Սուրեն Խաչատրյանը՝ 14 տարի առաջ. համակա՞րգը նրան փոխեց

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը երկրորդական է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը: Ըստ նրա` մարզպետի առանձնատան կողքը տեղի ունեցած կրակոցներն առաջին նման դեպքը չեն Հայաստանում ու «համակարգի ծնունդ են»: Մակեյանը նաև նկատեց. «Երբ փորձ է արվում ոչնչացնել քաղաքական ընդդիմությունը, ինչպես Գալուստ Գրիգորիչն է ասում` իրենք ընդդիմություն են փորձում սարքել, որովհետև ընդդիմությունը չի կայանում, սկսկում է համակագը թուլանալ ու ջրի երես են դուրս գալիս նման պրոցեսներ, որոնք, կարծում եմ, կլինեն շարունակական»:

Պ. Մակեյանը նշեց, որ ինքը լավ է ճանաչում Սուրեն Խաչատրյանին ու գիտի, որ վերջինս նման մարդկային հատկությունների կրողը չէ (Պ.Մակեյանն ու Ս.Խաչատրյանը դեռևս 1990-ական թվականներին եղել են պատգամավոր գործընկերներ – Տ.Մ.): Բայց, նրա խոսքով, համակարգը ստեղծում է անգամ մարդկային որակներ, ինչի զոհը դարձել է նաև Սյունիքի մարզպետը: «Երբ մարդը ժամանակին կամավոր զենքը վերցնում ու գնում է պատերազմ, պետք է դրական կողմը տեսնես այդ մարդու մեջ, բայց երբ այդ նույն մարդիկ այս խաղաղ պայմաններում լրիվ ուրիշ կերպարանք են ձեռք բերում, դա արդեն համակարգի մեղքն է: Ցանկացած մարդու մոտ կա և դրականը, և բացասականը, իսկ աշխատելով այսքան տարի այս համակարգում, մարդկային որակները փոփոխության են ենթարկվում»,- ասաց նա` ավելացնելով, որ 14 տարի է Ս. Խաչատրյանին չի տեսել, ու դա մեծ ժամանակ է, որ մարդու որակները այս համակարգում դրսևորվեն:

Անդրադառնալով Ս. Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ֆեյսբուքյան նախաձեռնությանը՝ Պետրոս Մակեյանն ասաց, որ եթե երկիրը նորմալ երկիր լիներ ու ամեն ոլորտ իր պատասխանատուն ունենար, մասնավորապես՝ դատական համակարգն էլ լիներ արդար, նման պահանջի կարիք չէր զգացվի. «Ես չեմ կարծում, որ այդ պահանջը հարցի լուծում է: Միգուցե նաև արհեստական նախաձեռնություն է, որ ուզում են ցույց տալ, որ պայքար է գնում, մարդիկ բողոքում են նեգատիվ երևույթների դեմ` արտաքին կողմին դրական լուծում տալով»:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե Սուրեն Խաչատչյանին այս անգամ էլ կհաջողվի «ջրից չոր դուրս գալ» և հակառակ կարծիքներին, ըստ որոնց, Սերժ Սարգսյանը գուցե իր PR-ի համար «զոհաբերի» Սուրեն Խաչատրյանին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը նշեց. «Այս երկու տարբերակներն էլ իշխանության որակները արտացոլող վերջն են: Բայց երկրի համար, քաղաքացու համար ամենալավ վերջը այս գործող իշխանության վերջն է: Հակառակ դեպքում ի՞նչ տարբերություն, Սուրեն խաչատրյանին պատասխանատվությա՞ն կենթարկեն հանուն Սերժ Սարգսյանի թատրոնի, թե՞ Սերժ Սարգսյանը կշարունակի նրան իր վերահսկողության տակ պահել: Համաձա՞յն եք, որ տարբերություն չկա: Փոփոխությունը պետք է լինի այն, որ իշխանությունը փոխվի ու աշխատեն բոլոր թևերը` գործադիր, օրենսդիր»:

Տեսանյութեր

Լրահոս