
Ալեքսեյ Պուշկովը կեղծիք է որակել Բաշար Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման մասին ԱՄՆ-ի պնդումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը շինծու է որակել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը, կիրառելով քիմիական զենք, դուրս է եկել ԱՄՆ-ի սահմանած սահմաններից, և որ ԱՄՆ-ը կպատասխանի դրան: Նշվել էր, որ ԱՄՆ-ն Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման մասին ապացույցները ներկայացրել է Ռուսաստանին:
Դրա հետ կապված՝ Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «(Բաշար) Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տվյալները նույնպիսի շինծու տվյալներ են, ինչպիսիք որ (Սադդամ) Հուսեյնի մոտ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) առկայության մասին կեղծիքն էր: Օբաման գնում է Ջորջ Բուշ-կրտսերի ճանապարհով»: