Կօրինականացվի՞ արդյոք մարիխուանայի օգտագործումը Հայաստանում
Նիդեռլանդները հարուստ մշակութային ժառանգություն ունի, սակայն միլիոնավոր զբոսաշրջիկներին այս երկրում գրավում էր ոչ թե մշակույթը, այլ, այսպես կոչված, coffee-shop-երը։ Այստեղ զբոսաշրջիկները կարող էին ազատ մարիխուանա ծխել։
1976 թվականի այս երկրում մարիխուանայի օգտագործումն օրինականացվեց, և թույլատրվեց այն վաճառել coffee-shop-երում՝ յուրաքանչյուր անձին 5 գրամ առավելագույն քանակով։
Այս քաղաքականության կողմնակիցները մի շարք փաստարկներ ունեին։ Օրինակ՝ նշում էին, որ մարիխուանայի օրինականացումն այդ ոլորտը դուրս կբերի ստվերից, կդարձնի ավելի վերահսկելի, և այլն։ Բոլոր այս փաստարկներն, իհարկե, ունեին հակափաստարկներ։ Բացի մեկից։ Coffee-shop-երը պետական գանձարանի համար մեծ եկամուտներ էին ապահովում։ Ըստ որոշ հաշվարկների՝ Հոլանդիայի պետական գանձարանը երկրում գործող ավելի քան 700 coffee-shop-երից ստանում էր տարեկան մոտ 600 միլիոն դոլարի հարկեր։
Սակայն հոլանդացիներն, ի վերջո, որոշեցին, որ ամենակարևոր բանը փողը չէ, և նախորդ տարի ընդունված օրենքով (որն ուժի մեջ մտավ այս տարի) խստացրեցին խաղի կանոնները։ Նոր օրենքի համաձայն՝ coffee-shop-երը դառնում են փակ ակումբներ, և այնտեղ մարիխուանա օգտագործելու իրավունք ունեն միայն տեղացիները։ Այսինքն՝ Հոլանդիան հրաժարվեց նարկոտուրիզմից ստացվող հարյուրավոր միլիոն դոլարի եկամուտներից՝ չնայած coffee-shop-երի սեփականատերերի դժգոհություններին։
Վրացական «ահազանգը» կեղծ էր
Հոլանդիայի՝ որպես նարկոտուրիզմի կենտրոնի փակումը սպասելի հետևանքներ առաջացրեց մյուս երկրներում։ Մարիխուանայի սիրահարները, ովքեր այլևս չեն կարող Հոլանդիայում ստանալ իրենց ուզածն օրինական ճանապարհով, բնականաբար, փորձելու են դա անել անօրինական ճանապարհով և հենց իրենց երկրում։ Այսինքն՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը հարևան եվրոպական երկրներում մեծանալու է։ Տեղեկություններ կան, որ որոշ նարկոբարոններ դեռ անցած տարվանից սկսել են ընդլայնել թմրամիջոցների պլանտացիաները՝ կանխատեսելով շուկայի փոփոխությունները։
Սակայն վերջերս տեղի ունեցող իրադարձությունները խոսակցությունների առիթ դարձան, որ որպես նարկոտուրիզմի օրինական կենտրոն՝ Հոլանդիային կարող է փոխարինել… Վրաստանը։ Մայիսի սկզբից այս երկրի խորհրդարանում սկսեցին քննարկել թեթև թմրամիջոցների, օրինակ, մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու հարցը։ Այս մասին խոսել էր Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկոն՝ նշելով, որ թմրամիջոցների հարցում մեխանիկական արգելքը «ռեկոշետի» էֆեկտ է ունենում` երևույթն ավելի է խորանում։
Նախարարը, սակայն, ավելացրել էր, որ չի կարելի սպասել թեթև թմրամիջոցների շուտափույթ օրինականացմանը։ «Փաստը, որ մենք այսօր քննարկում ենք այդ հարցը, ամենևին չի նշանակում, որ մի գեղեցիկ օր մենք կարթնանանք և կտեսնենք, որ սուպերմարկետներում մարիխուանա է վաճառվում»,- ասել էր Սերգեենկոն։
Այս տեղեկատվությունից հետո Հայաստանում սկսեցին կեսկատակ-կեսլուրջ խոսել, որ Բաթումի մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը կավելանա (հատկապես՝ երիտասարդների)։ Իսկ եթե Վրաստանում coffee-shop-եր բացվեն, ապա Վրաստանն ընդհանրապես կարող է դառնալ նարկոտուրիզմի տարածաշրջանային կենտրոն։
Իրականում, Վրաստանում խոսքը վերաբերում է թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացմանը։ Մինչդեռ Հայաստանում թմրամիջոցներ օգտագործելը դեռ 2008 թվականից քրեորեն պատժելի արարք չի համարվում և կանոնակարգվում է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով։ Այս առումով Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ ունի նարկոտուրիզմի կենտրոն դառնալու համար, քան Վրաստանը։
Հայաստանը մեկ քայլ առաջ է…
Ինչպես նշեցինք, Հայաստանում թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի թույլտվության նախկինում պատժվում էր Քրեական օրենսգրքով. 271-րդ հոդվածը նախատեսում էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: 2008 թվականի մայիսին այս հոդվածն ուժը կորցրած ճանաչվեց, սակայն պատասխանատվությունը չի վերացել։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 44-2 հոդվածի համաձայն՝ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Իսկ առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով։
Այսինքն՝ թմրանյութ օգտագործողը զրկվում է ոչ թե ազատությունից, այլ փողից։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում թմրամոլները կարող են տուգանքը վճարել և հանգիստ շարունակել իրենց գործը։
Նախ՝ «մանր չափեր» ասվածը շատ հարաբերական հասկացություն է։ Օրինակ՝ չորացված վիճակում մարիխուանայի համար մանր չափ է համարվում 0.5 գրամը, չչորացված վիճակում՝ 2 գրամը։ Հաշիշի մանր չափ է համարվում 0.2 գրամը։ Իսկ թմրամոլների մոտ սովորաբար թմրանյութի քանակությունը գերազանցում է այդ չափը՝ առաջացնելով քրեական պատասխանատվություն։ Բացի այդ, անգամ, եթե թմրանյութը մանր չափերով է, ապա դրա տերը ստիպված է մի քանի անգամ ներկայանալ Ոստիկանություն, ցուցմունք տալ, թե ումից է ձեռք բերել, հարկ եղած դեպքում՝ մասնակցել առերեսումների, և այլն։
Թմրատնտեսական տեսլականը
Իսկ արժե՞ արդյոք ընդհանրապես վերացնել նաև վարչական պատասխանատվությունը և հստակ կանոնակարգելով դաշտը՝ թեթև թմրանյութերի օգտագործումը կոնկրետ տեղերում և կոնկրետ պայմաններում դարձնել ամբողջությամբ ոչ պատժելի։ Ինչպես Հոլանդիայում՝ ստեղծել coffee-shop-երի նման ինչ-որ բան։ Կարո՞ղ է արդյոք օրերից մի օր Հայաստանը վերածվել «նոր Հոլանդիայի»։ Նման առաջարկ պաշտոնապես ոչ ոք չի հնչեցրել, սակայն մասնավոր կարծիքներ հնչում են՝ ինչպես մարմնավաճառությունն օրինականացնելու հարցում։ Ի վերջո, մարիխուանայի օրինականացումը կարող է լուրջ եկամուտներ ապահովել պետական գանձարանի համար։ Հայաստանում ճշգրիտ հաշվարկներ չկան թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների մասին։ Սակայն այն բավականին մեծ թիվ է կազմում։ Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգորի Մալինցյանը դեռ 1 տարի առաջ նշել էր, որ հանրապետությունում երբևիցե թմրամիջոց գործածելու փորձ արած անձանց թիվը հասնում է 104 հազարի, իսկ թմրամոլների թիվն արագորեն աճում է։ Իսկ թմրամիջոցների գինը բավական բարձր է։ Օրինակ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տվյալներով (http://www.police.am/images/31-01-2012-3.pdf)՝ մարիխուանայի 1 գրամն արժե 20-25 դոլար։
Նույն փաստաթղթի համաձայն՝ 2011 թվականին իրավապահ մարմինների կողմից հանրապետությունում ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 20 կգ մարիխուանա (մոտ կես միլիոն դոլար արժեքով)։ 2010 թվականին՝ 59 կիլոգրամ։ Իսկ շրջանառության իրական ծավալները մի քանի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր անգամ գերազանցում են այդ քանակները։
Ինչպես նշեցինք՝ կարծիքներ կան, որ այս ոլորտը բերելով հարկային դաշտ, խիստ վերահսկողություն և բարձր հարկեր սահմանելով, կարելի է տնտեսապես մեծ օգուտներ ունենալ՝ հաշվի առնելով, որ կնկատվի նաև նարկոտուրիստների մեծ հոսք։
Հաշվի առնելով, որ բյուջեն լցնելը Հայաստանում թիվ մեկ խնդիրն է, ոչ ոք չի կարող բացառել, որ այս ուղղությամբ գոնե ինչ-որ հեռավոր մտքեր մեր պաշտոնյաների գլխով չեն անցել՝ որոշեցինք մի փոքրիկ հարցախույց անցկացնել. եթե, այնուամենայնիվ, մի օր սեղանին դրվի նման առաջարկություն՝ Հայաստանը դարձնել նարկոտուրիզմի օրինական կենտրոն, ինչպե՞ս դրան կվերաբերվեն հայաստանցիները։
Մենք մի շարք մասնագետների և պաշտոնյաների ուղղեցինք հետևյալ հարցը. «Ի՞նչ եք կարծում՝ զուտ տնտեսական առումով, արժե՞ Հայաստանում նույնպես մտածել մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու ուղղությամբ»: Պատգամավորներին նաև ավելի կոնկրետ հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս կքվեարկեին, եթե նման օրենսդրական նախաձեռնություն լիներ։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես շատ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել… Բայց կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ կարելի է Հայաստանը վերածել Սոդոմ-Գոմորի, շատ ավելի շատ մեղսագործներ կգան Հայաստան, ու դրանով տուրիզմը կաճի։ Իհարկե, կարելի է այստեղ օրինակ բերել Հոլանդիային, բայց կարծում եմ` ազգային մշակույթը, մենթալիտետը և հոգեբանությունները պետք է անպայման հաշվի առնվեն»:
Տնտեսագետ Հայկ Բալանյանը նախ՝ հարցին հարցով արձագանքեց՝ «Այսինքն, չկա՞ որևէ զսպանակ կամ խտրականություն՝ փող ունենալու մոլուցքում: Ամեն ինչ թույլատրվա՞ծ է»: Իսկ հետո կարծիք հայտնեց, որ մեր պարագայում ընդհանրապես չարժե նման որևէ քայլի գնալ, որը «կոռումպացված պետական ապարատի համար նոր կոռուպցիոն ռիսկեր և գայթակղություններ կստեղծի և մեր հասարակության բարոյալքված, հուսահատված, բազմաթիվ խնդիրներ ունենալու պարագայում կհանգեցնի նոր բազմաթիվ խնդիրների»: Հ. Բալանյանի խոսքերով՝ առանց այն էլ հոգևոր և մտավոր ոլորտում խորը ճգնաժամ է, արդեն իսկ խաղատներում պարտվածներն ինքնասպան են լինում, տուն-տեղ վաճառում են, հայտնվում են փողոցում, արդեն իսկ հարբեցողությունը խնդիր է դարձել մեզանում։ Ինչ վերաբերում է զուտ տնտեսական կողմին, ապա տնտեսագետը համոզված է, որ այս պարագայում երկիրը կամ պետական բյուջեն ոչ մի տնտեսական արդյունք չեն ստանա, իսկ առաջացած խնդիրները հարյուրապատիկ կգերազանցեն այդ հարկային մուտքերը: «Մի քանի հոգի էլ ավելի կհարստանա, ընդ որում, մեզ քաջ հայտնի արդեն իսկ առկա մեծահարուստներից, իսկ երկիրը բազմաթիվ խնդիրներին կավելացնի էլ ավելի վտանգավորը՝ սոցիալական, առողջապահական և քաղաքական առումով: Հայաստանը ոչ Թաիլանդ է, ոչ էլ Կոլումբիա, չնայած ոմանք հենց այդ ճանապարհով են ուզում առաջնորդել երկիրը: Միայն նման խոսակցությունների, գաղափարների համար անհրաժեշտ է դաժանորեն պատժել նախաձեռնողներին: Իսկ տուրիզմի և տնտեսության զարգացման համար միջոցները վաղուց հայտնի են, և զուտ տնտեսական առումով արժի մտածել ոչ թե նարկոմաֆիայի կենտրոն դառնալու, այլ երկիրը այս վիճակին հասցնողների նկատմամբ քրեական պատիժը կիրառելու մասին»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ թեպետ կոնկրետ գնահատական տալը դժվար է, սակայն «սա այն հարցն է, որի պատասխանը ոչ թե տնտեսական չափորոշիչով պիտի որոշվի, այլ առողջապահական և մշակութային»: Եթե դիտարկենք զուտ տնտեսական կողմը, Ա. Խուրշուդյանն ինչ-որ մեծ օգուտներ սրանից չի ակնկալում, ինչը կդրդեր նման ռիսկի գնալ: Իսկ միակ հնարավոր տուրիստական ներհոսքը նա տեսնում է իրանական տուրիզմը։ «Վրաստանը մի փոքր այլ պատմություն է, այնտեղ թմրամիջոցների օգտագործումն անհամեմատ բարձր է Հայաստանի մակարդակից, ուստի նման քայլն այնտեղ գուցե ունենա այլ ներքին ազդեցություն, կամ ունի ներքին դրդապատճառ»,- ասում է Ա. Խուրշուդյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարճ պատասխանեց՝ դեմ, միանշանակ դեմ։ Իսկ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն, այսպես արձագանքեց. «Առաջին հերթին` որպես 5 երեխաների հայր, ես խստորեն դեմ եմ նման գաղափարին, բայց որպես ՀՀ ԱԺ պատգամավոր՝ պատրաստ եմ և պարտավոր եմ լսել ցանկացած հիմնավորում, որը հավակնություն ունի փոխելու իմ կարծիքը»:
Քաղաքական գործիչ Էդվարդ Անտինյանը համոզված է, որ տնտեսական շահը չի կարող գերակա լինել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի հանդեպ: «Մենք բազմաթիվ պատճառներ ունենք, որոնք խոչընդոտում են զբոսաշրջիկների ավելի մեծ քանակության այցելությանը մեր երկիր: Եվ, ի դեպ, հենց տնտեսական առումով: Այդ ուղղությամբ պետք է հետևողական քայլեր արվեն, որպեսզի ուղևորափոխադրումն ու հյուրանոցային սպասարկումը մատչելի լինեն»,- ասում է Էդ. Անտինյանը։ Իսկ եթե արդեն համարենք, որ բոլոր տարբերակները սպառվել են, մնացել է թմրամոլների համար արտոնյալ պայմանների ստեղծումը, դա, ըստ մեր զրուցակցի՝ «մեզ կմտցնի ճահիճ, որից դուրս գալ ուղղակի չենք կարող, քանի որ այդ տրամաբանությունը մեզ անընդհատ ներքև կքաշի, ու ամեն անգամ մի նոր հակաօրինական բան կփորձենք օրինականացնել, միայն թե զբոսաշրջիկների այդ շերտին չկորցնենք: Ասենք՝ հասարակաց տներ ու գեյ ակումբներ բացել, և այլն»:
«Թե ինչպես են մեր օրենսդիրները հաճախ, չարաշահելով իրենց լիազորյությունները՝ աստղաբաշխական գումարներ աշխատում, քաջատեղյակ ենք, երկիրը փոքր է: Հիմա պատկերացրեք, որ, ինչպես ասում են՝ «համը բերաններն ընկնի», ու բավական շահութաբեր ոլորտներ օրինականացվեն, ո՞ւմ ձեռքում են հայտնվելու դրանք, մի՞թե պարզ չէ: Եվ եթե անգամ որոշ ժամանակ անց հասկանան, որ վտանգավոր բան է արված, գրեթե անհնար է լինելու մեր փողասեր պատասխանատուներին ստիպել հրաժարվել ընդունված օրենքներից ու հաստատված շահութաբեր կարգերից»,- ասում է Էդ. Անտինյանը:
«Տնտեսություն և արժեքներ» կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանն էլ այսպես պատասխանեց. «Ոչ: Չեմ կարծում՝ մեղքի շահագործման վրա պետք է կառուցել մեր տնտեսությունը: Բարոյական չափողականությունն անհնար է բաժանել տնտեսական նկատառումներից: Այդ չափողականությունը կարևոր է մեր տնտեսական համակարգի կենսունակ տեսլականի ձևավորման համար»: