Բաժիններ՝

«Ուրախ եմ, որ մեր թվայնացված-էլեկտրոնիկ աշխարհում դեռևս մնացել են վայրեր, ուր գնում են մարդիկ, ովքեր գնահատում են բնականը»

Հունիսի 1-ին Գերմանիայի Բրանդերբուրգի երկրամասի Պրյոտցել ավանի դղյակում կայացավ Կոմիտասի 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնը: Այն արդեն 2-րդ անգամ կազմակերպվում է «Aram & Vagram Ekavyan» ընկերության շնորհիվ, որը ստանձնել է Կոմիտասի երաժշտությունը Եվրոպայում ճանաչելի դարձնելու առաքելությունը: Ի տարբերություն 1-ին փառատոնի՝ այս տարի մրցույթի մասնակիցները ոչ միայն Հայաստանից էին, այլև Գերմանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից:

Հայաստանը ներկայացնող Սոնա Վարպետյանը վոկալի մրցույթում հայրենիք բերեց պատվավոր 3-րդ մրցանակը, իսկ E.V.A. Rock Band-ի հիմնադիր Էվա Ոսկանյանը միակն է, ով թե՛ վոկալի, և թե՛ դաշնամուրային ելույթի համար արժանացավ People’s Choice Award-ի (հանդիսատեսի համակրանք)՝ Կոմիտասի լավագույն կատարման համար, և, բացի այդ, դաշնակահարների մրցույթում ստացավ 3-րդ մրցանակը:

168.am-ի հետ զրույցում Էվա Ոսկանյանն ասում է, որ «իսկապես հրաշք է, որ նման միջոցառում է կազմակերպվում՝ առանց որևէ պետական աջակցության, և նպատակ է դրված Կոմիտասի երաժշտությունը հնարավորինս հայտնի դարձնել»:

«Կարծես թե ակնկալիքներն արդարանում են` հաշվի առնելով այս տարի մասնակիցների տարբեր ազգությունները: Նկատի ունենալով մեր օրերի հետաքրքրությունները՝ շատ զարմանալի էր (դրական առումով) մարդկանց հետաքրքրությունն ու ոգեշնչվածությունը, կարծես տեղափոխված լինեի մի ուրիշ աշխարհ, որտեղ դասական երաժշտությունը ոչ միայն ակտուալ է, այլև շատ ողջունելի և հարազատ: Անսահման ուրախ եմ, որ մեր թվայնացված-էլեկտրոնիկ աշխարհում դեռևս մնացել են վայրեր, ուր գնում են մարդիկ, ովքեր գնահատում են բնականը»,- ասաց Էվան:

Կարդացեք նաև

Նշենք, որ փառատոնի ընթացքում գործել է բարեգործական ակցիա՝ «Երեխաներն օգնում են երեխաներին», որի շրջանակներում գերմանացի երեխաները, ներշնչվելով Կոմիտասյան երաժշտությունից, նկարել են: Փառատոնի ընթացքում նկարները դրված էին վաճառքի, նաև յուրաքանչյուր մարդ կարող էր նվիրաբերել գումար, որը հետագայում փոխանցվել է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների «Նվիրի՛ր կյանք» հիմնադրամին: Գերմանացի երեխաների, ինչպես նաև մասնակիցների մրցանակների մի մասի և հանդիսատեսի նվիրատվության շնորհիվ զգալի գումար է փոխանցվել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին օգնելու համար:

Հավելենք, որ հաղթող մասնակիցներին ընտրել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի կոնսերվատորիաների լավագույն մասնագետները, իսկ Հայաստանից ընտրվել էր Երևանի պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարինե Աբրահամյանը, ով հանձնաժողովի նախագահ էր նշանակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս