ՀԱՀ-ի իշխանությունները ստուգում են երկրում Քադաֆիի ունեցվածքի զգալի մասի հայտնվելու տեղեկատվությունը
NEWSru Israel-ի փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի իշխանությունները ստուգում են ստացված այն տեղեկատվությունը, թե երկրում է հայտնվել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի ունեցվածքը:
Որոշակի տվյալներով՝ խոսքը գնում է ոսկու, թանկարժեք իրերի և կանխիկ գումարի մասին, ինչն ընդհանուր առմամբ գնահատվում է 1 միլիարդ դոլար: ՀԱՀ-ի իշխանություններին համապատասխան տվյալներ են ներկայացրել իրենց լիբիական կառավարության ներկայացուցիչներ անվանած մարդիկ:
Նրանց տեղեկություններով՝ Քադաֆիի ընտանիքի ունեցվածքի զգալի մասը գաղտնի փոխադրվել է ՀԱՀ և պահվում է տեղի չորս բանկերի հաշվեհամարներում:
Լիբիայի կառավարությունը կարծում է, որ հանգուցյալ Քադաֆիի հարստությունը ստացվել է ապօրինի ճանապարհով և պատկանում է Լիբիայի ժողովրդին: Ընդ որում, նախկին բռնապետի ընտանիքի կարողությունը որոշակի տվյալներով գնահատվում է 80 միլիարդ դոլար:
Մուամմար Քադաֆին սպանվել է 2011 թվականի հոկտեմբերին, իր հայրենի Սիրտ քաղաքից ոչ հեռու: