Մաքսային ոլորտի 8 աբսուրդ՝ ըստ Գործատուների միության նախագահի
Հայաստանի գործատուների միությունն իր անդամ փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում հարցում է անցկացրել, թե ներմուծման և արտահանման ժամանակ ինչ խնդիրների են հանդիպում, և ինչ կոռուպցիոն ռիսկեր կան: 168.am-ի հետ զրույցում միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց հարցման արդյունքների հիմնական մասը՝ նշելով, որ հաճախ այդ խնդիրներն աբսուրդի են հասնում:
Աբսուրդ 1. Պարզվել է, որ գյուղատնտեսական հումքի բոլոր տեսակները՝ սերմացուն, սածիլները և այլն, ենթարկվում են մաքսային հարկման: Տարօրինակ բաներ կան՝ գետնախնձորը հարկվում է, կարտոֆիլը՝ ոչ: Ցանկը վերանայման կարիք ունի, որովհետև տրամաբանությունից մի քիչ դուրս է, իսկ ամեն մի տուրքի կիրառումը թանկացում է առաջացնում: Ըստ երկրների՝ նույնպես տարբերություն կա. ԱՊՀ երկրներից ծագման հավաստագրի առկայության դեպքում մաքսատուրք չի կիրառվում, իսկ մյուս երկրներից կիրառվում է:
Աբսուրդ 2. Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի կիրառումը՝ երբ մարդիկ բերում են ապրանք և դրա հետ բերում են որոշակի հաշիվ-ապրանքագիր, թե ինչ գնով է ձեռք բերված, իսկ մաքսային աշխատակիցները փորձում են չընդունել այդ փաստաթուղթը և իրենք են գին առաջարկում, որը մի քանի անգամ բարձր է հաշիվ-ապրանքագրից: Եթե ձեռք բերված ապրանքի արժեքը 20%-ով բարձր կամ ցածր է նույն ժամանակահատվածում ՀՀ ներկրված նույն ապրանքի գնի նկատմամբ, ապա կրկին բացառում են կիրառությունը: Խնդիր կա նաև տրանսպորտային միջոցների հետ կապված. երբ օտար քաղաքացին իր մեքենայով մուտք է գործում ՀՀ, այն ժամանակահատվածը, որ նա կարող է առանց մաքսային ռեժիմի մնալ ՀՀ-ում, խնդիրներ է առաջացնում, որովհետև կան սահմանափակումներ, և կա կեցության կարգավիճակը հստակեցնելու խնդիր: Սա սահմանափակում է զբոսաշրջիկներին, սահմանափակում է նաև հայազգի ներկայացուցիչներին, որոնք, թեկուզ՝ ԱՊՀ-ից, ուզում են գալ ՀՀ: Իրենք կարող են որպես ՀՀ քաղաքացի անսահմանափակ մնալ այստեղ, բայց մեքենայի նկատմամբ ռեժիմը սահմանափակ է, և որոշ ժամանակ անց պետք է տանեն երկրից դուրս:
Աբսուրդ 3. Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար (ՄՕ 34-րդ հոդված)՝ եթե այդ ռեժիմով ներկրված վերամշակված ապրանքը վաճառվի այլ ընկերության, ապա այդ ռեժիմը գործո՞ւմ է, թե՞ ոչ: Հստակության բացակայությունը խնդիրներ է առաջացնում, դրանով սահմանափակվում է ներքին համագործակցությունը:
Աբսուրդ 4. Ներկրված ապրանքի վերադարձման կարգը ՀՀ-ում բացակայում է: Եթե տնտեսվարողն ապրանք է բերում, բայց ինչ-որ պատճառներով որոշում է ետ վերադարձնել և չի ցանկանում այն մաքսազերծել, միևնույն է՝ համարվում է, որ ՀՀ երկրաչափական սահմանը հատվել է, և, եթե ուզում է ապրանքը վերադարձնել, ապա ՊԵԿ-ը ձևակերպում է՝ որպես վերաարտահանում: Դա էլ խնդիրներ է առաջացնում տնտեսվարողի համար՝ շատ կարճ ժամանակահատվածում պահանջվում են նոր փաստաթղթեր, պահեստում մնալու ձևակերպումներ և ծախսեր, իսկ եթե երկակի նշանակության ապրանք է, առանձին մի փաստաթուղթ էլ դրա համար պետք է վերցնեն: Կա սահմանված ժամկետ, որի մեջ այդ ամենը չհասցնելու դեպքում տույժեր են կիրառվում:
Աբսուրդ 5. Հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցի հետ կապված՝ քաղաքացին գնում է տրանսպորտ, ՊԵԿ-ը ճշտում է ու եթե պարզում է, որ ավտոմեքենան փաստաթղթերով գտնվում է հետախուզման մեջ, բայց իրականում արդեն մի քանի օր է՝ հետախուզումից դուրս է բերվել, պարզապես տվյալները չեն թարմացվել, խնդիրներ են առաջանում: ՊԵԿ-ը Ոստիկանության տեղեկանքը որպես հիմք չի ընդունում, այսինքն՝ մի պետական մարմինը չի հարգում մյուսի տեղեկանքը: Քաղաքացին պետք է դիմի դատարան, ապացուցի, որ բարեխիղճ ներմուծող է, ու դատարանի որոշման հիման վրա թողնեն ներմուծել, իսկ դատական գործընթացը երկարատև ու ծախսատար է:
Աբսուրդ 6. Ներկրման ժամանակ եթե ապրանքն առանց մակնշման է, տույժ է կիրառվում, թեև օրենքով նման մեխանիզմ նախատեսված չէ: Օրենքում գրված է, որ պետք է մակնշում լինի, բայց տուգանքի մասին խոսք չկա: Այսինքն՝ փոխանակ մակնշում պահանջեն, տուգանում են:
Աբսուրդ 7. Ոչնչացում մաքսային ռեժիմի դեպքում ներկրողների պարտավորությունները հստակ չեն: Խնդիրն այն է, որ եթե մաքսային մարմինները որոշեցին ապրանքի ոչնչացում իրականացնել, ապա դրա կազմակերպումը ներկրողի հետ հստակ չէ և հաճախ վիճաբանության տեղիք է տալիս:
Աբսուրդ 8. Նմուշային ապրանքների ներկրումը կամ արտահանումը. Եթե ուզում են որևէ ապրանքի նմուշ բերել՝ ուսումնասիրելու, ընդօրինակելու նպատակով, ապա ներկրման ժամանակ դրանց նկատմամբ մաքսատուրք է կիրառվում: Նույնիսկ, եթե նմուշը հարկավոր է ինովացիոն ծրագրեր խթանելու կամ առաջատար փորձը կիրառելու համար, տնտեսվարողը սահմանափակված է: Նմուշը ենթարկվում է մաքսազերծման՝ ինչպես սովորական ներկրվող ապրանքները:
«Այս բոլոր խնդիրների կարգավորման դեպքում, կարծում ենք, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, ապրանքների գները կարող են էժանանալ, նաև կհեշտանա մեր համագործակցությունը միջազգային շուկաների ներկայացուցիչների հետ»,- ասաց Գ.Մակարյանը: