Բաժիններ՝

Կառավարության նիստի թիվ 1 հարցը՝ ինչ է արվել և չի արվել արմավիրցիներին օգնելու համար

ՀՀ կառավարությունը վաղվա նիստը գումարելու է Արմավիրի մարզում, որտեղ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կներկայացնի այս տարվա առաջին 5 ամիսների գործունեության և մազի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությունը: Նիստի ընթացքում նախարարները և պետական մյուս մարմինների ղեկավարները տեղեկատվություն կներկայացնեն Արմավիրի մարզում կատարած աշխատանքների մասին:

Կառավարության օրակարգում ներառված հաշվետվության նախագծում նշվում է, որ 2013թ. գյուղատնտեսական տարին սկսվել էր բարեհաջող և գրեթե բոլոր մշակաբույսերի գծով սպասվում էր բարձր բերք, սակայն ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության հետևանքով վնասվեցին մարզի 29 համայնքների 1827հա տարածության վրա աճեցված մշակաբույսերը՝ 20-90%-ով: Իսկ մայիսի 12-ին, 17-ին, ինչպես նաև մնացած օրերին տեղի ունեցած կարկտահարությունը լուրջ վնաս հասցրեց մարզի գյուղատնտեսությանը: Մարզային հանձնաժողովը գույքագրել է 50%-ից բարձր վնասված 46 համայնքների հողատարածությունները: 46 համայնքներում 12,787 հողօգտագործողների կողմից մշակվող 11,137 հա հողատարածությունները վնասվել են կարկտահարությունից, որի հասցրած վնասը գնահատվում է շուրջ 25.3 մլրդ դրամ:

Վնասված ցանքատարածությունների վերականգնման նպատակով մարզի 48 համայնքներին անվճար տրամադրվել է 24 տոննա բանջար-բոստանային, տեխնիկական և կերային մշակաբույսերի սերմացուներ, ինչպես նաև 56,200 հատ լոլիկի, պղպեղի և սմբուկի սածիլներ: Խիստ վնասված 24 համայնքների հողօգտագործողներին անվճար հատկացվել է 56.4կգ «ԷԿՈ գել» աճի կարգավորիչ, որն օգտագործվել է շուրջ 1000 հա խաղողի այգիների սնուցման, ինչպես նաև 900 կգ բանջար-բոստանային մշակաբույսերի սերմերի մշակման նպատակով:

Առավել տուժած 4 համայնքներում՝ Ալաշկերտ, Արևիկ, Նալբանդյան, Հայկավան, 25հա խաղողի սեղանի սորտի տարածություններում անվճար իրականացվել են արտաարմատային սնուցման և բուժման աշխատանքներ: Հողօգտագործողների կողմից մշակվող հողատարածությունների հողի հարկի, վարձավճարի, ինչպես նաև ոռոգման ջրի գումարների փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է համապատասխանաբար 207 և 650.1 մլն. դրամ:

Տուժած հողօգտագործողների արտարժույթով ունեցած վարկերը վերաձևակերպվելու է դրամային վարկերով և սուբսիդավորվելու է ՀՀ կառավարության կողմից, ինչպես նաև անհատական մոտեցմամբ իրականացվելու են վարկերի վճարման ժամկետների երկարաձգում:

Հետագայում կարկտահարության դեպքերը նվազեցնելու նպատակով մարզում կառուցվելու է  ևս 50 հակակարկտային կայան և 15 համայնքներում գործող 30 համայնքային սեփականության հանդիսացող կայանները  հանձնվելու են ՀՀ ԱԻ նախարարության «ՄեՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կառավարմանը, որի վերաբերյալ համայնքների ավագանիները կայացրել են համապատասխան որոշումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս