«Էս մարդիկ չեն հասկանում՝ ինչ են անում. ժողովուրդն է տվել ձեզ այդ իշխանությունը, ա՛յ միամիտներ»

Համո Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի նամակները մնում են անպատասխան

2014թ. ապրիլի 14-ին լրանում է բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը: Հ. Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը տևական ժամանակ դիմում է ինչպես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ՝ բոլոր այն իրավասու պաշտոնյաներին, ովքեր մեծանուն գրողի 100-ամյակի կապակցությամբ պարտավոր էին հանձնաժողով ստեղծել և միջոցառումներ իրականացնելու իրավունքը հաստատել: Ն.Սահյանը` «Հ. Սահյան գիտամշակութային» կենտրոնի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանի հետ համատեղ, ՀՀ նախագահին դեռևս մեկ տարի առաջ դիմում գրելուց բացի, ներկայացրել է միջոցառումների ծրագիր:

Վերջիններս առաջարկել են Հ. Սահյանի հուշարձան և տուն-թանգարան ստեղծել, սակայն բոլոր դիմումներին ի պատասխան` առայսօր ՀՀ իշխանությունները ցուցաբերում են տոտալ անտարբերություն: Բանն այն է, որ Ն. Սահյանը ոչ միայն երբևէ չի եղել իշխանությունների կողքին, հանրությանը կոչ չի արել ձայն տալ հանրապետականներին, այլև՝ մշտապես կոշտ քննադատություն է հնչեցրել նրանց հասցեին: Համենայնդեպս, մեծանուն պոետին անտարբերության մատնելու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Ն. Սահյանը պայմանավորում է իր անձով, քանի որ այլ մտավորականների օրինակով` քծնելու փոխարեն` մշտապես ճշմարտություն է ասել նրանց երեսին: Ն. Սահյանի հետ մենք զրուցեցինք Հ. Սահյանի 100-ամյակի, քաղաքական իրադաարձությունների և այլ հարցերի շուրջ:

– 10 օր առաջ Շ. Դավթյանի հետ կրկին մի նամակ ուղարկեցինք ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին և առայսօր պատասխան չենք ստացել: Բազմիցս ելույթներ եմ ունեցել, հնչեցրել եմ, բայց քար լռություն է: Գրողների միությունը ոչինչ չի անում, չգիտեմ՝ ինչո՞վ են զբաղված: Զանգահարեցի Գրականության ինստիտուտ՝ Ավիկ Իսահակյանին, նա էլ, թե՝ դրանով Կառավարությունը պիտի զբաղվի, թող հանձնաժողով ստեղծեն՝ մենք մեր առաջարկությունները կանենք: Այս մեկ-երկու տարվա մոտեցումն ինձ հուշում է, որ սրանք ոչինչ չեն անելու:

Ես չգիտեմ, հորս և իրենց միջև անձնական ոչ մի բան չի եղել, որովհետև նա մահացել է1993թ., երբ չգիտեմ՝ սրանք որտեղ էին: Ես իրենց հետ որևէ առնչություն չեմ ունեցել, չունեմ սեփականություն, որ իրենց հետ կիսեմ, ո՛չ ֆինանսական հարցեր ունեմ, ո՛չ էլ քաղաքականությամբ եմ զբաղվել, որովհետև զզվում եմ այդ ոլորտից: Եթե մարդկանց մեջ մի քիչ հոգևոր աստիճան կա, ապա չեն կարող չգնահատել Հ. Սահյանի պոեզիան, որովհետև այդ մարդու կողմից մեծ արժեքներ են ստեղծվել, որը մեր ազգի հարստությունն է, մեր հոգևոր կյանքն է, որից պետք է սնվենք: Երբ լսում եմ` Երվանդ Քոչար՝ ոտքի եմ կանգնում, Մարտիրոս Սարյան՝ խոնարհվում եմ: Էսպես պետք է լինի, իսկ եթե էսպես չէ, ուրեմն՝ սրանք ուրիշ «սորտի» մարդիկ են: Ընդամենը պիտք է իրավունք տան, մնացածը մենք կանենք:

– Ասում են՝ ոչ միայն իրենց կողքին չեք եղել, այլև՝ մշտապես կոշտ քննադատության եք ենթարկել ՀՀ իշխանություններին: Ձեզ ճանաչողները նաև ենթադրում են, որ Հ. Սահյանին անուշադրության մատնելու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը վրեժխնդրություն է:

– Ես երբեք չեմ վաճառվել և չեմ վաճառվելու: Այո, դեմ եմ այս մարդկանց վարած տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականությանը: Եթե առիթ լինում է՝ այդ մասին արտահայտվում եմ և իմ կարծիքն արտահայտելու եմ միշտ: Եթե դա պիտի կապեն Հ. Սահյանի հետ, ուրեմն՝ մանր մարդիկ են: Հ. Սահյանի հանդեպ ցուցաբերվող մոտեցումն անհասկանալի է, մյուս կողմից էլ՝ իրենք իրենց սֆերայի, էության մեջ են, իսկ իրենց էությունը հենվում է երեք սյունի վրա՝ ագահություն, սուտ և անպատժելիության սինդրոմ: Հիմա մեր երկրում դա է գործում, և բարձր գիտակցություն չեմ տեսնում: Եվ այդ երեք սյունի վրա հիմնված էությունն ազգի ճակատագիր է լուծում: Գնացել, 2 տարի կռվել են՝ խոնարհվում ենք, բայց դա իրավունք չի տալիս, որ գան ազգին 20 տարի դժբախտացնեն:

– Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս Հ. Սահյանի հոբելյանական տարին մոռացության կմատնեն` հանուն նրա, որ Դուք իրենց հասցեին կոշտ քննադատություններ եք հնչեցնում:

– Չի բացառվում, որ կկապեն ինձ հետ: Ես ԱՄՆ-ում հեռուստատեսությամբ մշտապես կարծիքս հայտնել եմ, և կարող է այդ ելույթներս իրենց վրա շատ են ազդել: Սխալ են, որովհետև, եթե ազգի մեջ արտագաղթ կա, սոցիալական անպաշտպանություն է, մարդիկ հուսալքված են՝ մեղավոր են միայն ղեկավարները:

Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, ովքեր հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ ասում են՝ գիտե՞ք, մեր մոտ կաշառակերություն կա: Ո՞ւմ եք ասումգ դրա հովանավորողներն էլ, վերջը տվողներն էլ դուք եք, բոլոր իրավունքները ձեր ձեռքին է: Երբ պետք է ժողովրդին ծեծել՝ պատրաստ եք, բայց երբ կոռուպցիայի դեմ պետք է պայքարեք՝ ժողովրդի՞ն եք ասում: Գնացեք պայքարեք, վերջը տվեք:

Թող Վրաստանից օրինակ վերցնեն: Եթե ցանկություն լինի՝ կոռուպցիան 5 օրում կվերացնեն: Իրենք հասարակության հետ կապ չունեն, որովհետև մեծ անդունդ է հասարակության և իշխանավորների միջև՝ անտագոնիզմ է: Ժողովուրդն իր ատելությունը չի թաքցնում, և իրենք դա գիտեն, դրա համար էլ` տեղ գնալուց` 20 մեքենայով, 40 զինված մարդկանցով են տեղաշարժվում: Նիդեռլանդներում պետության ղեկավարը հեծանիվով գնում է աշխատանքի: Լոս Անջելեսի Դաուն-թաունում մեծահարուստների հանդիպեցի՝ համեստ, ջինսերով, չստերովգ ինչպես ես, այնպես էլ իրենք, չեն ճչացնում այդ տարբերությունը: Էստեղ ընդգծում են՝ էն էլ ինչպես, ու ոչ միայն իրենք՝ իրենց զավակները, սիրուհիները: Սա է ծնում անտագոնիզմ:

– Գուցե մտավորականնե՞րը, գրողնե՞րը փորձեն Հ. Սահյանի հոբելյանական տարին նշելու հարցը բարձրացնել: Ի վերջո, նախաձեռնությունը պետք է լիներ ԳՄ նախագահ Լևոն Անանյանի կողմից:

– Ո՞վ է Լ. Անանյանը, ընդամենը ԳՄ նախագահ: Հ. Սահյանին հասկանալու համար՝ պիտի պոեզիայի, գրականության, ազգի նվիրյալ լինես: Լևոնից ես չեմ կարող բան պահանջել, իրեն դրել են՝ ղեկավարում է, որ ձայն, բողոք չլինի: Ես նրա հետ հախ ու հաշիվ չունեմ, ոչ էլ դիմել եմ, ինքը պիտի զանգահարեր և ասեր՝ Նաիրի, արի տեսնենք՝ ինչ ենք անում: Իրենք ներքին պայմանավորվածություններ ունեն, ու սա խելոք կատարում է, ինքը կատարածու է: Դրա համար ասում եմ՝ էս բոլորը մի դեմք ունեն, բոլորը դեմագոգ են, պատրաստ են իրենց հաջողության համար պատռել ժողովրդին, զավթել են իշխանությունն ու անում են էն, ինչ տեսնում ենք այսօր: Ինչ վերաբերում է մտավորականներին, ապա ազգի մեջ մտավորականությունը շատ ավելի բարձր է, քան իշխանավորները, բայց, հասկացե՛ք, վախեցած են:

60%-ը փախավ 1990-ականներից հետո, ազգին գլխատեցին, որովհետև մտավորականությունն ազգի ամենափխրուն մասն է: Ինձ մեկ-մեկ թվում է, որ սա գիտակցաբար են անում, ունեն ծրագիր, որը բռնած գնում են, բայց ի՞նչ նպատակով՝ չեմ կարող հասկանալ: Այսքան վատություն որ ազգի հանդեպ արվեց՝ սկսած առաջին նախագահից, վերջացրած վերջինով՝ պատկերացնելու բան չի: Կողոպտվեցին հազարավոր հիմնարկ-ձեռնարկություններ, հարյուրավոր գործարաններ լոմի տեղ վաճառվեցին Պարսկաստանին, ի՞նչ հոգևորի մասին է խոսքը: Ազգի մեջ կան հրաշալի մարդիկ, ովքեր երկիրը շատ լավ կղեկավարեն, բայց խելոք մարդիկ միշտ համեստ են լինում, պետք է նրանց գտնել:

Նրանք չեն կարող վեր կենալ-ասել՝ ես եմ, լպիրշներն են այդպես անում: Ժողովուրդը պիտի այնքան խելոք լինի, որ իր միջից գտնի, բերի, ղեկավար դարձնի: Կոպիտ համեմատություն է, բայց կենդանիները ոհմակի միջից ընտրում են ամենաուժեղին, ամենախելոքին: Բնությունն ինքը թելադրում է, բայց մարդիկ չեն կարողանում: Մտեք Ակադեմիա՝ ամեն երրորդին կարող եք որպես ղեկավար ընտրել, թող տնտեսագետ, իրավաբան լինի, բայց ազգը սիրող, հոգևոր արժեքներ ունեցող լինի: Անաստված մարդը ո՞նց կարող է ղեկավար լինել:

– Իրենք անաստված չեն, մինչև անգամ եկեղեցաշինության մոլուցք ունեն:

– Եկեղեցի կառուցելը ոչ թե խոսում է հոգևորի, այլ՝ վախի մասին: Երկրորդն էլ՝ «պադխալիմություն» է, կաշառում են Աստծուն: Ուզո՞ւմ եք` միլիոն հատ եկեղեցի կառուցեք, եկեղեցին կամ կրոնն Աստծո հետ կապ չունեն: Իրենց ենթագիտակցության մեջ վախն է: Աստծուն ընկալում են` որպես մի մարդ, որը քաջատեղյակ է իրենց բիզնեսներից ու կարող է խլել ունեցվածքը: Եկեղեցի են կառուցում, թե՝ տե՛ս, ես ինչ արեցի քո համար՝ չհասկանալով, որ եկեղեցին ընդամենը տուֆից կառուցած շենք է:

– Դիտե՞լ եք այն հայտնի տեսանյութը, որը բնորոշում էր մեր երկրում ապրող տարեցներին՝ քաղցած, արժանապատվությունը կորցրած:

– Էս մարդիկ չեն հասկանում՝ ինչ են անում. ժողովուրդն է տվել ձեզ այդ իշխանությունը, ա՛յ միամիտներ: Դուք Քաջ Նազարի կարգավիճակում եք, հասցնելու եք այն աստիճանի, մինչև Ուստիանը ջղայնանա, խփի գլխներիդ, ու էս պատմությունն ավարտվի: Դաս չեն քաղում պատմությունից, ի վերջո, Հիտլերն ինքնասպան եղավ, Հուլիոս Կեսարին սպանեցին, չէ՞…

Սրանք օրինակներ են, որ՝ վայ, եթե ժողովուրդը ջղայնացավ: Ժողովուրդը ոտքի կանգնեց, բայց լիդերները պաշտոն, փող վերցրին, ժողովրդին դավաճանեցին: Հավաքեցին, հույս տվեցին, իբրև պայքարում են, բայց այդ ամենը փողով վաճառեցին: Ժողովուրդը չգիտի՝ ում հավատալ: Ես, օրինակ, լիդեր չեմ, եթե վաղը ասեն՝ արի Հանրապետության նախագահ դարձի՝ չեմ գնա, ես չեմ ուզում այդ կյանքով ապրել, ես կյանքի իմաստն ուրիշ բանի մեջ եմ տեսնում:

Բայց կան մարդիկ, ովքեր կարող են ղեկավարել՝ խղճով, խելոքգ Հավատացնում եմ ձեզ, ժողովուրդը ջղայնանալու է, ու սրանք չեն գիտակցում դա: Էս պայթյունավտանգ իրավիճակում արյուն է թափվելու: Ժողովրդի մեծ մասը փախնում է, բայց դա էլ իրենց չի հետաքրքրում, որովհետև իրենք իրենց սրճարանները, բարդակներն են կառուցում ու վայելում են, սպասարկող անձնակազմ միշտ էլ կգտնվի:

– Իսկապե՞ս համարում եք, որ հասարակական ըմբոստության ալիք է բարձրանում, որը հետագայում կարող է արյունահեղության ելք ունենալ:

– Անկասկած, որովհետև մարդիկ հուսալքված են, թողնում են ընտանիքն ու հայրենիքը: Մարդկանց մեջ հիմա մեկ վախ կա՝ մեռնեմ՝ երեխեքիս ո՞վ տիրություն կանի: Գիտակցում են, որ իրենք սպանելու պատրաստ են, մենք դա տեսել ենք:

Մարտի 1-ի ողբերգական օրինակը կա: Հենց իրենց վտանգ սպառնա՝ կսպանեն, կկրակեն ու կոչնչացնեն վայրկենական: Ժողովուրդը վախենում է, խելոք մարդը միշտ վախկոտ է, որովհետև երազանքներ, առաքելություն ունի: Ազգի 90%-ը հոգեկան հիվանդ է, չեն գիտակցում, բայց նայում ես՝ փողոցում քայլելիս ինքն իր հետ խոսելով գնում է, թևերը թափ տալով գոռգոռում, վիճում է, ու շատ են էդպիսի մարդիկ՝ խեղճուկրակ, մեղք, որոնք պատասխանը չեն գտնում:

Մեղավոր են իշխանավորները: Ի վերջո, սա այն ժողովուրդն է, որը ծնել է իրենց մայրերին, որոնք էլ ծնել են իրենց: Այս մարդիկ չեն գիտակցում, որ ագահությունը կուրացրել է իրենց: Շատերը չեն դիմանում փառքին: Մարդուն զտելու երկու բան կա՝ աղքատությունն ու հարստությունը: Իմաստուն մարդը աղքատության, հարստության, շոգի, ցրտի պայմաններում նույնն է, որովհետև էությունը շատ ավելի բարձր է, քան նյութականը: Սրանք էդ մարդիկ չեն: Չինացիք լավ ասացվածք ունեն՝ «Լավ թագավորի ժամանակ անձրևն էլ է ժամանակին գալիս»:

– Որպես ՀՀ քաղաքացի` ինչպե՞ս եք զգում Ձեզ մեր երկրում:

– Շատ վատ ու ճնշված, բայց միևնույն ժամանակ՝ սա իմ հողն ու ջուրն է, ես սիրում եմ այս ամենը: Սրանք տրորում են ոչ միայն ինձ, այլև դարավոր Հայաստանը, հայ հասկացողությունը: Սրանք Հայ Առաքելական եկեղեցում բերում՝ մարդ են դնում, որն իրենց նման մարդ է, իսկ ժողովուրդը հավատքի միջի ժողովուրդ է: Մտնում են եկեղեցի ու չեն ստանում` ինչ ակնկալում են: Եթե կաթողիկոսը Բենթլիով է ման գալիս, իր ու ժողովրդի միջև պատ, սահման է դնում, ապա ինքը նրանցից է: Ես ոչ մի պաշտոնյայի մոտ անարգել չեմ կարող մտնել:

Չի լինի այնպես, որ չհարցնեն՝ ինչի՞ համար: Է, քո ի՞նչ գործն է, գործ ունեմ, ես եմ ընտրել, ես եմ նշանակելգ Հո չե՞մ մտնում գյալաջի անելու, էդ մարդն ինձ պետք չէ: Նույնը եկեղեցում է. հավատացյալ եմ, ուզում եմ գալ, ձեռքդ համբուրել, չէ՞գ էլիտա է, բուրգ է, ու միշտ վերևինը ճնշելու է ներքևինին:

Եկեղեցու ղեկավարման ձևը նույն իշխանության կառավարման ձևն է: Ում կուզի՝ կնշանակի, կհանի, կուզի՝ եղբորը կնշանակի: Մարդն այսօր Հայաստանից փախնում է մեկ պատճառով՝ անձնական անվտանգությունն է ապահովում: Մնացողների բոլոր իրավունքները խլել են, ոչ մի իրավունք չունեն, միայն պարտականություն ունեն՝ ձենդ կտրի, մի խոսի, մեզ հանկարծ չքննադատես:

Բռնապետական, ոստիկանական երկիր է դարձել: Տեսեք՝ խաղաղ ցույցերին ինչ զինված, պատրաստված ուժեր են դիմավորում: Այդ զորքերն արտաքին թշնամու համար չեն՝ հատուկ ժողովրդի համար են պատրաստված:

Տեսանյութեր

Լրահոս