ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անցկացնել նախընտրական արդար կամպանիա

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողները Բաքվում անցկացրած պաշտոնական հանդիպումների ժամանակ իշխանություններին կոչ են արել պայմաններ ստեղծել՝ առաջիկա նախագահական ընտրությունների առաջ նախընտրական արդար կամպանիա անցկացնելու համար:

Այս մասին համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Ջոզեֆ Դեբոնո Գրեխը հայտարարել են երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ագրամունտի խոսքերով՝ իրենք Ադրբեջանի իշխանություններին նաև կոչ են արել փոխզիջման գնալ բողոքի ակցիաների անցկացման վայրի հարցում:

Համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված նոր ուղղումների կապակցությամբ՝ կապված համացանցում զրպարտանքի քրեականացման հետ:

Ագրամունտը հավելել է, որ ԵԽԽՎ-ն պլանավորել է դիտարկում անցկացնել այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Մոնիթորինգային առաքելության կազմում ներառվելու է ԵԽԽՎ-ի շուրջ 40 պատգամավոր:

Տեսանյութեր

Լրահոս