Քանի տարի պետք է խնայել՝ Հայաստանում տուն գնելու համար
Կենտրոնում 70քմ մակերեսով միջին բնակարան ձեռք բերելու համար երկու հոգանոց ընտանիքը պետք է խնայի մոտ 9 տարի՝ բավարար գումար կուտակելու համար։ Սա այն դեպքում, երբ ընտանիքի երկու չափահաս անդամները աշխատում են, ստանում են միջինը 142 հազար դրամ աշխատավարձ և իրենց ողջ եկամուտը կուտակում են՝ տուն գնելու համար։
Այս տվյալները կարելի է գտնել «Ազգային Հիփոթեքային Ընկերության» կողմից հրապարակված բնակարանային մատչելիության ինդեքսում։ Բնակարանային մատչելության ինդեքսը ցույց է տալիս, թե քանի տարում ընտանիքը միջոցներ կկուտակի բնակարան ձեռքբերելու համար, եթե ենթադրենք, որ ողջ եկամուտները խնայվում են այդ նպատակի համար: Հաշվարկներն հիմնված են միջին վիճակագրական տվյալների վրա:
Օրինակ, միջին աշխատավարձով երկու աշխատող ունեցող ընտանիքը, ովքեր համաձայն ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության 2013թ. ապրիլ ամսվա հրապարակման ստանում են յուրաքանչյուրը 142,711-ական ՀՀ դրամ միջին աշխատավարձ, ցանկանում է ձեռք բերել երկսենյականոց բնակարան Երևանում` 70քմ մակերեսով: 2013թ. ապրիլին Երևանում 1քմ-ի միջին արժեքը եղել է 271,400 ՀՀ դրամ` համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատուի: Այսինքն ցանկալի բնակարանը կարժենա 18,998,000 ՀՀ դրամ, իսկ բնակարանային մատչելության ինդեքսը` 5.5: Նշանակում է, որ միջին վիճակագրական ընտանիքն իր միջոցներն ամբողջությամբ պետք է խնայի 5.5 տարի` Երևանում միջին արժողության բնակարան ձեռք բերելու համար:
Ինչպես և կարելի էր ենթադրել, ամենադժվարը Կենտրոնում անշարժ գույք ձեռք բերելն է. դրա համար հարկ կլինի կուտակել 8.75 տարի։ Ամեննամատչելին Նուբարաշենի անշարժ գույքն է՝ 3 տարում հնարավոր է ձեռք բերել։ Երևանում բնակարանների մատչելիության միջին ինդեքսը 5.55 է։
Բնակարային մատչելիության ինդեքսը՝ ըստ Երևանի առանձին վարչական շրջանների, ներկայացված է աղյուսակում։ Իսկ ամբողջական հրապարակումը, որտեղ ներկայացված է նաև մարզերի ինդեքսը, կարդացեք ավելի ուշ։