Բաժիններ՝

Մամխենու բուժիչ հատկությունները

Մամխենին (Prunus spinosa) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-3 մ բարձրությամբ թուփ է, հազվադեպ` ծառ։ Ունի հզոր արմատային համակարգ։ Ճյուղերը վերջանում են սուր փշով և ունեն գրեթե հորիզոնական ուղղվածություն։ Տերևները մանր են, կարճ կոթունով, երկարավուն, լայն էլիպսաձև, սղոցաեզր տերևաթիթեղով։ Տերևները բացվում են ծաղկելուց հետո, սկզբից պատված են նուրբ խավով, հետո դառնում են կաշվեպատ, մուգ կանաչ։ Ծաղիկները սպիտակ են, միայնակ կամ զույգերով, հնգաթերթ, ունեն դառը նշի բուրմունք։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Մեղրատու բույս է, 1 հա այգու մեղրատվությունը 10-35 կգ է։ Պտղաբերում է 2-3-րդ տարում, պտուղը կորիզապտուղ է, էլիպսաձև կամ գնդաձև, 1-1,5 սմ տրամագծով, մուգ կապույտ կամ սև գույնի, ծածկված է փառով։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին, բնական պայմաններում մնում են ծառի վրա ամբողջ ձմռան ընթացքում, մինչև գարուն։ Պտղամիսը կանաչ է, թթվաքաղցր, տտիպ։ Կորիզը դժվար է անջատվում պտղամսից։
Բնական պայմաններում տարածված է Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափամերձ երկրներում, Փոքր Ասիայում, Կովկասում, Ուկրաինայի հարավում, ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Մեղրու շրջանում։ Աճում է ճանապարհների եզրերին, թփուտներում, չոր և քարքարոտ վայեում, գետափերում, անտառի բացատներում։ Լուսասեր, ցրտադիմացկուն բույս է։
Հայտնի են մշակովի սալորի մոտ 2000 տեսակներ, որոնք ստացվել են մամխենուց (նույն ինքը` մամխի կամ կոկանենի)։
Մամխենու պտուղները պարունակում են շաքարներ (մինչև 7 %), դաբաղանյութ (1,7% տոկոս), պեկտին (1 տոկոս), բջջանք, ստերոիդներ, կումարին, ֆլավոններ, վիտամիններ A, C, E, D, բուրավետ նյութեր, միկրո և մակրոտարրեր։
Տերևները պարունակում են անտոցիաններ, ֆլավոններ, C և E վիտամիններ, արմատը` ներկող և դաբաղող նյութեր, կորիզները` թունավոր ցիանոգեն գլյուկոզիդ։
Մամխենու 100 գ պտղամսում կա 1,5 գրամ սպիտակուց, 0,3 գ ճարպ, 9,4 գ ածխաջրեր, իսկ էներգետիկ արժեքը 54 կկալ է։
Բուժիչ հատկություններ ունեն մամխենու պտուղը, տերևը, ծաղիկը, արմատը, կեղևը, բուսախեժը։
Ծաղիկները չորացնում են օդափոխվող ծածկի տակ։ Կեղևն անջատում են ճյուղերից նախքան ծաղկելը, արմատը հանում են աշնանը, մի քանի օր փռում են բարակ շերտով ծածկի տակ, վերջնական չորացումը կատարվում է ջեռոցում։ Ծաղկի, պտղի և տերևի պահպանման ժամկետը 1 տարի է, կեղևինը և արմատինը` առնվազն 3 տարի։
Պտուղն ունի կապող, հականեխիչ, միզամուղ, ախորժակը լավացնող հատկություններ։ Պատրաստում են հաճելի համ, բուրմունք և գույն ունեցող գինի, օշարակ, ջեմ և այլն։ Մամխենու գինին բուժիչ ըմպելիք է, որը խորհուրդ է տրվում կիրառել աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների բուժման ընթացքում։ Մամխենին օգտակար է ոչ սպեցիֆիկ կոլիտների, դիզենտերիայի, սննդային թունավորումների, կանդիդոզների դեպքում, քանի որ պտղում պարունակվող դաբաղանյութերը և նուրբ բջջանքը կլանում են վնասակար նյութերը։ Պտղահյութով բուժում են որոշ մաշկային հիվանդություններ։
Ծաղկի պատրաստուկներն ունեն միզամուղ, լուծողական, քրտնամուղ, նյարդերը հանգստացնող հատկություն, դադարեցնում են փսխումը և սրտխառնոցը, կարգավորում են նյութափոխանակությունը։
Տերևից պատրաստված թեյը լավ միզամուղ է, կարգավորում է մարսողությունը, ունի վերքամոքիչ հատկություն։
Կեղևը և արմատն ունեն ջերմիջեցնող ազդեցություն.
Եփուկ. 5 գ կեղևը (կամ արմատը) 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում, որից հետո 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք, վերականգնեք նախնական ծավալը։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց հետո, լուծի, մալարիայի դեպքում։ Սպիտակաթորանքի դեպքում եփուկը խառնեք գոլ, նախօրոք եռացրած ջրի հետ, կատարեք ներլվացում։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Թուրմ տերևով. Տերևը հավաքում և մթերում են անմիջապես ծաղկման շրջանից հետո։ 2 ճ/գ թարմ տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, երիկամների և միզապարկի հիվանդությունների, այտուցվածության դեպքում։
– 1 թ/գ չորացրած տերևը 15 րոպե եփեք 200 մլ եռջրում` փակ տարայում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, սառը վիճակում։
Պարոդոնտոզ, ստոմատիտ. Վերականգնեք չոր տերևի եփուկի ծավալը եռջրով։ Կատարեք ողողումներ գոլ եփուկով` օրը 2 անգամ։
* Հետաքրքիր է իմանալ, որ մամխենու տերևի թուրմը (թեյը) շատ օգտակար է նստակյաց կյանք վարող անձանց։
Թուրմ ծաղիկով. 1 ճ/գ հումքը 40 րոպե թրմեք 200 մլ գոլ ջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
գ Խառնեք 1-ական ճ/գ մամխենու ծաղիկ և տերև, 10 ժամ թրմեք զտված (նախօրոք եռացրած) ջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Միզաքարային հիվանդություն. Կերեք 2-ական գրամ մամխենու (սալորենու) խեժ` օրը 2 անգամ։
* Մանրացրեք սալորենու խեժը, լուծեք սպիտակ գինու մեջ (1։10)։ Խմեք 30-ական մլ` օրը 3 անգամ` ուտելուց առաջ։
* 2 ճ/գ ծաղիկը 8 ժամ թրմեք 200մլ զտված ջրում։ Խմեք 20-30-ական մլ` օրը 7-10 անգամ։
Երիկամային քարեր. Օգտակար է տերևի եփուկը։
Ցավեր գոտկատեղում. Չորացրեք, մանրացրեք սալորի կորիզի միջուկը, 7 օր թրմեք օղու մեջ(1։5), քամեք։ Կատարեք շփումներ։
* Փոշիացրեք կամ շատ մանր կտրատեք սալորի պտղակոթունները, 7 օր թրմեք օղու մեջ (1։5)։
Վերք. Տրորեք սալորենու տերևը, դրեք վերքի վրա, վիրակապեք, կատարեք օրը 2-3 անգամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս