Օսկանյանի բարոյական վերածնունդը

2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքը Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին նվիրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նա հանրությանը համոզում էր, որ Հայաստանի իշխանությունները ստորագրել են, կամ պատրաստվում են ստորագրել մի փաստաթուղթ, որը կործանարար է լինելու Ղարաբաղի համար, քանի որ դրանով Հայաստանը զիջելու է սկզբում` ազատագրված հինգ շրջանները, հետո` մյուս երկուսը, իսկ Ղարաբաղի և Հայաստանը Ղարաբաղին միացնող միջանցի կարգավիճակը մնալու է անորոշ:

Դրա համար նամեղադրում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, որոնց գործունեության արդյունքում Ղարաբաղը բանակցությունների սուբյեկտից վերածվեց օբյեկտի: «Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք` անբարոյական»:

Տեր-Պետրոսյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը համարում էր շուտափույթ իշխանափոխությունը. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը և Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձևավորումը»: Սա` հրապարակայնորեն: Իսկ ոչ հրապարակայնորեն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին վստահեցնում էր, որ հենց Սերժ Սարգսյանը ստորագրի փաստաթուղթը, Հայաստանում արտաքին ուժերի օժանդակությամբ տեղի է ունենալու իշխանափոխություն, և իրենք վերցնելու են իշխանությունը: Դա, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, ինչպես նաև որևէ փաստաթուղթ էլ չստորագրվեց:

Հիմա, ըստ քաղաքական շրջանակներում քննարկվող խոսակցությունների, նման փաստաթղթի ստորագրման սպասման մեջ է Վարդան Օսկանյանը, ով, ինչպես հայտնի է, ցանկանում է ԲՀԿ-ին տեսնել ընդդիմադիրի կարգավիճակում: Նա, ինչպես և Լևոն Տեր-Պետրոսյանը, համոզված է, որ աշնանը Սերժ Սարգսյանը կստորագրի ԼՂ կարգավորման սկզբունքների շուրջ այնպիսի մի փաստաթուղթ, որն իրեն և ԲՀԿ-ին հնարավորություն կտա իշխանությանը հայտարարել դավաճան, Ղարաբաղը ծախող և իշխանափոխություն իրականացնել: Ի դեպ, իրեն «անբարոյական» հռչակած Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելով:

Սա, ի դեպ, արդեն ավանդույթի վերածված քաղաքական սովորություն է: Երբ քաղաքական ուժերը պարտվում են ընտրություններում, և հաստատվում է որոշակի ստատուս-քվո, նրանց իշխանության գալու միակ հույսը մնում է իշխանության՝ հայրենիքին դավաճանելը և Ղարաբաղը ծախելը:

Տեսանյութեր

Լրահոս