
Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության նկատմամբ միակողմանիորեն սահմանած պատժամիջոցները:
Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Վերջինիս իրազեկման տեքստում նշված է. «2012 թվականին Բելառուսի կառավարությունը շարունակել է ճնշել քաղաքական ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանն ու անկախ ԶԼՄ-ներին:
Սեպտեմբերի 23-ի (խորհրդարանական) ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին: Կառավարությունը կամայականորեն ձերբակալել է պաշտոնատար անձանց քննադատած կամ էլ ցույցերին մասնակցած քաղաքացիներին և ազատազրկել է նրանց շինծու մեղադրանքներով, խոչընդոտել է անկախ ԶԼՄ-ներին՝ տեղեկատվություն ու նյութեր տարածելու հարցում»:
ԱՄՆ-ը Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության ժամանակաշրջանում՝ 2006 թվականի հունիսին: Դրանից հետո այդ պատժամիջոցների ժամկետը կանոնավորապես երկարաձգվում է: