
Նախագահը վստահ է, որ բոլորի գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական

Այսօր «Հետքը» նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին խնդրել էր հայտնել նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն»: Մինաժամանակ խնդրել էինք տեղեկացնել, թե իրավական ինչ հիմնավորմամբ է բավարարվել մարզպետի՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դիմումը:
Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ հայտարարել հարցերը ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի անքննելիության մասին: Այսօր էլ ՀՀ նախագահը վստահ է, որ տեղի ունեցած դեպքով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, իսկ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ՝ պետք է դիմեք իրավասու մարմնին»,- նշված է նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում: