Բաժիններ՝

Ինչու է իրականում թանկանում գազը

Այսօր մի քանի հասարակական ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց՝ բողոքելով գազի գնի հնարավոր թանկացման դեմ:  Հասարակական ակտիվիստները համարում են, որ, «Գազպրոմը» և «ՀայՌուսգազարդը» ռուսական պետության սեփականությունն են, և ՌԴ-ն պետք է ներազդի այդ ընկերությունների վրա, որպեսզի նրանք չթանկացնեն Հայաստան մատակարարվող գազը: Իսկ Ռուսաստանը պետք է ներազդի իր սեփականությունը հանդիսացող ընկերությունների վրա, քանի որ, ինչպես համարում են ցուցարարները, Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցն է, իսկ ստրատեգիական դաշնակիցը չի կարող թանկացնել գազը, քանի որ դրա արդյունքում թուլացնում է իր դաշնակցին: Ահա մոտավորապես այսպիսին է այն մարդկանց կուռ տրամաբանությունը, ովքեր բողոքում էին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց:

Իհարկե, վատ է, որ ռուսները թանկացնում են Հայաստան մատակարարվող գազի գինը, քանի որ դա ունենալու է տնտեսական կանխատեսելի հետևանքներ: Բայց ինչո՞ւ դրա համար բողոքել Ռուսաստանի իշխանությունից, որը Հայաստանում ներկայացնում է դեսպանատունը: Գուցե ավելի ճիշտ կլինի, որ այդ հասարակական ակտիվիստները բողոքեն Հայաստանի Կառավարության շենքի դիմաց: Բողոքեն ՀՀ կառավարությունից՝  պահանջելով, որ Հայաստանը միանա Եվրասիական և Մաքսային միությանը, քանի որ այդ դեպքում Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը չի բարձրանա. Ռուսաստանն ուղղակի չի հարկի իր կողմից Հայաստան մատակարարվող գազը, ինչի արդյունքում՝ գազի գինը զգալիորեն կիջնի:

Եթե Հայաստանը չի մտնում Եվրասիական միություն կամ չի միանում Մաքսային միությանը, ապա չի կարող համարվել Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Ռուսաստանի բոլոր ռազմավարական դաշնակիցներն արդեն այդ միությունում են, կամ պատրաստվում են մտնել այնտեղ: Ընդհակառակը, Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ ստորագրել ասոցիացման պայմանագիր և միանալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին, ինչը նշանակում է, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկեր է համարում Եվրամիության երկրներին:

Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը հաշվել է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը շատ ավելի շահավետ է, և այդ պայմանագիրը ստորագրելով՝ այնքան մեծ տնտեսական շահ է ստանում, որը կարող է ծածկել Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացումը: Ասոցիացման պայմանագրի վրա աշխատողները հենց այդպիսի պնդումներ են անում:

Մի խոսքով, գազի գինը բարձրանում է ոչ թե հենց այնպես, այլ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության արդյունքում: Եվ այն մարդիկ, ովքեր բողոքում են կամ ցույց են անում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, պահանջելով Ռուսաստանից չթանկացնել Հայաստան մատակարարվող գազի գինը,  ավելի ճիշտ կանեն, եթե բաց և ուղղակի հայտարարեն, որ իրենք դեմ են Հայաստանի Եվրաինտեգրմանը, և կողմ են Եվրասիական ինտեգրմանը: Եթե նրանք հասնեն իրենց ուզածին, ապա Ռուսաստանը գազը Հայաստան կարող է մատակարարել նույնիսկ ներքին սակագներով՝ համարելով դա իր երկրի մի մասը: Բայց հանրայնորեն ավելի անվտանգ է խոսել գազի գնի բարձրացման դեմ, քան հանդես գալ հօգուտ Եվրասիական կողմնորոշման:

Ի դեպ, այս իմաստով, մեր հարևան Վրաստանում ամեն ինչ շատ ավելի որոշակի է: Վրաստանն ունի օրենք եվրաինտեգրացիայի մասին: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր հակառակը կպնդեն, հանդես կգան օրենքի դեմ, այսինքն՝ նրանց պահանջները կլինեն հակաօրինական՝ դրանից բխող հետևանքներով: Բայց քանի որ Հայաստանում դեռևս կոմպլեմենտար քաղաքականություն է իրականացվում, ապա կարելի է՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին միանալուն զուգահեռ, Ռուսաստանին հռչակել ստրատեգիական դաշնակից  և պահանջել նրանից  չթանկացնել գազը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս