Միլիոնների չարաշահումներ առողջապահության ոլորտում. Մեղավորների պատիժն ընդամենը աշխատանքից հեռացումն է
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը 2012 թ-ին ստուգումներ է իրականացրել Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ), թե պետպատվերի շրջանակում հիվանդանոցներին հատկացված միջոցներն ինչպես են ծախսվել: Տեսչության պետ Սոնա Ղարիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պետպատվերի ձևավորման բաշխման գործընթացը խիստ թերի է Հայաստանում: Պետպատվերը ձևավորվում է՝ հիվանդների թվից, 1 հիվանդի բուժման միջին գնից, բուժման միջին տևողությունից, հիվանդության բուժման բարդության գործակիցներից ելնելով: Ստուգմամբ արձանագրվել է, որ բոլոր հիվանդանոցներում մեկ հիվանդի բուժման գնի մեջ ներառված է սննդի գումար, այնինչ միայն 2 հոգեբուժարաններից բացի, մնացած բոլոր հիվանդանոցներում սնունդ չի ապահովվել:
«2012 թ. պետբյուջեով 513 մլն դրամ ավելի էր նախատեսված, և ակնհայտ է, որ այս գումարը ծախսվել է ոչ սննդի վրա: Առաջարկել ենք մեկ հիվանդի բուժման գինը նվազեցնել սննդի գումարի չափով, և նախարարի հրամանով սնունդ չտրամադրող հիվանդանոցները չեն ֆինանսավորվի»,- ասաց Ս.Ղարիբյանը:
Ըստ նրա՝ 180 մլն դրամ տարեկան ավելի գումար է պլանավորվել միայն 3 ծրագերով՝ տուբերկուլյոզի բժշկական օգնության, հոգեկան և նարկոլոգիական հիվանդների գծով, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման գծով: Տեսչությունն առաջարկել է այդ գումարը չֆինանսավորել: Բոլոր ուղղություններով նախորդ տարիների հիվանդների փաստացի բուժումը պակաս է եղել նախատեսվածից, օրինակ՝ տուբերկուլյոզի բուժումը 50 օրվա փոխարեն մինչև 40 օր է իրականացվել, հոգեկան հիվանդությունների դեպքում 24 օրվա փոխարեն մինչև 20 օր և այլն: Ս.Ղարիբյանը հայտնեց, որ այժմ անցում է կատարվել 1 օրվա ֆինանսավորման. այսինքն քանի օր բուժվում է հիվանդը, այնքան ֆինանսավորում կհատկացվի: Արդյունքում՝ 2013-ի հունվար-ապրիլին 230 մլն դրամի տնտեսում կա:
Անհետաձգելի բուժման գծով 306 մլն դրամ ավելի է ուղղվել, ստուգման արդյունքում՝ 85 մլն դրամը չի ֆինանսավորվել, մնացած գումարն ուղղվել է լրացուցիչ դեպքերի ֆինանսավորմանը: Բժշկական կենտրոններում ստուգումների արդյունքում նախարարությանն առաջարկվել է խստացնել պատասխանատվության նորմերը: Եթե դեղը փաստացի չէր տրամադրվում, բայց դուրս էր գրվում, պատիժն ընդամենը տվյալ բուժման արժեքի 5%-ի չափով էր, հիմա առաջարկվում է սահմանել 25%, նաև հիվանդի միջոցների հաշվին ընդհանուր 25%-ից ավել գումարի դեղորայք ընդունվելու դեպքում հիվանդանոցը պետբյուջեից չի ֆինանսավորվելու բուժման արժեքի 100% չափով: Բուժկենտրոններում ՊԱԳ-ի կողմից իրականացվելու է համավճարի կիրառման մշտադիտարկում: Շտկվում են պոլիկլինիկաներում բնակչության բազաները, քանի որ դրանք խիստ թերի էին, իսկ ֆինանսավորումը կատարվում է բնակիչների թվով: 2014 թ. հունվարի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից ֆինանսավորման համար հիմք է ընդունվելու բժշկի մոտ գրանցված և տվյալների շտեմարանում առկա բնակիչների թիվը:
«Տարիներ շարունակ 1 մլրդ դրամի չհիմնավորված ծախսերն այսուհետ չեն ֆինանսավորվի և կուղղվեն առողջապահության ոլորտում առավել անհրաժշտ ծրագրերի ֆինանսավորմանը»,- նշեց Ս.Ղարիբյանը:
Նրա խոսքով՝ չարաշահումների համար որպես պատիժ կիրառվել է աշխատանքից ազատումը, այդ թվում՝ ՊԱԳ պետ պետ Արա Տեր-Գրիգորյանի դեպքում:
168.am-ի հարցին՝ ՊԱԳ-ի պետի հրաժարականը ներկայացվեց որպես ինքնակամ, հիմա այս բացահայտումնե՞րն են պատճառ եղել նրա հրաժարականի համար, Ս. Ղարիբյանը հայտարարեց, թե պատիժն էլ է լինում ինքնակամ, և նախքան հրաժարական տալն արդեն բացահայտումները սկսվել էին: