Բաժիններ՝

«Տոսպի» բաժնետերերը շահաբաժին են ուզում. ղեկավարությունը բողոքում է տնտեսական ծանր պայմաններից

Դեռ 1947 թվականին ստեղծված Մյասնիկյանի անվան կարի պետական ձեռնարկության իրավահաջորդը հանդիսացող «Տոսպ» ԲԲԸ-ն արտադրում է տրիկոտաժե ապրանքների լայն տեսականի՝ տղամարդկանց, կանանց և մանկական հագուստի տարբեր տեսակներ:

Վերջին տարիներին ընկերության արտադրանքն արտահանվել է Եվրոպա, ԱՄՆ, ԱՊՀ երկրներ: Անցած տարի ընկերության արտահանման ծավալներն աճել են շուրջ 15%-ով: Թվում է, թե արևմտյան երկրներում սեփական բրենդով հանդես եկող և պահանջված արտադրանք տվող ընկերությունն առանձնապես մեծ խնդիրներ չպետք է ունենա: Սակայն, ինչպես ամեն թվացյալն իրականություն չէ, այնպես էլ այս դեպքում՝ չնայած աճին, ընկերությունը բավականին լուրջ խնդիրներ ունի:

168.am-ի խմբագրություն էր դիմել խորհրդային կարգերի փլուզումից հետո սեփականաշնորհման գործընթացի արդյունքում «Տոսպի» մի քանի բաժնետոմսերի սեփականատեր դարձած քաղաքացի Գուրգեն Չիչակյանը: Նա բողոքում էր իր՝ բաժնետիրոջ իրավունքները խախտելու մեջ. այս մոտ 20 տարիների ընթացքում նա ոչ մի կոպեկ շահաբաժին չի ստացել: Ըստ նրա՝ եթե ընկերությունն աշխատում է, արտադրանք է տալիս, ապա պետք է և շահույթ ունենա, այսինքն՝ պետք է շահաբաժին վճարի: Քաղաքացին դիմել է ընկերություն, սակայն նրան մերժել են ու վստահեցրել, որ ընկերությունն աշխատում է վնասով: Միաժամանակ առաջարկել են բաժնետոմսերը գնել՝ հատը 5 հազար դրամով:

«Տոսպ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը 1995 թվականից Սուրեն Բեկիրսկին է: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ տարին 1 անգամ բաժնետիրական ժողով է հրավիրվում, և լուրջ որոշումների կայացմանը մասնակցում են նաև բաժնետերերը:

Կարդացեք նաև

«Դիվիդենտ չվճարելն իմ անձնական որոշումը չէ, դրա մասին ժամանակին նույն բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի որոշում ենք ընդունել, որ քանի դեռ ընկերությունն ունի վարկային պարտավորություններ, որոնց դիմաց վճարում է տոկոսներ, և չունի զուտ շահույթ, ընկերությունը դիվիդենտ չի վճարում»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Բեկիրսկին:

Նա տեղեկացրեց, որ ընկերության 730 բաժնետերերի հիմնական մասն իրենց աշխատակիցներն են, և նրանց հետ նման որոշում կայացնելը հեշտ է, քանի որ իրենք ծանոթ են ձեռնարկության վիճակին, և եթե շահաբաժին չեն ստանում, ապա գոնե աշխատավարձ են ստանում: Ֆաբրիկայում չաշխատող բաժնետերերը երբեմն բողոքում են, սակայն ընկերությունը պարբերաբար իրականացնում է աուդիտ: Ս. Բեկիրսկին վստահեցրեց, որ պատրաստ է յուրաքանչյուր բաժնետիրոջ հնարավորություն տալ սեփական ընտրությամբ ընկերություն հրավիրել աուդիտ անցկացնելու համար:

Ս. Բեկիրսկիի խոսքով՝ ընկերության հիմնական խնդիրները նրանք են, որոնց հայաստանյան իրականության մեջ հանդիպում է ցանկացած իրավաբանական անձ. «Կան տնտեսական դաշտում գործելու սահմանափակումներ: Մեր ձեռնարկությունը Հայաստանում նախկինում եղած թեթև արդյունաբերության 200 ընկերություններից՝ այժմ գործող 10-ից մեկն է: Շատ դժվար էր, մնացածը փակվել են, չեն դիմացել: Դաշտը չի նպաստում մեր զարգացմանը, մեր արտադրությունը շահութաբեր չէ, և ամբողջ աշխարհում տեքստիլի շահութաբերությունը բարձր չէ: Հաշվարկի ժամանակ նախատեսում ենք 10-15% շահույթ, ներքին շուկայի որոշ դեպքերում՝ մինչև 20%, բայց փաստացին հաշվարկածից ցածր է լինում, և նույնիսկ շատ անգամ չնախատեսված ծախսեր են լինում, ու վնասով ենք աշխատում: Բացի այդ, մենք՝ որպես տնտեսվարող իրավաբանական անձ, վատ բնավորություն ունենք՝ մենք միշտ առանց «տանիքի» ենք աշխատել»:

Ընկերության ղեկավարը նշեց, որ թափանցիկ աշխատելուն դրդում է նաև արտահանող ընկերություն լինելու հանգամանքը, քանի որ արտասահմանյան գործընկերները պահանջում են բոլոր փաստաթղթերը. «Ոչ ոք չի կարող ասել, որ ընկերությունը շահույթ ունի և շահաբաժին չի վճարում: Չի եղել շահույթ: Մենք շարունակում ենք աշխատել ոչ թե՝ «շնորհիվ», այլ՝ «ի հեճուկս»: Այս դաշտում «Արմավիայի», «Կիլիկիա» առևտրի տան նման խոշորներն են նույնիսկ փակվում: Ես չեմ ասում՝ տենդ է, բայց ձեռնարկությունները մեկը մյուսի հետևից են փակվում: Դաշտը դժվար է, մրցակցությունը՝ ծանր: Եթե ես չունեմ այսօր շահույթ, դա չի նշանակում, որ թաքցնում եմ»,- ասաց Ս. Բեկիրսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս