
Ճապոնիան առաջին անգամ պատրաստ է օգնել Սիրիայի հակակառավարական ուժերին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան մտադիր է հումանիտար օգնություն ուղարկել Սիրիայի հակակառավարական ուժերին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:
Վերջինս խոստովանել է, որ ներկայումս երկրի կառավարությունը քննարկում է այնպիսի օգնության հատկացման հարցը, որը չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով և չի ծառայի հակամարտության ձգձգմանը:
Կառավարությունում եղած աղբյուրները հայտնել են, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգնության հատկացման մասին հայտարարությունը կանի հաջորդ շաբաթ Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք G-8-ի գագաթաժողովում:
Խոսքը գնում է հումանիտար օգնության, դեղորայքի, խմելու ջրի, սննդամթերքի, ինչպես նաև ավտոտրանսպորտի և էլեկտրաէներգիայի գեներատորների մասին: Նշվում է, որ ցայժմ Ճապոնիան իրական օգնություն չի ցուցաբերել սիրիացի ապստամբներին՝ թեև նրանց ճանաչել է որպես Սիրիայի լիազոր ներկայացուցիչներ: