Մայրաքաղաքի բուժհաստատությունները վերազինվում են նոր բժշկական սարքավորումներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով: «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով  ուլտրաձայնային հետազոտման 3 և  էլեկտրասրտագրության 17 սարք:

Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել:

Քաղաքապետարանի կողմից նման աջակցությունը, ինչպես նշում են բուժաշխատողները,  առանձնակի կարևորություն է ստանում, եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ  տարիներ շարունակ բուժհաստատություններում ներդրումներ չեն իրականացվել, իսկ սարքավորումներն էլ  մաշվել են թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս