Բավականին լավ մշակված փիառ է, երևում է որոշակի գործողությունների ծրագիր, որն առնվազն գիտի Բագրատ սրբազանը. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի բնորոշմամբ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փիառ առումով գրագետ  կազմակերպված ընթանում է։

«Թե ինչ ավարտ կունենա շարժումը, այս պահին չեմ կարող ասել, ենթադրություններ չեմ ուզում անել։ Ուրիշ բան է, երբ դու կարող ես ծրագիր գծել ու ակնկալել որևէ արդյունք, բայց այն իրագործելու ընթացքում ի հայտ գան որոշակի գործոններ, որոնք դու հաշվի չէիր առել։ Անգամ ծրագիր գրողները չեն կարող ասել, իրենք իրենց ակնկալած արդյունքը կստանա՞ն, թե՞ ոչ։

Այս պահի դրությամբ զուտ տեխնոլոգիական տեսանկյունից սա համեմատաբար գրագետ ընթացող գործընթաց է, բայց դեռ չենք կարող ասել, որ նա կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, բայց նաև չենք էլ կարող ասել, որ չի կարող հրաժարականի հանգեցնել։ Բավականին լավ մշակված փիառ է, երևում է  որոշակի գործողությունների ծրագիր, որն առնվազն գիտի Բագրատ սրբազանը և որով նա առաջնորդվում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։

Նրա դիտարկմամբ՝ տեսանելի է, որ շարժումն առաջնորդվում է նախապես լավ  մշակված ծրագրով։

Կարդացեք նաև

«Նաև լավ է կազմակերպված շարժումը լուսաբանելու գործընթացը, լավ քայլ է արված քայլերթի հիմնի մշակումը։ Բավականին լավ էներգետիկա կա, հատկապես Հանրապետության հրապարակում, նշմարվում է, որ մարդկանց մոտ իշխանություններից դժգոհության մեծ ալիք կա։ Կարծում եմ՝ փորձում են քայլ առ քայլ թափանիվն ավելի արագ պտտեցնել ու նոր թափ վերցնել, թե ինչ կլինի՝ ապագան ցույց կտա»,- նշեց Արմեն Բադալյանը։

Քազտեխնոլոգի  կարծիքով՝ կազմակերպչական հատվածը պետք է ավելի գրագետ դարձնել, քանի որ, երբ հայտարարվում է  գործադուլի ու դասադուլի մասին, պետք է ներկայացվի նաև, թե որտեղ ինչ պետք է արվի։ Եթե, օրինակ, Մետրոպոլիտենն աշխատում է, դա արդեն բացթողում է։

«2018 թվականին այսօրվա իշխանությունը Մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր արել ու մեծ հարված հասցրել ընդհանուր լոգիստիկ համակարգին»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս