2012 թվականին միջուկային հնգյակից միայն Չինաստանն է ընդլայնել իր միջուկային պոտենցիալը. SIPRI
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ միջուկային երկրների հնգյակից միայն Չինաստանն է 2012 թվականին ընդլայնել իր միջուկային պոտենցիալը: Այս մասին նշված է այսօր հրապարակված Ստոկհոլմի՝ խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) զեկույցում:
Դրանում նշված է, որ միջուկային երկրներ ճանաչված բոլոր հինգ երկրներն (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) էլ նախորդ տարի հայտարարել են միջուկային լիցքերի փոխադրման նոր համակարգերի ծավալման ծրագրերի գործարկման կամ էլ նման ծրագրեր մշակելու պլանների մասին:
Ընդհանուր առմամբ, SIPRI-ն միջուկային զենք ունեցող երկրների թվում պաշտոնական հնգյակի հետ մեկտեղ հիշատակում է նաև Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը: 2013 թվականի սկզբին միջուկային պաշտոնական հնգյակն ունի 4400 միավոր օպերատիվ միջուկային զենք, որից մոտ 2000-ը գտնվում է մարտական վիճակում:
Դրանցից ամենաշատն ունի ԱՄՆ-ը՝ 2150, ապա գալիս են Ռուսաստանը՝ 1800, Ֆրանսիան՝ 290, Մեծ Բրիտանիան՝ 160: 2013 թվականին միջուկային մարտագլխիկների ընդհանուր քանակը կազմել է 17.265 միավոր. Ռուսաստան՝ 8500 մարտագլխիկ (2012 թվականին՝ 10.000), ԱՄՆ՝ 7700 (2012 թվականին՝ 8000), Ֆրանսիա՝ 300, Չինաստան՝ 250 (2012 թվականին՝ 240), Մեծ Բրիտանիա՝ 225, Պակիստան՝ 100-120 (2012 թվականին՝ 90-110), Հնդկաստան՝ 90-110 (2012 թվականին՝ 80-100), Իսրայել՝ 80:
2011 թվականի հետ համեմատ՝ այդ ցուցանիշը նվազել է ավելի քան 1500-ով (2012 թվականին՝ 19.000 մարտագլխիկ): Այդ կրճատումը հիմնականում առնչվել է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: