Կեղծիքների սովորական շղթան գործել է նաև սուբսիդավորվող պարարտանյութի և դիզվառելիքի ծրագրերում
ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող պարարտանյութի և դիզվառելիքի ծրագրերով առավել շատ խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել Արարատի մարզում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը, իրենց կողմից իրականացվող ստուգումներն ավարտին են մոտենում Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերում: Ըստ նրա՝ խախտումներ առկա են բոլոր 4 մարզերում, իսկ արտառոց դեպքերը քիչ չեն նաև Գեղարքունիքի մարզում: Ծրագրերից օգտված 248 համայնքներից ուսումնասիրվել է 90-ը: Յուրաքանչյուր մարզում ստուգվել է 25-27 համայնք, հարցում է անցկացվել 400 գյուղացու հետ:
Ս.Ղարիբյանի խոսքով՝ Արարատում դիզվառելիք ավելի պակաս է հատկացվել, քան նշվել է ցուցակներում, որի ծավալը 2012-ի գարուն-աշուն և 2013-ի գարուն ժամանակահատվածում կազմում է 170 հազար լիտրից ավելի, կամ այդ գծով բյուջեից հատկացված սուբսիդիայի գումարը 18 մլն դրամ է: Հողօգտագործողների անունով նշվել է 220 հազար լիտրից ավելի դիզվառելիք, բայց դա գյուղացիները չեն ստացել, բայց այդ գծով սուբսիդիայի գումարը կազմում է 21 մլն դրամից ավելի: 4 համայնքում հողօգտագործողների ցուցակներ չկան, իսկ ընդհանուր համայնքի համար 440 հազար լիտր դիզվառելիք է հատկացվել, սուբսիդիան կազմել է 44 մլն դրամ: Այսինքն, նշված դեպքերում միայն 1 մարզում 83 մլն դրամ վնաս է պատճառվել բյուջեին:
Ս.Ղարիբյանը վստահեցրեց, որ այս շաբաթվա ընթացքում գործերը՝ ամբողջականացվելուց հետո, ներկայացվելու են Դատախազություն: Նա միանշանակ հայտարարեց, որ մարզպետները՝ համայնքապետերի միջոցով, կազմել են աջակցություն ստացած գյուղացիների ցուցակները և պատասխանատու են գործընթացի համար:
Շիրակում ազոտական պարարտանյութի բաշխման ժամանակ գյուղացիներից լրացուցիչ 100-150 դրամ գումար է գանձվել 1 պարկի դիմաց, ինչն արգելված էր, բաշխման ցուցակներում կեղծ ցուցակներ են եղել, այսինքն՝ այլ մարզերի բնակիչների անուններ են եղել:
168.am-ի հարցին՝ ստուգվե՞լ է արդյոք, թե աջակցություն ստացած գյուղացիներն իսկապես դրա կարիքն ունեցե՞լ են, թե՞ նաև հարուստներն են օգտվել, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի հարազատները տասնյակ-հազարավոր լիտր սուբսիդավորված վառելիք են ստացել, Ս.Ղարիբյանը պատասխանեց, որ Մխչյան գյուղում ստուգումներ չեն իրականացվել, որովհետև, չնայած համայնքի մեծությանը, ցուցակով 15 անձ է ստացել աջակցություն, և նրանք իսկապես ստացել են այն. «Իսկ մենք ստուգել ենք այն ցուցակները, որոնցում ընդգրկված մարդիկ չեն ստացել աջակցությունը»: Տեսչության պետը նշեց, որ Հովիկ Աբրահամյան անուն Մխչյանի ցուցակում չի եղել, փոխարենը՝ եղել են Հովհաննես Աբրահամյանի (ԱԺ նախագահի եղբորորդին է.- խմբ.) և Հենրիկ Աբրահամյանի (ԱԺ նախագահի եղբայրն է.- խմբ.) անունները, ովքեր ստացել են համապատասխանաբար՝ 12.9 հազար և 35 հազար լիտր վառելիք:
«Նրանք կարող էին ստանալ, որովհետև համայնքի բնակիչ են համարվում: Կառավարության որոշման մեջ սահմանափակում չկա, յուրաքանչյուր հարուստ կարող է օգտվել և օգտվել է այս ծրագրից, ուղղակի հարուստներին ընձեռվել է, քանի որ նրանց գրպանի պարունակությունը շատ ավելի շատ է, օգտվել 30-40 տոննայի չափով, իսկ այն գյուղացիները, որոնց գրպանի պարունակությունը սահմանափակ է, միջինում 0.5 տոննա են ստացել»,- ասաց Ս.Ղարիբյանը: