Google-ում աշխատանքի են ընդունում թուղթ ու գրիչով
Հարցազրույց Google Developer Group-ի (GDG) Հայաստանի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ
Google Developer Group-ի (GDG) Հայաստանի համակարգող Վարդան Գրիգորյանը մայիսի 13-18-ը գտնվում էր Google ընկերության գլխավոր գրասենյակում, որտեղ միաժամանակ մասնակցում էր երկու միջոցառման: Դրանցից մեկը՝ Google համայնքի ղեկավարների գագաթաժողովն էր (Google Community Manager Summit): Երկրորդ միջոցառումը՝ Google I/O-ն էր, որն ավելի մեծ միջոցառում է, որի ժամանակ ներկայացվում է, թե առաջիկայում ինչ նոր ծառայություններ է առաջարկելու Google ընկերությունը: Վերջինիս մասնակցում են 6000 ծրագրավորողներ տարբեր երկրներից, միջոցառմանը կարելի է անվճար հետևել օն-լայն եղանակով, իսկ իրական կյանքում այդտեղ մասնակցությունը վճարովի է, սակայն միջոցառման մասնակիցներին այդ գումարից ավելի մեծ արժողությամբ նվերներ են տալիս:
Նշենք, Հայաստանում 2 տարի առաջ՝ փետրվարի վերջին երկու երիտասարդների՝ Վարդան Գրիգորյանի և Վարդան Պապիկյանի ջանքերով ստեղծվեց GTUG (Google Technology User Group) խումբը, որն անցյալ տարվա կեսից անվանափոխվեց GDG-ի: Նրանք էլ հենց դարձան Հայաստանում GTUG-ի, հետագայում՝ GDG-ի համակարգողները: GDG խումբը նպատակ ունի օգնել Հայաստանում Google-ի գործիքների օգտագործման խնդիրները լուծելուն: Ուստի անընդհատ կազմակերպվում են տարբեր հանդիպում-քննարկումներ: Նման խմբեր գործում են աշխարհի ավելի քան 60 երկրներում:
– Այս տարի Google I/O-ի գրեթե բոլոր մասնակիցները սպասում էին՝ որպես նվեր ստանալ Google Glass ակնոց: Սպասելիքները, փաստորեն, չարդարացան, սակայն Ձեզ հաջողվել է փորձարկել այդ «կախարդական» ակնոցները, ի՞նչ տպավորություններ ունեք դրանցից:
– Այո, իրականում նման սպասումներ շատ-շատերն ունեին, քանի որ միշտ Google I/O-ի մասնակիցները միջոցառման մասնակցության տոմսի արժեքից շատ ավելի մեծ նվերներ են ստանում: Այս տարի, սակայն, ընտրությունն այդքան էլ հաջող չէր, անգամ ընտրության հնարավորություն չկար. բոլորին նվիրեցին վերջին մոդելի Chromebook Pixel, դա միակ նվերն էր, որ ստացան միջոցառման մասնակիցները: Իհարկե, դա լավ սարք է, դրանով կարող ես էլ. փոստ ստուգել և այլն, սակայն ծրագրավորման համար այն կարծես թե այդքան էլ պիտանի չէ, քանի որ այն սահմանափակում է ծրագրավորողի հնարավորություները, և այդ տեսանկյունից ընտրությունն այս տարի լավ չէին կազմակերպել:
Շատերը դժգոհ էին նաև հենց դրա համար, քանի որ այս տարի մարդիկ սպասում էին այդ ակնոցներին: Այո, ես փորձարկեցի Google Glass-ը և համոզվեցի, որ դա դեռ շատ սկզբնական տարբերակն է ընդամենը: Փաստորեն, այն այդքան էլ հարմար չէ օգտագործման համար, մանավանդ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար:
Օրինակ, ես այն պետք է կրեի իմ ակնոցների վրայից, որպեսզի դրանով տեսնեի, իսկ տվյալ դեպքում, երբ օպտիկական ակնոցի վրայից ես այն կրում, պատկերն ասես ցրվում է ինչ-որ չափով, իսկ առանց օպտիկական ակնոցի՝ ուղղակի շատ վատ էի տեսնում Glass-ով: Բացի այդ, Google Glass-ը հրամանները կարողանում է կատարել միայն անգլերեն լեզվով և դա փոխելը հնարավոր չէ, իսկ ակնոցին հրամաններ տալիս, օրինակ, լուսանկարելու (Ok Glass, take a picture), կողքինդ կարող է շատ հանգիստ լսել դա, իսկ ցածրաձայն հրամանները սարքը չի հասկանում:
Բացի այդ՝ որևէ բան սարքով նկարելիս, եթե կողքից նայում են ակնոցը կրողին, նա մի տեսակ է երևում, քանի որ, ասես տարօրինակ շարժումներ է անում: Օրինակ, բույս նկարելիս պետք է կռանալ, և այլն: Կարծում եմ՝ այս մի քանի ուղղություններով պետք է լուծումներ գտնել:
– Տեղյակ եմ, որ Google-ի գլխավոր գրասենյակում հայ ծրագրավորողի եք հանդիպել: Կպատմե՞ք այդ մասին:
– Այո, ես այնտեղ հանդիպեցի մեր հայրենակիցներից մեկին: Նա ծնունդով հայ է, սակայն ապրել է և սովորել է Մոսկվայում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ: Նա դիմել է Google՝ աշխատանքի ընդունվելու համար, և ընդունվել է: Նա արդեն, մոտ 1 տարի է՝ աշխատում է Google-ի գլխավոր գրասենյակում՝ որպես ծրագրավորող Google TV պրոդուկտի թիմում: Իրականում ես նրա հետ նախկինում էլ էի խոսել, սակայն միայն նամակագրական կապով, ու քանի որ այնտեղ էի գտնվում՝ կապ հաստատեցի նրա հետ, ու հանդիպեցինք: Նա պատմեց, թե ինչ է նշանակում` Google-ում աշխատել, ինչպես է ընդունվել աշխատանքի, և այլն:
Շատ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես կարող ես ընդունվել այնտեղ, եթե դու սովորական ծրագրավորող ես: Դա ինձ հետաքրքիր էր թե որպես ծրագրավորողի, և թե որպես հայաստանյան GDG խմբի համակարգողի, որպեսզի դա ներկայացնեմ, օրինակ, մեր խմբի մասնակիցներին, ովքեր լավ ծրագրավորողներ են և գուցե մի օր ցանկանան այնտեղ աշխատանքի ընդունվել: Զրուկցակցիս խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի չվախենաս, որ այդպիսի մեծ կազմակերպությունում ես ընդունվում աշխատանքի, քանի որ հակառակ պարագայում` ավելի ես լարվում, իսկ այդ դեպքում սխալներ գործելու հավանականությունն ավելի մեծ է լինում: Այնտեղ ևս սովորական մի քանի հարցազրույց ես անցնում, որոնք, սովորաբար անցկացվում են նաև այլ ընկերություններում ընդունվելիս, օրինակ, տեխնիկական գիտելիքներ, ընդհանուր գիտելիքների ստուգում, և այլն: Այս ամենը, սակայն, Google-ում մի փոքր տարբերվում է. այնտեղ կարևոր չէ, որ դու խնդիրը լուծես, կարևորն այն է, թե դու ինչպես ես մտածում խնդիը լուծելու ժամանակ:
Այսինքն՝ կարևորը, թե դու որ ուղղությամբ ես մտածում, և քո ուղեղն ինչ ձևով է աշխատում: Դրան այնտեղ ավելի շատ են ուշադրություն դարձնում: Բացի այդ, նա նաև մի շատ հետաքրքիր բան պատմեց. Google-ում ընդունվելիս՝ նրա տեխնիկական գիտելիքները ստուգելիս իրեն ոչ թե համակարգիչ էին տվել, այլ թուղթ ու գրիչ, ու ասել էին, որ գրի այն կոդը, որը պետք է նա գրեր: Մենք՝ որպես ծրագրավորող, միշտ սովոր ենք, որ մեր աչքի առջև համակարգիչ լինի, որով կարող ենք կոդը գրել, իսկ այնուհետև փորձարկել/ստուգել այն, բայց, երբ դու ոչ մի բան չունես, ուղղակի թուղթ ու գրիչ ունես… դա շատ հետաքրքիր մոտեցում էր: Ես երբեք չէի մտածում, որ Google-ում թուղթ ու գրիչով կանեին դա:
– Փաստորեն, Google-ում ընդունվում են աշխատանքի թուղթ ու գրիչով:
– Փաստորեն՝ այո, և ամենաառաջին բանը, որ պետք է անես, դա է՝ պետք է փորձես՝ արդյոք դու կարողանո՞ւմ ես կոդը թուղթ ու գրիչով գրել, այն, ինչը մշտապես համակարգչով ես արել:
– Նա միակ հա՞յն էր, որ աշխատում էր Google ընկերության գլխավոր գրասենյակում:
– Անկեղծ ասած՝ ես այնտեղ աշխատող ուրիշ հայի չեմ ճանաչում, հնարավոր է՝ կան, ես չգիտեմ: Ճանաչում եմ այլ հայերի, ովքեր աշխատում են ուրիշ քաղաքների Google-ի գրասենյակներում, բայց ոչ գլխամասային գրասենյակում: Հայեր կան, օրինակ, Շվեյցարիայի, Նյու Յորքի գրասենյակում…
– Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագրեր կա՞ն, ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք այս ուղղությամբ Ձեր այցի շրջանակներում:
– Եթե ասեմ, որ ես Հայաստանի համար շատ լավ բան եմ արել, և հիմա իրենք գալու են և Հայաստանում գրասենյակ բացեն՝ սուտ կլինի, քանի որ նախևառաջ` նշեմ, որ հանդիպումն այդ ձևաչափով չէր: Նման կարգի ծրագրերն արվում են ավելի բարձր, օրինակ` վարչապետի մակարդակով: Իսկ մեր այս հավաքը պարզապես ծրագրավորողների հավաք էր, և այն, ինչ կարողացա ես անել Հայաստանի համար, այն էր, որ մինչև տարեվերջ մենք ծրագրավորողների համար կկազմակերպենք մեծ միջոցառում՝ DevFest, որտեղ հյուրեր կլինեն նաև Google ընկերությունից: Այդ միջոցառման սկիզբը դրվել է դեռևս անցյալ տարի, ցավոք, անցյալ տարի մենք չկարողացանք դա անել՝ հյուրերի, ֆինանսավորման և այլ խնդիրների պատճառով:
Ամեն դեպքում այս տարի սեպտեմբեր ամսին տարբեր երկրներում սկսվելու է DevFest-երի շրջանակը, ինչի առնչությամբ արդեն բանավոր համաձայնություն եմ ձեռք բերել որոշ հյուրերի հետ: Այս միջոցառումն ամբողջությամբ Google-ի կողմից չի ֆինանսավորվում, նրանք հիմնականում տրամադրում են ինչ-որ նվերներ միջոցառման մասնակիցների համար, իսկ միջոցառման կազմակերպման համար ֆինանսների հայթայթումը մեր խնդիրն է:
– Այսինքն, տեսնենք՝ ի՞նչ կլինի:
– Չէ, այս տարի ես ավելի լուրջ եմ տրամադրված, որովհետև անցյալ տարի ամեն ինչ մի քիչ, այսպես ասած՝ ավելի շատ օդում էր նաև ինձ համար, թե ինչպես է դա տեղի ունենում: Բայց այս տարի ես տեսա, թե ինչպես է այդ ամենը կատարվում, ինչ ֆորմատի միջոցառում է դա, և կարծում եմ` մենք կարող ենք դրանից էլ ավելի լավ միջոցառում կազմակերպել: Կարծում եմ, մենք կարող ենք մի քիչ ավելի մեծ՝ երկօրյա միջոցառում անել, որի շրջանակներում մեկ օրում մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ, իսկ մյուս օրը՝ կկարողանան դրանց կիրառել՝ օգտվելով առավել փորձառու մասնագետների աջակցությունից: Օրինակ, եթե հենց Google-ում Adroid-ի ծրագրավորման նախագծում ներգրավված մարդն Android-ի ծրագրավորողներին մի բան ասի, նրանք դա երբեք չեն մոռանա: Այսինքն՝ մարդը, որը տվյալ ծրագրի ներսում է աշխատում, կօգնի նրան, ով դրսից է աշխատում այդ ամենի հետ:
– Հաշվարկե՞լ եք, որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում նման միջոցառում կազմակերպելու համար:
– Այո, մեզ անհրաժեշտ է մոտ 3 մլն դրամ՝ տարածքի վարձակալություն, ընդմիջումներգ: Ի դեպ, Google-ում կան աշխատողներ, ովքեր պատրաստ են անգամ իրենց միջոցներով գալ և մասնակցել մեր միջոցառմանը: Պետք է նշեմ, որ մենք երբևէ Հայաստանում չենք ունեցել հատուկ միջոցառում՝ ծրագրավորողների համար, որտեղ ծրագրավորողները կհամագործակցեն ծրագրավորողների հետ: Հայաստանում միշտ Barcamp-ն է եղել ամենաակտիվ միջոցառումը, որտեղ մասնակցել են նաև ծրագրավորողները:
– ԱՄՆ Սիլիկոնային հովտում անցկացված Armtech համաժողովից հետո ՏՀՏ ոլորտի հայ ներկայացուցիչները նշեցին, որ այս ամառ Google-ից ներկայացուցիչներ են գալու Հայաստան, և գուցե ընկերությունը մեր երկրում ներկայացուցչություն բացի: Այնտեղ ինչ-որ խոսակցություններ լսեցի՞ք այդ մասին:
– Ես այդ մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Հայ տղան՝ Արամ Այազյանը, ում ես հանդիպեցի, և ով աշխատում էր Google-ում, ինքն ասաց, որ ներկա է եղել ՀՀ վարչապետի այցին, իհարկե, չգիտի՝ ինչ է ստորագրվել կամ ինչի մասին է խոսք եղելգ Իհարկե, դա նորմալ է, որ ուզում են այցելել Հայաստան, սակայն դեռ շուտ է խոսել մեր երկրում Google-ի գրասենյակի բացման մասին: Հայաստան այցելությունն առաջին քայլն է, սակայն դեռ պետք է քննարկվեն շատ հարցեր: Չեմ կարծում, որ Google-ը, օրինակ, IBM-ի նման` «վազելով» կգա:
Google-ն ունի իր առաջնայնությունների շրջանակը, և ինքն է որոշում տվյալ վայրում գրասենյակ բացելու նպատակահարմարությունը, որքանո՞վ այն իր համար ստրատեգիական կարևորություն ունի: Միգուցե մտածում է Հայաստանում գրասենյակ բացել, օրինակ, 6 տարի հետո, իսկ երբ մենք ենք իրենց հրավիրում, ապա պետք է համոզենք և լավ պայմաններ առաջարկենք: Թե որքանով ճիշտ կներկայացնեն Հայաստանում այդ գրասենյակը բացելու անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ դա արդեն մեր պետական մարմինների խնդիրն է. որքանով իրենք լավ կներկայացնեն, այդքանով հավանականությունը մեծ է, որ կգան:
– Այդուամենայնիվ, Google-ը տարածաշրջանում կարծես թե գրասենյակ չունի, այնպես չէ՞:
– Ոչ, տարածաշրջանում` Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում և Հայաստանում, չունի գրասենյակ: Նման գրասենյակ գործում է Թուրքիայում և նաև Մոսկվայում: Կարծում եմ` բացվող գրասենյակը կլինի հենց տարածաշրջանային: Ցավոք, մենք այս առումով դուրս կմնանք մրցակցությունից, Վրաստանն այդ առումով ավելի շահեկան դիրքերում է գտնվում, քանի որ այն ավելի լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի հետ: Սակայն, եթե մեր կառավարությունը կարողանա համոզել, որ այդ կենտրոնը Հայաստանում է պետք բացել, կարծում եմ, հնարավոր է և հաջողվի:
Այնպես չէ, որ Վրաստանի կառավարությունը չի ասում՝ եկեք, Վրաստանի կառավարությունն ավելի շուտ է ասել, դեռ անցյալ տարի Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն ուզում էր, որ Google-ը գրասենյակ բացի իրենց մոտ: Մինչդեռ այդ ժամանակ նրանց մոտ GDG չկար, իսկ Google ընկերությունը, որպես առաջին քայլ՝ նշեց, որ նախ` պետք է այնտեղ GDG բացեն, իսկ հետո կտեսնեն քայլերի հաջորդականությունը: Այսինքն՝ այստեղ արդեն կարևոր է, թե ով ավելի լավ պայմաններ կառաջարկի:
– Դուք Հայաստանում GDG-ն ավելի վաղ ստեղծեցիք, քան նրանք: Դա կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ այդ հարցում:
– Մեր պարագաները տարբեր են, այնտեղ կարծես GDG-ով է հիմքը դրվել, որպեսզի այն շարունակություն ունենա, իսկ մեզ մոտ GDG-ն անկախ է ծնվել: Օրինակ, Վրաստանում GTG-ն աջակցություն և ֆինանսավորում է ստանում Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից, իսկ մեզ մոտ այդ ամենն արվում է հասարակական սկզբունքով՝ մեր ուժերով և մեր միջոցներով: Մենք աջակցության համար չենք էլ դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, իսկ Google-ից որոշ նվերներ ենք ստանում, օրինակ, շապիկներ և այլն: Եթե այստեղի պետական կառույցներից աջակցություն ստանանք, իհարկե, ավելի լավ կլինի:
«168 ԺԱՄ»