
ՆԱՏՕ-ն բացասաբար է վերաբերվում Վրաստանում սահմանների փոփոխմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու համար Վրաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին:
Ափաթուրայն այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է վրաց-հարավօսական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Վրաստանի ԱԳՆ-ը վստահեցնում է, որ ռուս սահմանապահները 200-300 մետրով առաջ են մղել սահմանը և անցկացրել են 22-25 կիլոմետր երկարությամբ լարափակոցներ:
Դրա հետ կապված՝ Ափաթուրայը հայտարարել է. «ՆԱՏՕ-ն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որն ունեն ԱՄՆ-ը և ԵՄ-ը: Մենք անհանգստացած ենք ապօրինի բաժանարար կառույցների շինարարությամբ, որոնք հանդիսանում են կնքված համաձայնագրերի խախտում, ինչպես նաև խոչընդոտում են բնակչության ազատ տեղաշարժը: Բնականաբար, մենք բացասաբար ենք գնահատում տվյալ փաստը»: