կամ «հոգևորական» իմաստը, այդ ազգանունը նա վերցրեց իսլամական հեղափոխությունից առաջ), ծնվել է 1948 թ. նոյեմբերի 12-ին Իրանի Սեմնան շրջանի Սորխեհ քաղաքում (Հյուսիսային Իրան), Իրանի վերջին շահի` Մուհամմադ Ռեզա Փեհլևիի դեմ պայքար մղած ընտանիքում: Իր հոգևոր ուսումնառությունը Ռոհանին սկսել է Սեմնանի ճեմարանում` 1960 թ., այնուհետև` 1961-ին տեղափոխվել է Կում քաղաքի հոգևոր դպրոց:

imagesՍակայն ավելի ուշ անցել է նաև աշխարհիկ դասընթացներ` Թեհրանի համալսարանում, որտեղ 1972 թ. ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան: Պետք է նշել, որ Հասան Ռոհանին սրանով չի սահմանափակվել և հետագայում` 1990-ականներին, սովորել է նաև Գլազգոյի պոլիտեխնիկական (այժմ` կալեդոնյան) համալսարանում, որտեղ նախ՝ 1995 թ., ստացել է մագիստրոսի գիտական կոչում` «Իսլամի օրենսդիր ուժը` Իրանի օրինակով» թեմայով, իսկ 1999 թվականին նույն համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում` պետական իրավունքի բնագավառում:

Քաղաքական գործունեությունը

Լինելով երիտասարդ հոգևորական` Հասան Ռոհանին, բնականաբար, անմասն չի մնացել հատկապես 1970-ականների երկրորդ Իրանում սկսված բուռն իրադարձություններին և դարձել է իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի հետևորդներից մեկը: Ռոհանին առաջինն էր, ով 1977 թ. Թեհրանում Խոմեյնիի որդու` Մուստաֆա Խոմեյնիի սպանության առիթով կազմակերպված ցույցի ժամանակ Խոմեյնիին անվանեց «իմամ» (իսլամական համայնքի ղեկավար): Շուտով նրան սկսեց հետապնդել ՍԱՎԱՔ-ը` շահական Իրանի հատուկ ծառայությունը, որից հետո այաթոլլահ Բեհեշթին և այաթոլլահ Մոթահարրին նրան խորհուրդ տվեցին լքել երկիրը:

Hassan_Rouhani_in_Nofel_Loshato

Առջևում այաթոլլահ Խոմեյնին է, թիկունքում` Հասան Ռոհանին` (ձախից երկրորդը)

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո (1979 թ.) Ռոհանին ընտրվում է Իսլամական խորհրդարանի պատգամավոր (1980 թ.) և ակտիվորեն ներգրավվում է  իսլամական հեղափոխության արտահանման քաղաքականությանը: Հասան Ռոհանին եղել է նաև Իսլամական խորհրդարանի 4-րդ և 5-րդ գումարումների նախագահի տեղակալը:

Hassan_Rouhani,_IRIB_Supervisory_Council,_February_1981

Հասան Ռոհանին ակտիվորեն ներգրավվել է  իրանաիրաքյան պատերազմին (1980-88 թթ.)` զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան զինվորական պաշտոններ. 1982-88 թ. նա դարձավ Իրանի Պաշտպանության բարձրագույն խորհրդի անդամ, ինչպես նաև Պատերազմի աջակցման բարձրագույն խորհրդի անդամ և 1986-88 թթ. գլխավորեց դրա գործադիր կոմիտեն:

Շեյխ դիվանագետը և պոլիգլոտը

Իրանի և Իրաքի միջև երկարամյա պատերազմի տարիներին էլ Հասան Ռոհանին մտերմանում է երկրի ապագա նախագահ Ռաֆսանջանիի հետ, և հետագայում` 1989 թ., դառնում  Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը` կատարելով նաև Ռաֆսանջանիի խորհրդականի պարտականությունները: Ռոհանին այդ դերակատարությունը պահպանեց նաև հաջորդ նախագահի` Խաթամիի իշխանության տարիներին, և նաև դարձավ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանագնացը` Արևմուտքի հետ բանակցություններում: Ծավալած դիվանագիտական գործունեության շնորհիվ էլ բարձրաստիճան հոգևորական Ռոհանիին սկսեցին կոչել «շեյխ դիվանագետ»: Հասան Ռոհանին ԻԻՀ հոգևոր ղեկավարության` «բանիմացների խորհրդի» անդամ է, իսկ որպես Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար՝ պաշտոնավարել է մինչև 2005 թվականը:

Ավելացնենք, որ Հասան Ռոհանին, բացի մայրենի լեզվից` պարսկերենից, վարժ տիրապետում է նաև մի շարք այլ լեզուների` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և արաբերեն:

Ընտանիքը

Հասան Ռոհանին ամուսնացել է դեռևս վաղ երիտասարդության տարիներին` մոտ 20 տարեկան հասակում, և ունի չորս երեխա:

 

Հ. Գ.

Թե որքանով Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի համակողմանի գիտելիքները պետական, ռազմական, դիվանագիտական և այլ բնագավառներում կնպաստեն Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, մասնավորապես` Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը, որքանով կազդի նոր նախագահի ընտրությունը երկրի արտաքին քաղաքականության, այդ թվում` հայ-իրանական հարաբերությունների վրա, կամ կազդի՞ ընդհանրապես, թե՞ ոչ, պարզ կդառնա նոր նախագահի հետագա քայլերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս