Բաժիններ՝

Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին

Բրիտանական ռազմածովային ուժերին առընթեր Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է, որ Եմենում Ադենի նավահանգստի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել։

UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Եմենի Ադեն քաղաքից դեպի արևելք 195 ծովային մղոն (361,1 կիլոմետր) հեռավորությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։

«Առևտրային նավի պատասխանատուն հայտնել է, որ իրենց մոտեցել է փոքր նավ, որի տախտակամածին եղել է 5-6 անձ՝ զենքերով և սանդուղքներով։ Առևտրային նավն ինքնապաշտպանական միջոցներ է ձեռնարկել, որից հետո փոքր նավի տախտակամածին գտնվող անձինք կրակ են բացել առևտրային նավի վրա», – ասվում է վարչության հաղորդագրության մեջ։

Առևտրային նավը պատասխան կրակ է բացել, որից հետո փոքր նավը դադարել է մոտենալ։

UKMTO-ն նավերին խորհուրդ է տվել զգուշությամբ նավարկել այդ տարածքում և հաղորդել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտնել էր իր աջակցությունը պաղեստինցիներին՝ խոստանալով հարվածել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի։ ԱՄՆ-ն և Բրիտանիան մի շարք հարձակումներ են իրականացրել Եմենում հութիների օբյեկտների վրա, սակայն նրանց գրոհները չեն դադարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս