Բաժիններ՝

Ալեքսեյ Պուշկովը Եվրախորհրդարանին մեղադրել է ՌԴ-ի ու Եվրոպայի հարաբերությունները փչացնելու մտադրության մեջ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ռուսաստանում իրավական իրավիճակի մասին:

Փաստաթղթում լուրջ մտահոգություն է հայտնվում Ռուսաստանում սպանությունների, հալածանքների ու բռնության ակտերի հետ կապված հանցագործությունների անհրաժեշտ հետաքննության բացակայության համար, ինչի մասին մասնավորապես վկայում են Մագնիտսկու, Խոդորկովսկու և Պոլիտկովսկայայի գործերը:

Դրա հետ կապված՝ Եվրախորհրդարանը վերստին ԵՄ-ի Խորհրդի ու Եվրահանձնաժողովի առջև բարձրացրել է Սերգեյ Մագնիտսկու սպանությանը մասնակից ռուս չինովնիկների նկատմամբ սահմանափակիչ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ արգելելով նրանց մուտքը ԵՄ և սառեցնելով նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ-ում:

Եվրախորհրդարանը նաև անհանգստություն է հայտնել՝ կապված «Բոլոտնայայի բանտարկյալների հետ»՝ ընդգծելով, որ դատախազները շարունակում են հալածել 2012 թվականի մայիսի 6-ին (Պուտինի երդմնակալության նախօրեին) անցկացված «Միլիոնների երթի» մասնակիցներին:

Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել «Բոլոտնայա» հրապարակում իրականացված բռնության փաստերի շուրջ, հետազոտել ցուցարարների հանդեպ չափից ավելի ուժ կիրառելու մասին վկայությունները:

Բանաձևում ընդգծվում է, որ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն արգելակում է ռուսական կողմի մերժումը՝ կապված ժողովրդավարական արժեքներն ամբողջովին ընդունելու և իրավական պետությունն ուժեղացնելու հետ:

Եվրախորհրդարանը միաժամանակ Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հասարակական կազմակերպություններին որպես օտար գործակալ գրանցելը, ինչպես նաև մտավախություն է հայտնել՝ կապված անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական քարոզչության արգելքի մասին Պետդումայի ընդունած օրենքի բացասական հետևանքների հետ:

Եվրախորհրդարանի ընդունած այս բանաձևը բացասական արձագանք է առաջացրել Ռուսաստանում: Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ այդ բանաձևը կատարելապես կանխակալ է և ուղղված է ռուսական ընդդիմությանն աջակցելուն:

Բացի այդ, նա Եվրախորհրդարանին մեղադրել է Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերությունները փչացնելու մտադրություն ունենալու մեջ: Պուշկովը հավելել է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը Ռուսաստանի համար չունի որևէ ուժ, քանի որ Ռուսաստանը չի հանդիսանում այդ կազմակերպության անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս