Բաժիններ՝

ՊԵԿ-ի նորարարությունը գործարարների սրտով չէ

Պետական եկամուտների կոմիտեի հերթական նորարարությունը՝ «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, բորբոքել է գործարար աշխարհի կրքերը: Այդ նախագծով ՊԵԿ-ը հավակնում է դառնալ աուդիտորական ընկերություն և այսպես ասած full ծառայություն մատուցել տնտեսվարողներին՝ վերջիններիս կողմից ներկայացվող հայտի հիման վրա ուսումնասիրել ու պարզել օրենքով նախատեսված հարկային հաշվետվությունների, հայտարարագրերի, հաշվարկների, ելակետային տվյալների, տեղեկությունների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և տնտեսավարող սուբյեկտի կողմից ՀՀ օրենսդրության` հարկային մարմնի կողմից վերահսկվող պահանջների կատարման ճշտությունը: Սրա առավելությունն այն է, որ որևէ խախտում հայտնաբերելու դեպքում ՊԵԿ-ը պատժամիջոց չի կիրառելու տնտեսվարողների հանդեպ: Սակայն այս «այլընտրանքային» ծառայությունը ՊԵԿ-ը գնահատում է ոչ պակաս 10 մլն դրամից մինչև 500 մլն դրամ: Այդ կլորիկ գումարն ընկերությունը պետք է վճարի հարկային մարմնի զարգացման ֆոնդին:

 

Գործարարների հետ մեր զրույցներում, ինչպես նաև Facebook սոցիալական ցանում ծավալվող քննարկումների ժամանակ տեսակետներ են հնչում, որ այս նախագիծը ևս մեկ խոչընդոտ է դառնալու բիզնեսի համար, անհավասար մրցակցային միջավայրի առաջացման վտանգ է պարունակում՝ իր բոլոր հետևանքներով: Գործարարներից մեկը նշեց, որ սովորական տնտեսավարող սուբյեկտի համար նախագիծը շատ բարդ է շարադրված, և ավելի լավ կլիներ ստուգումների ոլորտը միասնականացվեր ու պարզեցվեր:
Ոմանց կարծիքով էլ՝ այլընտրանքային ստուգումն անհրաժեշտ գործիք է տնտեսավարողների համար, սակայն այն ծառայում է հարկային մարմինների հետ խնդիրներից խուսափելու համար, հետևաբար՝ այլընտրանքային ստուգումը չի կարող իրկանացնել հենց ՊԵԿ-ը:

Դժգոհություն կա նաև սահմանված վճարի չափից. գործարարները գտնում են, որ 10 մլն դրամ նվազագույնը չափազանց շատ է և ծառայության վարձավճարը պետք է կախված լինի տնտեսվարողի գործունեության ցուցանիշներից, օրինակ՝ 100 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող կազմակերպության համար վճարը լինի առավելագույնը 1.5 մլն դրամ, բայց ոչ 10 մլն դրամ: Հակառակ դեպքում այս նախագծով ՊԵԿ-ը «սպիտակեցնում սև փողերը»: Նման մեղադրանքներից հեռու մնալու համար ՊԵԿ-ին հարկ է հրաժարվել այս գործառույթն ստանձնելուց: Այն կարող է իրականացվել այլ, մասնավորապես աուդիտորական, կազմակերպությունների կողմից, իսկ ՊԵԿ-ը կվերահսկի գործընթացը: Հարկերից գոյացող միջոցներից աշխատավարձ ստացող պետական համակարգը չի կարող տնտեսվարողներին վճարովի ծառայություններ մատուցել: Այլապես այս օրենքի կիրարկմամբ ՊԵԿ-ի արտաբյուջետային հիմնադրամը կգերազանցի ՀՀ պետական բյուջեին: Իսկ եթե ՊԵԿ-ն ինքը վճարովի ծառայություն է մատուցում, ապա նույնպես ենթակա է հարկման՝ ինչպես յուրաքանչյուր այլ բիզնես: Ընդ որում՝ աշխարհի ոչ մի երկրում այլընտրանքային հարկային ստուգումները չեն իրականացվում պետական մարմինների կողմից:

 

Հաշվի առնելով ՀՀ տնտեսության ստվերայնությունը, օլիգարխիկ համակարգը կարիք չունի նման ստուգումների, իսկ օրենքի դաշտում գործող չափազանց քիչ ընկերություններ կկարողանան իրենց նման շռայլություն թույլ տալ և 10-500 մլն դրամ վճարել՝ այլընտրանքային ստուգում անցնելու համար: Գործարարներին մտահոգում է ևս մի հանգամանք. եթե, ասենք, տնտեսվարողը գտնի այդ գումարը, տարվա X ամսին անցնի այդ այլընտրանքային ստուգումը, իսկ ՊԵԿ-ը ոչ այլընտրանքային ստուգումն իրականացնի Y կամ Z ամիսներին, այդ միջանկյալ ժամանակաշրջանի համար ո՞վ է ապահովագրելու տնտեսվարողին: Տնտեսվարողները կարծում են, որ նոր խախտումները կհայտնաբերվեն հենց այդ միջանկյալ ժամանակաշրջանում, և իրենք ստիպված կլինեն էլ ավելի կլորիկ գումար էլ վճարել՝ որպես տույժ ու տուգանք:

 

Վերջին մի քանի տարիներին, որքան էլ պաշտոնյաները պնդում են, թե հարկային փոփոխություններն ուղղված են դաշտի պարզեցմանը և հստակեցմանը, իրական կիրառության մեջ, գործարարների կարծիքով, դրանք խճճված են և հետզհետե ավելի են բարդանում: Այդ առումով հարկ է, որ օրենք մշակողները կարողանան ընկալել գործարար աշխարհից եկող ազդակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս