Բաժիններ՝

Ոչ ոքի չի հետաքրքրում՝ դատարանը ճի՞շտ, թե՞ սխալ որոշում է կայացնում

Հայաստանում դատավարական համակարգը դարձել է անձեռնմխելի. ոչ ոքի չի հետաքրքրում՝ դատարանը ճի՞շտ, թե՞ սխալ որոշում է կայացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով` այսօր հասարակ քաղաքացին պաշտպանված չէ դատարանի կամայականություններից նույնիսկ այն դեպքում, երբ դատարանն ունի փաստարկներ այն մասին, որ քաղաքացին ճիշտ է: Ըստ նրա՝ նույնիսկ այդ պարագայում, միևնույն է, դատարանը կկայացնի այն որոշումը, որն «իրեն է պետք, կամ ինչ-որ մեկին հաճելի է, կամ պարտադրում են»:

«Չեմ ասի՝ բոլորը, բայց դատավորների մեծ մասն ունեն իրենց իրավաբանական գրասենյակները, իրենց փաստաբանները, ովքեր իրենց հետ կատարում են գործարքներ: Եթե գործը վերաբերում է ինչ-որ մի դատավորի, ճիշտ քաղաքացին պետք է դիմի նրա փաստաբանին, որ գործը շահի, նույնիսկ՝ եթե նա սխալ է: Միջազգային առումով դա համարում են «черный адвокат»: Մեզ մոտ դա հիմա շատ ուժեղ դրված է: Վերջերս դատական նիստերից մեկի ժամանակ փաստաբանը, երբ դատավորն իրեն վրդովված է պահում իր նկատմամբ, րոպեն մեկ նշում է` ես այս իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչն եմ»:

Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ խախտումներ կատարվում են նաև վերադաս մարմինների ոտնձգությունների պատճառով: Ըստ նրա՝ եթե դատավորը խախտում է անում վերադասի հրամանով, նրա նկատմամբ բոլոր բողոքները մերժվելու են. «Բայց այն դատավորը, որը փորձի առանց վերադասի խախտում անել, ու վերադասին դուր չգա, քանի որ այն մարդը, ում նկատմամբ խախտումն արել է, իր մարդն է, կկանչեն կարգապահական պատասխանատվության, Արդարադատության խորհուրդը գործը հարուցում է, նկատողություն են տալիս, աշխատավարձի 25 տոկոսից զրկում են»:

Ալեքսանդր Ամարյանը, որպես օրինակ, մատնանշեց մի քանի դեպքեր, որտեղ, ըստ նրա՝ դատարանների կողմից ակնհայտ խախտումներ էին թույլ տրվել. «Մեկը Կարեն Մելոյանի գործն է: Նա Հրազդանի բնակիչ է, ամսի 4-ին նրան ինչ-որ մի անձի հետ տանում են, ստուգում են խմածությունը Չարենցավանի հիվանդանոցում, և հետագայում գործում հայտնվում է, որ ամսի 5-ին իրենք վթար են կատարել: Պատկերացրի՞ք: Ճանապարհային ոստիկանության պայծառատեսության հարցը: Մենք ամսի 4-ին երկու տարբեր մարդկանց տանում ենք խմածություն ստուգելու, որ վաղը իրենք պետք է վթար անեն: Դրա մասին խոսվեց դատական բոլոր ատյաններում, բայց դա դատավորներին պետք չէ, քանի որ պարզվում է, որ այն պաշտոնատար անձը, ով որ հետագայում կպնելու է, դրա մերձավոր ազգականը դատավոր է»: Ալ. Ամարյանը, որպես օրինակ, ներկայացրեց նաև նախորդ տարի նոյեմբերին հօգուտ Եհովայի վկաների կայացրած Եվրոպական դատարանի  վճիռը, համաձայն որի` Հայաստանի կառավարությունը պարտավորվել է կատարել վճարումներ՝ իրենց իրավունքները ոտնահարելու համար. «Շատ մարդիկ և բոլոր զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ պատճառն այն է, որ նրանք չեն ցանկանում բանակում ծառայել: Բայց պատճառը դա չէ: Պատճառը հետևյալն է` Եվրադատարանը որոշումը կայացրել է ոչ թե 9-րդ հոդվածի խախտման համար, այլ՝ 5-րդ հոդվածի խախտման համար, այսինքն` քրեադատավարական օրենքի խախտման համար: Այստեղ մեղքը ոչ թե կառավարության և օրենքի չկիրառման կամ կիրառման համար է, այլ իրավապահ մարմինների, դատական համակարգի ոչ ճիշտ գործողությունները, որի արդյունքում այսօրվա դրությամբ՝ 114.000 եվրո պետք է վճարվի եհովայի վկաներին, 10.000 եվրո էլ պետք է վճարվի ընդհանուր ծախսերի համար»: Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ շատ դեպքերում դատավորի նկատմամբ բողոքել հնարավոր չէ, քանի որ դատական պրոցեսը մի քանի տարի է տևում, իսկ բողոքել կարելի է մեկ տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս