Բաժիններ՝

Բարաք Օբամայի աֆրիկյան շրջագայությունն ԱՄՆ բյուջեի համար կարժենա մինչև 100 միլիոն դոլար. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ նախագահ Բարաք Օբամայի աֆրիկյան շրջագայությունն ԱՄՆ բյուջեի համար կարժենա 60-100 միլիոն դոլար: Այս մասին թերթին հայտնել է առաջիկա այցի մանրամասներին իրազեկ աղբյուրը:

Բացի այդ, թերթի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ Գաղտնի ծառայության գաղտնի փաստաթուղթ, որը վկայում էր, որ այդ շրջագայության ընթացքում ձեռնարկվելիք անվտանգության միջոցները կարժենան տասնյակ միլիոնավոր դոլարներ: Հայտնի է, որ մասնավորապես այդ այցի ժամանակ Սենեգալ, ՀԱՀ ու Տանզանիա են ուղարկվելու Գաղտնի ծառայության հարյուրավոր գործակալներ, որոնք պատասխանատու են ԱՄՆ առաջին դեմքերի անվտանգության համար:

Բացի այդ, նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում Աֆրիկայի ծովափին տեղակայել ավիակիր կամ դեսանտանավ՝ ամբողջովին կոմպլեկտավորված բժշկական կենտրոնով: ԱՄՆ-ը նաև պլանավորել է օդային ճանապարհով Աֆրիկա տեղափոխել 56 ավտոմեքենա՝ ներառյալ 14 լիմուզին, սանիտարական մեքենա, ռենտգեն սարքավորմամբ ավտոմեքենան, կապի սարքավորմամբ և օտար ազդանշանների խլացուցիչներով մեքենա, ինչպես նաև երեք բեռնատար՝ բեռնված փամփուշտից չխոցվող ապակիով, ինչը նախատեսված է այն հյուրանոցների համար, որոնցում կիջևանեն Բարաք Օբաման ու նրա կին Միշելը:

Նախագահի ու առաջին տիկնոջ օդային տիրույթում շուրջօրյա պարեկություն են կատարելու կործանիչները: Օբամա ամուսինները պլանավորել էին Տանզանիայում դուրս գալ որսի (սաֆարի), ինչը կպահանջեր հատուկջոկատայինների ստորաբաժանումների ներկայություն՝ նրանց վայրի կենդանիներից պաշտպանելու համար:

Սակայն թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը վկայել է, որ այդ միջոցառումը չեղյալ է հայտարարվել: Բարաք Օբամայի աֆրիկյան շրջագայությունը, որի շրջանակներում նա այցելելու է աֆրիկյան վերոնշյալ երեք երկրներ, տեղի է ունենալու հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահտվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս