Ի՞նչ որոշեց երեկ Պուտինը
«Ես տեսնում եմ, որ այս ամենի արդյունքում Սերժ Սարգսյանն էլ ավելի է խճճվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` խոսելով ՀՀ իշխանության վարած արտաքին քաղաքականության մասին:
«Լավ, հիմա Սերժ Սարգսյանը չունի որևէ աշխարհաքաղաքական, քաղաքա-տնտեսական իրական հայեցակարգ, հասկանալի է` ինքն ունի իշխանություն, ինքն իրեն հռչակել է նախագահ, ասել է` ես իշխանություն եմ, ունի ուժային կառույցներ, որոնցով որևէ ընդվզում դրա դեմ դեռ կարողանում է ճնշել, ոչ մի հայեցակարգ չկա, լավ էդ հասկացանք, ում ինչ հարցնում եք, քննարկումները վերածվում է իրար նկատմամբ փոխադարձ հայհոյանքների, բայց սրանից հասարակությունն է տուժում: Չգիտեմ, կարող է` Սերժ Սարգսյանն այնպիսի շախմատիստ է, որ այդ հայեցակարգը մի 50 տարի հետո ինչ-որ հաղթանակի մեզ բերի, եթե մնանք»,- նշեց Արամ Կարապետյանը:
«Հիմա ես չեմ ուզում ընդհանրապես խոսել Եվրոմիության մասին, որովհետև այնքան եմ խոսել` Կիպրոսի ճգնաժամի պարագայում ինչպես իրեն պահեց Եվրոմիությունը… Կիպրոսի ժողովրդին կարկանդա՞կ բաժանեց, թե՞ գերմանական ճշտապահությամբ ամենախիստ որոշումները կայացրեց, փաստորեն մարդկանց կուլակաթափ արեցին, որովհետև այնտեղ ամենաակտիվը գերմանական աշխարհաքաղաքական շահն էր»,- ավելացրեց նա:
Ա. Կարապետյանը խոսեց նաև Եվրոպայի ֆինանսատնտեսական վիճակի մասին` նշելով, որ այն գնալով վատթարանում է, և առաջնային է դառնում ներսի երկրներին օգնելու հարցը, քանի որ Գերմանիան և Ֆրանսիան արդեն չեն կարողանում փրկել վիճակը Իսլանդիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր:
«Այսինքն` մենք հիմա գնում ենք մի տեղ, որտեղ բավական ծանր է կացությունը, Ռուսաստանում էլ, գիտենք, ծանր է կացությունը, ոչ ոք չի ասում, որ այնտեղ հիմա այնպիսի լավ վիճակ է, բայց այնտեղ գոնե մեզ համար հասկանալի են միտումները»,- ասաց Արամ Կարապետյանը:
Իսկ անդրադառնալով երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրազԷՍ) գագաթաժողովին, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը նշեց. «Ի՞նչ եղավ երեկ, երեկ Պուտինն առաջին անգամ ասաց` «մենք վերջնականապես որոշել ենք, մենք գնում ենք միության, հիմա ով համաձայն է, համաձայն է, ով համաձայն չէ, շուտով դուք կտեսնեք պատժամիջոցների մի ամբողջ շարան, որը կկիրառվի բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք…», դրանք պատժամիջոցներ չեն լինի` որպես պատժամիջոց, դրանք կլինեն ռեալության մեջ ընդունված որոշումներ»:
Հիշեցնենք, որ երեկ Աստանայում մեկնարկել է ԵվրազԷՍ-ի գագաթաժողովը, որին մասնակցել են անդամ երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, ինչպես նաև Ղրղըզստանի և Ուկրաինայի ղեկավարները: Հայաստանը ԵվրազԷՍ-ում ունի դիտորդի կարգավիճակ: